Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը վստահաբար կապ չունի հայտնի սադրիչների գործողությունների հետ

Մարտ 11,2015 13:21

Հարցազրույց ԲՀԿ  նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ

– Տիկին Զոհրաբյան, մամուլում համառորեն շրջանառվում են տեղեկություններ, որ Գագիկ Ծառուկյանը հանրապետության ողջ տարածքային կառույցներից հետ է ուզում իր գույքը։ Տարածքային որոշ կառույցներ էլ հաստատել են, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հետ են ուզել գույքը։

– Մեկ բան ես վստահաբար կարող եմ ասել՝ Գագիկ Ծառուկյանը չէր կարող նման հանձնարարական տալ եւ դա աբսուրդ է։ Սակայն կուսակցության ներսում կա հայտնի մի «կենդանի», ով իր առջեւ խնդիր է դրել ամեն ինչ անել՝ կուսակցությունը կազմալուծելու համար եւ սույն պերսոնաժը ընդունակ է ամեն ինչի՝ այդ թվում նաեւ Ծառուկյանի անունից հայտարարություններ անելու եւ շարքային կուսակցականներին մոլորության մեջ գցելու։ Ես ցավում եմ, որ մեր որոշ տարածքային կառույցների անդամներ, թերեւս, միամտությունից, կամ տեղեկատվության պակասից, պարբերաբար ընկնում են տվյալ պերսոնաժի ազդեցության տակ ու անում են ոչ ճիշտ քայլեր։ Կրկնում եմ՝ Ծառուկյանը արժանապատվորեն հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից եւ բոլոր մեր կուսակցականներին կոչ եմ անում՝ չհավատել Ծառուկյանի անունից հանդես եկող տարբեր ինքնակոչերի հայտարարություններին, որոնք որեւէ իրավական կարգավիճակ չունեն կուսակցությունում, այլ ցանկացած տեղեկատվություն ճշտել կա՛մ ինձ, կա՛մ Վարդան Վարդարյանի հետ։

– Տիկին Զոհրաբյան, այդուհանդերձ, համառ են տեղեկությունները, որ, օրինակ, Աբրահամ Մանուկյանը տարբեր կառույցների եւ ԲՀԿ պատգամավորների համոզում է դուրս գալ կուսակցությունից։ Եւ մասնավոր զրույցներում այդ մարդիկ չեն հերքում, որ իրենց հետ «աշխատում է» հենց Աբրահամ Մանուկյանը։ Ո՞վ է, ուրեմն, նրան նման լիազորություն տվել։

– Կրկին կոչ եմ անում իմ կուսակից ընկերներին՝ չհավատալ որեւէ սադրանքի, որ արվում եւ վստահաբար դեռ արվելու է մի խմբակի կողմից, ովքեր ինչ-ինչ խնդիրներ են ցանկանում լուծել կուսակցության ներսում, ու որքան չեն հաջողում՝ այնքան ավելի են գազազում։ Եթե իրենք բարոյականության գոնե նվազ նշույլ ունենային՝ ապա պետք է հանգիստ թողնեին Ծառուկյանին, այլ ոչ թե, ինչպես դուք եք ասում, Ծառուկյանի անունից տարբեր հայտարարություններ եւ կոչեր անեին։ Բայց, քանի որ բարոյականությունը հստակ կատեգորիա է՝ այն կամ կա, կամ՝ չկա, ուստի, ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում խոսել անգամ նման մարդկանց մասին։ Մենք հանգիստ աշխատում ենք եւ, կրկնում եմ, որեւէ սադրիչի չի հաջողվելու իրականացնել իր առջեւ դրված ծրագիրը։ Սա միանշանակ է։

-Այսօր մամուլում տեղեկություն կար, որ կուսակցությունից դուրս են գալու նաեւ Մերուժան Սիմոնյանն ու Հրանտ Դավթյանը։ Կա՞ նման բան։

– Ո՛չ Մերուժան Սիմոնյանից, ո՛չ Հրանտ Դավթյանից կուսակցությունը նման որեւէ դիմում չի ստացել։ Բայց, ես էլի եմ կրկնում՝ եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա մնալ կուսակցությունում՝ նրանց բոլորին անկեղծ սրտով եւ հոգով մաղթում ենք հաջողություն։ Գուցե մարդիկ այլ ծրագրեր ու նպատակներ ունեն եւ դա բացառապես իրենց որոշելիքն է։ Կուսակցության քաղաքական թիմը եւ թիմի շուրջ հավաքված մեր բազմաթիվ գործընկերներ ամուր կանգնած են եւ մենք աշխատելու ենք պահել կուսակցության անունն ու արժանապատվությունը։ Դա նաեւ Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն է, որ իր ստեղծած կուսակցությունը մնա ու լուրջ դերակատարություն ունենա քաղաքական դաշտում։ Իսկ եթե որոշ պերսոնաժներ դա չեն հասկանում եւ իրենց խիստ նեղ անձնական շահերի համար ուզում են ապականել ամեն ինչ՝ Աստված իրենց հետ։ Ի վերջո, ամեն մեկը իր խղճի առաջ պատասխան է տալու։ Որեւէ մեկը այդ պատասխանատվությունից չի խուսափելու։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031