Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ականատեսի՝ Հարություն Կարապետյանի վկայությունները

Ապրիլ 25,2015 14:30

ԵՊՀ դասախոս Ֆելիքս Կարապետյանը գրի է առել եւ Ցեղասպանության թանգարանին է ներկայացրել հոր հիշողությունները:
Ներկայացնում ենք «Օղակ» հատվածը:

…Հաջորդ առավոտ շրջակայքի քուրդերը, արաբները, ըստ սովորության, մեզ հետեւելով, հաց, ցորեն, կորեկ էին բերել փոխանակման: Չեչենները գիշերով մեզ լավ շրջապատել էին, արգելում էին մեզ մթերք բերողներին մոտենալ եւ արգելում էին նրանց մոտ գնալ: Գտնվում էինք խիստ պաշարված ու չեզոքացված դրության մեջ: Միաժամանակ մեզ հետ վերաբերվում էին շատ մարդավարի եւ քաղցր լեզվով, որպես մեզ մեղքացողների, նման՝ արեւը թաքցնող ամպի: Անհասկանալի էր կատարվածը: Ի՞նչ էր կատարվածը եւ ի՞նչ էր կատարվելու վաղը:

Մերթ հոռետեսության, մերթ լավատեսության ալիքները ողողում էին բոլորի սրտերը, որոնք նման էին հանգստությունը կորցրած ալեկոծված ծովի: Այս առեղծվածային դրության մեջ երեք օր հանգիստ մնացինք մեր տեղերում: Շատերի մոտ պաշարը երկրորդ օրից սպառվել էր, ունեցողների մոտ էլ մեկ-երկու օրվա պաշարից ավելի չկար, սովը սկսել էր: Խելոք մարդիկ գնացին հայտնեցին պահակապետին, որ մարդիկ ուտելու ոչինչ չունեն, սոված են: Պահակապետը, որը սպասում էր այս լուրին, ժպտալով հայտնում է, որ առավոտ շուտ ամեն ինչ կլինի մեզ բոլորիս համար` ալյուր, բրինձ, շաքար, խուրմա, քայլեք անհոգ, դիմացեք եւ մի անհանգստացեք, ես բոլորիդ մասին մտածում եմ, սպասում եմ կառքերին, առավոտ ամենքդ էլ կարող եք ստանալ խուրմա, շաքար, բրինձ, ալյուր, Մուհամեդը վկա, հավատացեք:

Այս լուրը կայծակի արագությամբ հասավ բոլորին: Ոմանք չէին հավատում, ոմանք էլ պնդում էին, որ սուտ չի կարող լինել: Նորից լավատեսության եւ հոռետեսության ամպերը եկան ծածկելու բոլորին:

Օրը գնացել՝ գիշերվա մութը հավասարեցրել էր բոլորին, առավոտը հեռու չէր: Մարդիկ այս գիշեր մոռացան սովածությունը՝ խուրմայի, բրնձի, ալյուրի երեւակայությամբ: Շատերը երազի մեջ ստացան, շոշափեցին, դրին տոպրակների մեջ, պատրաստվում էին համտեսի, երբ դրսում մի իրարանցում խանգարեց ու զարթնեցրեց բոլորին, երբ դեռ լույսը չէր բացվել: Բոլորը զարթնեցին իրարանցումից, որը ուրախ լուրի հեծեծանքն էր, երկու մեծ կառք, երեք ձիով լծված ամեն մեկը, լիքը պարկերով բարձած եկել հասել ու հասցրել էին պետի ասած մթերքները, կառքի մեկը դատարկված էր, մյուսը շուտով կդատարկվեր: Պետը շտապեցնում էր.
-Շուտ դատարկեք, կառքերը իսկույն պետք է հետ գնան ու նորից բերեն, մարդիկ ուտելիք չունեն, մեղք են:
Այս բոլորը իրականություն էր, մարդիկ աչքով տեսել ու ականջով լսել էին: Պարկերը դատարկվում էին կառքերից, պետի վրանի մոտ առանձին մի վրանի մեջ: Երազը դարձավ իրականություն, կորան հոռետեսության ամպերը, բոլորի քունն էլ փախել էր, սպասում էին լուսանալուն, բայց արեւը չէր շտապում դուրս գալ, ինչ լավ կլիներ այս առավոտը մի քիչ շուտ լուսանար սովորականից:

Այլեւս ոչ մի կասկած չկար՝ չհավատալու պետի խոսքերին, տարակուսելու նրա հոգատարությանն ու մարդասիրությանը: «Մեղք են մարդիկ, ուտելիք չունեն»,- միշտ ասում էր նա…

-Ինչից ուզեք կտան, օխան մեկ կարմիր ոսկի արժե, մեկ օխայից ավելի չեն տա, որպես թե փողի համար չեն տալիս,-ասաց ու հեռացավ:

Մեկ օխան մեկ ոսկիով տալու լուրը իսկույն հասավ բոլորին՝ շատերին հուսախաբ անելով: Հերթի կանգնողների մի մասը դուրս եկան՝ իրենց մոտ ոսկի չունենալու պատճառով: Արծաթ դրամ չէին վերցնում: Մարդկանց վրա կարգին հագուստ չէր մնացել, բոլորի հագուստներն արտաքնապես ցնցոտիի տպավորություն էին թողնում, թեեւ այդ ցնցոտիների միջից ոսկի էր, որ դուրս էր գալիս: Մարդիկ ամեն ինչից հրաժարվել, թողել էին ճանապարհին, միայն ոսկիները թաքցնելով` ունեցողները, իսկ ոսկի չունեցողները թաքցնելու բան չունեին: Բացի չոր հոգուց, սեւացած ու կոշտացած մարմնից: Կառքերից վրանի մեջ դարսված պարկերը դատարկվեց, ոչ մի գրամ չմնաց: Բոլորը վերածված էր ոսկու: Պետը նորից ժպիտը դեմքին հայտարարում էր.
-Շուտով կառքերը կգան եւ մթերքը կհասցնեն: Ամեն օր մթերք է գալու:

Ովքեր, որ մթերք գնել էին, այս լուրը իմանալով, բաժին էին հանում չունեցողներին. ոմանք էլ մի տեսակը փոխանակում էին մյուսով: Այսպիսով, այդ օրը բոլորի երազների իրականացման ուրախության մի օր եղավ: Սովի ուրվականն անհետացավ: Ոսկի չունեցողներին բոլորն էլ բաժին էին հանում: Ծերունիները աղոթում եւ իրենց երախտապարտությունը եւ գոհունակությունն էին հայտնում Քրիստոսին եւ Աստծուն, որ լսել էր իրենց աղոթքները, գթացել եւ փրկել էր սովից: Մոտ երկու շաբաթ շարունակվեց այս առեւտուրը: Ամեն գիշեր երկու կառքերը պարկերը լեռան պես բարձած բերում էին նույն մթերքներից, որոնք հաջորդ օրը մի կույտ ոսկու էր վերածվում: Առաջին օրը մեկ օխայից ավել թեեւ չտվեցին, բայց հաջորդ օրերին սկսեցին տալ անսահմանափակ:
Երկու շաբաթից հետո առեւտուրը կանգ առավ, թեեւ այլեւս ոսկի մնացած չլինելու եւ մարդկանց մոտ մի քանի օրվա պաշար ավելացած լինելու պատճառով: Այսպիսով, թեեւ մարդիկ զրկվեցին իրենց վերջին հույսից, սակայն գոհ էին սովից փրկվելուց ու կուշտ ուտելուց: Չեչենների պետն ավելի գոհ էր ոսկիներից: Չեչենների պետը, երբ համոզվեց, որ այլեւս ոսկեդրամ չի մնացել եւ մթերքը չի վաճառվում, մութը չընկած՝ իրիկվա դեմ հրաման տվեց բոլոր տղամարդկանց՝ առանձնանալու, դուրս գալով իրենց տեղերից՝ աշխատանքի գնալու համար: Այս հրամանի հետ երեւացին մի մեծ խումբ զինված չեչեն ձիավորներ, որոնք հատուկ եկել էին տղամարդկանց աշխատանքի տանելու:

Հրամանը տրվելու հետ չեչենները ձիերով մտան վրանների մեջ՝ արագացնելու տղամարդկանց դուրսբերումը: Տղամարդկանց դուրս հանելով՝ քիչ հեռու կենտրոնացնում էին ձիավոր չեչենների օղակի մեջ: Հինգ-տասը րոպեից ոչ մի տղամարդ չէր երեւում այլեւս վրանների մեջ: Այս անակնկալ բաժանումը մեծ վիշտ ու մտահոգություն առաջացրեց բոլորի սրտերին: Ինչո՞ւ էին գիշերով տանում աշխատանքի: Ինչո՞ւ էին երեխաներին ու կանանց թողնում մենակ: Ինչո՞ւ զառամյալ եւ հիվանդ տղամարդկանց անգամ տանում էին, որոնք աշխատելու անկարող էին: Վատ մտքերը, կասկածները սեւ կուպրի նման պատեց բոլորին: Տղամարդիկ պաշտպանվելու ոչ մի միջոց եւ դիմադրելու ուժ չունեին՝ ֆիզիկապես եւ հոգեպես անկարող վիճակում գտնվելով: Ահն ու սարսափը պատել էր բոլորին՝ թե տղամարդկանց եւ թե մնացող կանանց ու երեխաներին: Անկարողությունը եւ ինքնավստահության հավատքի կորուստը մարդու մեջ առաջացնում է վախ, անկարողություն, որպիսին ամենավտանգավոր կործանիչ երեւույթն է բնության բոլոր արարածների համար: Դյուցազնի եւ առյուծի մահն է սա:
Չեչենները վերջացրած լինելով տղամարդկանց առանձնացնելու աշխատանքը, ամբոխը իսկույն շարժեցին առաջ:

Տղամարդկանց հետ գնացին թե նոր եկած եւ թե մեզ մոտ գտնվող բոլոր չեչենները՝ իրենց ձիերով եւ հրացաններով, մեզ մոտ թողնելով միայն մի քանի հոգու որպես հսկիչ:
Տղամարդկանց բաժանման ժամանակ ինձ նման մի քանի հոգի թաքնվել ու մնացել էին, որոնց մեջ կար թվաբանության ուսուցիչս՝ Հարություն Աթանասյան Էֆենդին, որը իմանալով, որ ես իր աշակերտն եմ, չեմ գնացել հորս հետ, լուր է ուղարկում, որ գնամ եւ միասին փախչենք մի քանի այլ մնացողներով, քանի չի լուսացել, համոզված լինելով, որ առավոտյան կհայտնաբերեն ու կսպանեն բոլոր մնացողներին: Հավատում էի ուսուցչիս կարողության եւ հաշիվների ճշտությանը, լուրը ստանալով՝ իսկույն ուզեցի գնալ, մայրս էլ դեմ չեղավ:

-Ի՞նչ անեմ տղաս, գնա,-ասելով:

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930