Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԲԵԼՈՒ ՕՐԵՐ

Մայիս 23,2014 10:44

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ հիսունչորսերորդ

ԽԱԲԵԼՈՒ ՕՐԵՐ

Եվ դուք էլ իմ ասելուց հետո պիտի մտածեք ու հասկանաք, որ ինքներդ էլ եք օրվա մեջ մի քանի անգամ ստույգ մահերից փրկվում, ընդ որում՝ վերստին մեր համընդհանուր Աստծո շնորհիվ, եւ եթե իմ էս ասածին հավատանք՝ ինչպես որ ես եմ Էլեոնորա Մնացականաովնայի ասածին հավատում, անմիջապես կփոխվեք, ավելի ճիշտ՝ կյանքի, Աստծո ու ամեն ինչի մասին ձեր պատկերացումները կփոխվեն, եւ իմ էս ասածը ոչ մի կապ չունի հանրապետականների «Հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսի հետ. իրենք ասում են՝ «հավատանք, որ փոխենք», իսկ ես, ահա, ասում եմ՝ «հավատանք, որ փոխվենք», եւ չնայած էս երկուսն արտաքինից ընդամենը մի տառով են իրարից տարբերվում, իրականում արմատապես ու էապես են իրարից տարբեր, եւ հիմա, երբ ես ասում եմ՝ «հավատանք», հենց Աստծո շնորհիվ մեր գոյապահպանությունը նկատի ունեմ. այսինքն, մենք ոչ միայն Աստծո գոյությանը պիտի հավատանք, ոչ միայն պիտի հավատանք, որ Աստված է էս ամենն ու անձամբ մեզ արարել եւ էս ամենին ու անձամբ մեզ կյանք տվել, այլեւ պիտի հավատանք, որ Աստված է էս ամենն ու անձամբ մեզ պահում ու պահպանում, եւ եթե էս ասածներիս հավատանք, ինքնըստինքյան կփոխվենք, եւ հիմա Էլեոնորա Մնացականովնայի երկու տարի առաջ ասածը հիշելով՝ շարունակում եմ հավատալով փոխվել, ավելի ստույգ՝ փորձում եմ հավատալով փոխվել, ընդ որում՝ լուրջ ճիգեր եմ գործադրում, ընդ որում՝ ոչ թե փոխվելու ուղղությամբ, այլ՝ հավատալու, որովհետեւ էս ընթացքում պարզեցի ու հստակորեն հասկացա, որ հավատալն անհամեմահ դժվար է, քան՝ փոխվելը, որովհետեւ հավատքը էություն ու էական գործողություն է, իսկ փոխվելը՝ ընդամենը հետեւանք, եւ եթե հավատում ես, փոխվելդ ինքնըստինքյան է ստացվում ու տեղի ունենում, եւ եթե հավատում ես, ավելի ճիշտ՝ եթե փորձում ես հավատալ, փոխվելուդ մասին առանձնապես չես էլ մտածում, այլ հիմնականում հավատքիդ մասին ես մտածում, որովհետեւ երբ փորձում ես հավատալ, նոր ես միայն հասկանում, որ հավատալու համար ցանկությունն ու ցանկանալն ամենեւին էլ բավարար պայմաններ չեն, եւ որպեսզի հավատաս, որ Աստված է քեզ էս երկրի երեսին պահում ու տիրություն անում, նախ եւ առաջ պիտի Աստծո գոյությանն ու արարչագործությանը հավատաս, եւ եթե նախկինում քեզ թվացել է թե՝ Աստծո գոյությունն ու արարչագործությանը հավատացել ես, հիմա արդեն սկսում ես քո իսկ հավատքն ու հավատալը կասկածի տակ դնել, որովհետեւ լրջանալուդ դեպքում արդեն սկսում ես մտածել ու հասկանալ, որ հավատքն ու հավատալը ոչ միայն ցանկություններ ու հոգեվիճակներ են, այլ նախ եւ առաջ՝ պարտականությունների ու պարտավորությունների մի շարունակական ու անվերջանալի բազմություն, եւ էդ բազմության մեջ առաջինն ու կարեւորագույնը պատվիրանների կատարումն է, որովհետեւ հավատալու պրոցեսը, ուզես թե չուզես, պիտի խոստովանությունից սկսես, այսինքն՝ ապաշխարանքից ու ինքնամաքրումից, եւ ապաշխարանքից ու ինքնամաքրումից սկսելու համար պիտի օրվա մեջ առնվազն մի քանի րոպե էս բաների մասին մտածես, եւ օրվա մեջ էս բաների մասին մտածելով՝ վերստին հասկանում եմ, որ պատվիրանների հստակ կատարումը նույնիսկ իմ տարիքի մարդու համար է դժվար, եւ Աստծո ամեն օր էդ դժվարությունը զգալով ու հասկանալով՝ վերստին սկսել եմ Աստծո ամեն օր եկեղեցի գնալ, եւ Աստծո ամեն օր եկեղեցի գնալով՝ Աստծո ամեն օր ինքզինքս պատվիրանազանցության մեջ եմ բռնացնում, եւ, պատվիրանազանցությունից բացի, այլ զանցանքներ էլ եմ թույլ տալիս. էնպիսի զանցանքներ ու սխալներ, որոնք պատվիրանների մեջ նշված ու զետեղված չլինելով՝ ուզածդ անձնավորության բարոյական նկարագիրը կարող են աղտոտել, եւ չնայած էս զանցանքներս սովորական աչքի համար առանձնապես նկատելի չեն, իմ աչքին հատկապես ու առանձնապես են նկատելի, եւ դա էլ է միանգամայն հասկանալի, որովհետեւ էն անձնավորությունը՝ ով հաստատակամորեն որոշել է հետեւողականորեն ու ըստ ամենայնի կատարել մեր քրիստոնեական պատվիրանները, սկսում է իր իսկ անձի եւ իր իսկ արարքների հանդեպ խստապահանջություն հանդես բերել, եւ իր իսկ անձի ու իր իսկ արարքների հանդեպ խստապահանջություն հանդես բերելով՝ առանձնապես չի հաջողացնում փոխել իրեն ու իր վարքը, եւ հատկապես իմ դեպքում ու հատկապես էս պահին է էս ասածս զգալի ու նկատելի, որովհետեւ էս պահին Հայաստանում վերստին ընտրություններ են, եւ վերստին մեր օդն ու հեռուստաեթերը բերնեբերան լցված են ստով ու կեղծիքով, եւ ստողներն ու կեղծողները հիմնականում ընտրվողներն ու կուսակցություններն են, բայց տարօրինակն էն է, որ ձեր խոնարհ ծառան կուսակցական ու ընտրվող չլինելով՝ ստեր փչելու տեսակետից ամենեւին հետ չի մնում ընտրվողներից ու կուսակցականներից, եւ եթե կուսակցականներն ու ընտրվողներն իրենց անձնական շահից մղվելով են հազար տեսակ ստեր փչում ու մեր միամիտ ժողովրդին խաբում , ձեր խոնարհ ծառան միանգամայն անշահախնդիր է ստեր փչում, ու որ մեր միամիտ ժողովրդին չեմ խաբում, էդ նրանից է, որ իմ շուրջօրյա փչոցները հեռուստացույցով ցույց չեն տալիս, մինչդեռ ընտրվողներինն ու կուսակցականներինն առավոտից իրիկուն եթերում են, չնայած դեռեւս մարտի երեսունմեկն է, եւ օրինական ընտրապայքարն ու քարոզչությունն ապրիլի ութից է սկսվելու. այսինքն, ի տարբերություն նախորդ անգամների, էս անգամ ոչ միայն իշխող կուսակցությունն է ընտրական օրենսգիրքը խախտում, այլեւ՝ բոլորը, ու եթե հիմիկվանից ստերի տոպրակները բացել եւ էսպիսի աղմուկ են բարձրացրել, պատկերացրեք՝ ապրիլի ութից հետո ինչեր են անելու, եւ քանի որ այսօր արդեն մարտի երեսունմեկն է, եւ քանի որ արդեն հանձն եմ առել ապրիլի մեկից սկսել «Առավոտի» ամենօրյա հումորները, եւ քանի որ վաղը հայոց աշխարհում խաբելու օր է համարվում, ընտրությունների հետ կապված էս բազմազան ու բազմակողմանի ստերի մասին մտածելով՝ բստրեցի վերջին էջի առաջին կատակը.
«Այսօր ապրիլի մեկն է. միակ օրը, երբ մենք իրար չենք խաբում»:

ՎԵՐՋ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳՐՔԻ

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031