Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Օգոստոս 01,2014 10:22

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ տասներորդ

ԼԱՎԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Շատ դեպքերում երկրորդական թվացողներն էս կյանքում ավելի էական դերակատարություն ունեն, քան նույնիսկ՝ գլխավոր թվացողները, եւ Ջոնի ճանաչած եւ իմ ու ձեր կողմից նոր-նոր ճանաչվող էս երկրորդական թվացող Սամվել Դանիելյանն էլ է, փաստորեն, շատ լուրջ ու էական նշանակություն ստանում՝ նախ Մանուկյան Ջոնի տեղեկացվածության, ապաեւ՝ իմ էս վերլուծության շնորհիվ, որովհետեւ եթե Ջոնը չլիներ, ես երբեւէ չէի իմանա, որ Սամվել Դանիելյան անունով ու ազգանունով մեկն իր հուշագրության մեջ փաստի առաջ կանգնեցնելով Կարեն Սերոբիչի չուզողներին ու հակառակորդներին՝ բացահայտել է, որ Սերոբիչը Քոչինյանի գահընկեց լինելուց հետո լավ էլ հարգանք է հանդես բերել վերջինիս հանդեպ, եւ եթե Քոչինյանն իր փափագած պաշտոնը չի ստացել, դա ոչ թե Կարեն Սերոբիչի կամքով ու մեղքով է եղել, այլ՝ ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար ու քաղբյուրոյի անդամ Սուսլովի կամքով ու մեղքով, եւ եթե դույն Սամվել Դանիելյանն իր հուշագրության մեջ էդ մասին չտեղեկացներ, էդ մասին շատերս չէինք էլ իմանա, բայց հիմա նաեւ մտածում եմ, որ իրականությունն ու ճշմարտությունը բացահայտելու ու ի դերեւ հանելու համար ոչ միայն ազնիվ ու ճշմարտախոս հուշագիրների գոյությունն ու գործունեությունն է ցանկալի, այլեւ՝ էդ հուշագրություններն ընթերցողների գոյությունն ու գործունեությունը, որովհետեւ եթե Մանուկյան Ջոնն իր ճանաչած ու մեր չճանաչած Սամվել Դանիելյանի էդ հուշադրությունը կարդացած չլիներ, ձեր խոնարհ ծառան չէր տեղեկանա, որ Անտոն Երվանդի Քոչինյանի գահընկեցությունից հետո վերջինիս ոչ թե Կարեն Սերոբիչն է մերժել, այլ՝ քաղբյուրոյի կարկառուն անդամ Սուսլովը, եւ չնայած շատերս գիտեինք, որ Սուսլովը միշտ էլ հայերին ու հայոց հարցերին շատ վատ է վերաբերվել, այդուհանդերձ, քչերին է հայտնի, որ քաղբյուրոյի էդ հայատյաց անդամն անձամբ Քոչինյանին էլ է վատ վերաբերվել ու շոշափելի էդ վատությունն արել, եւ եթե Մանուկյան Ջոնն իր ճանաչած ու մեր չճանաչած Սամվել Դանիելյանի էդ հուշերի գիրքը կարդացած չլիներ եւ Դեմիրճյանին ու Քոչինյանին վերաբերող էդ կարեւոր մանրամասներն ինձ չհայտներ, ես էլ չէի իմանա ու ձեզ չէի հայտնի, ու դուք էլ չէիք իմանա, որ ժամանակին Անտոն Երվանդի Քոչինյանին ոչ թե Կարեն Սերոբի Դեմիրճյանն է մերժել, այլ՝ ԽՍՀՄ կոմկուսի քարտուղար եւ քաղբյուրոյի հայատյաց անդամ Սուսլովը, եւ հուշերի գիրք գրելու հիմնական իմաստն էլ հենց էն է, որ մարդկանց հայտնես էն ամենը՝ ինչը որ դու գիտես, բայց ուրիշները չգիտեն, ընդ որում՝ միանգամայն հարգելի պատճառով չգիտեն, եւ իմ էս ոչ մի կերպ չավարտվող վեպի նպատակն էլ է նույնը, ու ես արդեն համարյա տասը տարի է՝ էդ գործով եմ զբաղված, ընդ որում՝ ժամանակակիցներիս մասին հիմնականում լավն եմ գրում, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ իմ շրջապատում ու ժամանակակիցներիս մեջ վատ կամ բացասական մարդիկ չեն եղել. ընդհակառակը. շատ ու շատ են եղել՝ ինձնից սկսած եւ ուրիշներով վերջացրած, եւ եթե ես իմ որոշ ու որոշակի բացասական գծերն ու արարքները վարպետորեն, հմտորեն ու տեւականորեն թաքցրել ու թաքցնում եմ ընթերցողներիցս, հենց էդ պատճառով էլ այլոց մեղքերին անդրադառնալու իրավունք ինձ չեմ տվել, եւ այսուհետ էլ էդ իրավունքն ինձ չեմ տալու, մանավանդ որ՝ տարիքիս հետ հիշողությունս նկատելիորեն խամրում է, եւ հատկապես ժամանակակիցներիս հետ կապված վատ հիշողություններս են խամրում ու հօդս ցնդում, եւ եթե իրենցից որեւէ բան հիշում եմ, հատկապես ու բացառապես լավ արարքներն ու բարի գործերն եմ հիշում, ինչպես նաեւ՝ բարի ու գեղեցիկ խոսքերը, որոնք իրենցից ժամանակ առ ժամանակ լսել եմ, եւ հիմնականում էդ է պատճառը, որ էս երկարաշունչ ու բազմաբովանդակ հուշագրությանս մեջ բացասական մարդիկ չկան, եւ եթե էդ մարդկանցից որոշներն այլոց մտապատկերում եւ ուրիշների հիշողության մեջ բացասական հետքեր ու բացասական նստվածքներ են թողել, էդ արդեն էդ ուրիշների ու այլոց պրոբլեմն է, որովհետեւ եթե մարդկանց մասին հիմնականում վատն ու բացասականն ես հիշում, էդ նշանակում է, որ հիմնականում ինքդ էլ ես բացասական, եւ էս ասածս իմ էս երերուն օրերի ու երերուն պահերի հաստատուն կարծիքս է, եւ էս կարծիքս իմ մեջ գնալով ավելի ու ավելի է ամրապնդվում ու արմատավորվում, որովհետեւ մարդիկ գիտեմ, որոնք իրենց ժամանակակիցների մասին հիշելով ու խոսելով՝ էդ մարդկանց մասին բացառապես վատ բաներ են հիշում ու խոսում, եւ մինչեւ անգամ հանգուցյալների ու լուսահոգիների մասին են վատը հիշում, խոսում եւ երբեմն նաեւ գրում, եւ ազգի ու ազգայինների անունից հանդես գալով՝ նույնիսկ մեր ամենաավանդական ու ամենաընդունված ավանդույթն են ոտնահարում՝ «գնա մեռի՝ արի սիրեմ»-ը, ինչպես նաեւ՝ «մեռածների մասին կամ լավ, կամ՝ ոչինչ»-ը, բայց, բարեբախտաբար, մեր էս կարգի ռեալիստ ազգայինները սովորաբար հուշեր չեն գրում, մինչդեռ մեր հուշագիրները սովորաբար լավ կամ իրենց կողմից լավ համարվող մարդկանց մասին են հուշեր գրում, իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես բացառապես լավ մարդկանց մասին եմ գրում, ավելի ճիշտ՝ մարդկանց լավ արարքների ու գործերի մասին, եւ նմանապես էդ մարդկանց բարի ու գեղեցիկ խոսքերն եմ հիշելով գրի առնում, որովհետեւ լավ արարքներ ու բարի գործեր կարող են անել ոչ միայն լավ մարդիկ, այլեւ՝ վատերն էլ, եւ եթե վատ համարում ունեցող մեկի մասին ես գրում, հնարավորություն ու իրավունք ունես էդ մեկի լավ արարքներն ու բարի գործերն էլ հիշելով գրի առնել, եւ, փաստորեն, քեզանից է կախված՝ ինչպես կհիշվեն էդ մարդիկ, եւ շատ հնարավոր է՝ որեւէ հիշողի պատճառով լավ մարդը վատ արարքով հիշվի, իսկ վատը, ընդհակառակը, լավով, բայց իմ էս հուշագրության մեջ էդ տարբերակը բացառվում է՝ ոչ միայն էն պատճառով, որ ես բոլորի վերաբերյալ բացառապես լավ հիշողություններն եմ պահում ու պահպանում, այլեւ էն պատճառով, որ ինձ համար ընդհանրապես լավ ու վատ մարդիկ չկան, ավելի ճիշտ՝ ինձ համար բոլոր մարդիկ գրեթե միանշանակ ու գրեթե հավասարապես լավն են, եւ եթե մեջները վատերն էլ են պատահում, էդ արդեն էդ վատերի խնդիրն է, եւ եթե էդ վատերն իրենց վատն են համարում, էդ էլ է իրենց խնդիրը, այլ ոչ թե՝ իմը, բայց եթե էդ վատերն անկեղծորեն ու ազնվորեն են իրենց վատ մարդ համարում, էդ արդեն նշանակում է, որ իսկապես վատ մարդ չեն:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Մարդու հետմահու կյանքը հենց նրա մասին հիշողությունն է՝ինչպես հիշենք,այնպես էլ նրանք կշարունակեն ապրել:Ասել է թե նա դրախտում կլինի թե դժոխքում,կախվախ է նրան հիշողներից:Ձեր շնորհիվ Մարդկանց մեծ մասը ապրում է դրախտում:Շարունակեք այդ ոգով…

  2. Ceyran says:

    Վրիպակի համար ներեք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031