Գլոբալիզացիայի աստիճանական խորացման և արևմտյան արժեքների ընդլայնման պայմաններում երիտասարդության մշակութային ինքնության պահպանումը դարձել է ժամանակակից հասարակության աշխարհաքաղաքական և գեոմշակութային ամենակարևոր մարտահրավերներից մեկը։
Անհրաժեշտ է նշել, որ այսօրվա քաղաքագիտական գրականության մեջ «ազդեցություն» և «մշակութային ներխուժում» հիմնաբառերն այլևս դուրս են եկել սոսկ լրագրողական բառապաշարին պատկանող այլաբանությունների սահմաններից՝ համարվելով «Կոգնիտիվ և հիբրիդային պատերազմների» հիմնարար հասկացություններ։ Այաթոլլահ Խամենեիի տեսանկյունից, ի տարբերություն կոշտ պատերազմի, որը աշխարհագրական սահմաները խախտելով հանդիպում է ֆիզիկական դիմադրության, մշակութային ներխուժումը կամ հոգևոր առաջնորդի ձևակերպմամբ «մշակութային գիշերային գրոհը» կատարելապես լուռ և ոչ-շոշափելի մի գործընթաց է՝ ուղղված մարդկանց մտքերն ու սրտերը նենգափոխելուն և նրանց հոգեբանությունը հպատակեցնելուն։ Լիբերալ-կապիտալիստական Արևմուտքը մշտապես փորձում է մեդիայի, հաշվարկային համակարգի, ճանաչողական ապարատի և սպառողական մոդելների միջոցով այնպես «ծրագրավորել» այլ հասարակությունների երիտասարդությանը, որպեսզի նրանք մտածեն հենց այն կերպ, ինչպես ցանկանում է հեգեմոնիայի կենտրոնը։
Գլխավոր հարցադրումը հետևյալն է՝ մշակութային համահարթեցման այս վիթխարի մեքենային դիմակայելու և երիտասարդ սերնդին դրա աղետալի ազդեցությունից պաշտպանելու համար ինչպիսի՞ ճարտարապետություն և ռազմավարություն է առաջարկում Այաթոլլահ Խամենեիի մտահայեցողական համակարգը։
Վերջին տասնամյակների ընթացքում նրա հրապարակային ելույթների և արխիվային նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությամբ համոզվում ենք, որ Առաջնորդի դոկտրինը և ռազմավարությունը՝ հատկապես հաշվի առնելով ցանցային հաղորդակցությունների դարաշրջանում որևէ հասարակության շուրջ պատեր կառուցելու անհնարինությունը, ամենևին էլ հիմնված չէ «բացասական, պասիվ և կամ մեկուսացման» սկզբունքի վրա։
Կարդացեք նաև
Նրա դոկտրինը «ակտիվ և դրական դիմադրությունն» է, որը կարելի է ամբողջացնել հինգ գլխավոր ռազմավարությունների տեսքով։
1․ Սեփական ազգային ուժերին ապավինելու, պատմական ինքնության վերարտադրման և ինքնօտարման մերժման ռազմավարություն:
Նեոգաղութատիրությանը բնորոշ դասական մեթոդներից մեկը՝ ուղղված որևէ ժողովրդի նկատմամբ գերակայության հաստատմանը, այդ ժողովրդի «պատմական հիշողությունը» ջնջելն է՝ նսեմացնելով ու արժեզրկելով նրա անցյալը։ Այն ժողովուրդը, որը հայտնվում է ինքնության ճգնաժամի և թերարժեքության զգացողության մեջ, հեշտությամբ ենթարկվում է գերիշխող նյութական քաղաքակրթության պերճանքներին։ Սեյյեդ Ալի Խամենեին համոզված էր, որ բոլոր տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացումների հիմքը մշակույթն է։
Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի հետ ռազմավարական հանդիպումներից մեկի ժամանակ նա նշում է հետևյալը. «Մշակույթը ժողովուրդների ինքնության հիմնառանցքն է։ Ժողովուրդը որքան էլ արդյունաբերության և գիտական առաջընթացի տեսանկյունից հարուստ լինի, եթե չունի հպարտանալու արժանի մշակույթ, իր էությամբ դատարկ և փուչ է։
Հետևաբար, առաջին քայլը, արևմտյան մեդիայի ստորացուցիչ քարոզչության թիրախ հանդիսացող երիտասարդին սեփական պատմական, գիտական և քաղաքակրթական մեծությունների հետ շարունակաբար հաղորդակից դարձնելն է։ Այն երիտասարդը, որը հպարտանում է իր խոր արմատներով, օտար մշակույթի ազդեցության զոհ չի դառնում և չի ընկրկում՝ դառնալով պասիվ կամ ենթարկվող։ Այսպիսով, հայ երիտասարդը պետք է հպարտանա իր գիտական ու գրական մեծություններով, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը, Կոմիտասը, Հովհաննես Թումանյանը և այլք, և իր հերթին իրանցի երիտասարդը պետք է ակնածանքով հայի իր մեծություններին՝ Սաադուն, Հաֆեզին, Աբու Ալի Իբն Սինային, Աբու Բաքր Մուհամմադ իբն Զաքարիա Ռազիին և այլոց։
2․ Երկրորդ ռազմավարությունը՝ ընտանիքի ինստիտուտին կենտրոնական դեր վերապահելն է՝ որպես ավանդույթների փոխանցման ամրակուռ բերդ։
Արևմտյան մշակույթում առկա սոցիալական ճգնաժամերի «աքիլլեսյան գարշապարն» ու «զանգվածների կենտրոնը» չափազանցության հասցված անհատապաշտությունն է․ մարդկային հարաբերությունները վաճառքի առարկա են դարձել՝ խարխլելով ընտանիքի ինստիտուտի հիմքերը։
Դրա հակառակ բևեռում, Սեյյեդ Ալի Խամենեիի մտահայեցողության և իրանա-իսլամական մշակույթի հարացույցում ընտանիքը դիտվում է ոչ միայն որպես կենսաբանական միավոր, այլև մշակութային և բարոյական ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցելու հիմնական և անփոխարինելի առանցք։
Այս հենակետային կառույցում կինը՝ որպես մայր, պարզապես ծնող չէ, այլ ինքնության ձևավորման հիմնական ճարտարապետը և հասարակության ռազմավարական դաստիարակը։ Այաթոլլահ Խամենեին բազմիցս ընդգծել է, որ «Այն բոլոր նախագծերում, որոնք մենք ունենք, հիմքում պետք է լինի ընտանիքը»։
Ընտանիքի սրբության պահպանությունը, հեշտ և պատեհաժամ ամուսնության խրախուսումը, ինչպես նաև ծնողների հանդեպ խոր հարգանքի ավանդույթի վերակենդանացումը, ըստ էության, ստեղծում են զգացմունքային և հոգեբանական պաշտպանիչ շերտ, որը երիտասարդին խնամարկում է իմաստային ճգնաժամից և օտարածին ու բովանդակազուրկ գաղափարներից։
3․ Մշակութային հասարակագիտության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող երրորդ ռազմավարությունը լեզվի և գրականության պահպանությունն է և դրանց հանդեպ հոգածությունը։
Լեզուն պարզապես հաղորդակցման միջոց չէ, այլ մտածողության, ժողովրդի պատմական հիշողության և իմացական համակարգի պահոցը։ Երիտասարդների խոսակցական լեզվի քայքայումը՝ օտարաբանությունների և այլալեզու կաղապարների ներմուծման միջոցով, մշակութային կերպափոխման մեկնակետն է։
Սեյյեդ Ալի Խամենեիի հայեցակարգի առանձնակիորեն նուրբ և առաջադեմ կողմն այն է, որ նա լեզու հասկացույթի հանդեպ համապարփակ մոտեցում է դրսևորում։ Մի կողմից ընդգծելով «ստանդարտ և բարձրաոճ պարսկերենի» պահպանության կարևորությունը՝ որպես ազգային ողնաշարի հիմք, մյուս կողմից՝ նա լիովին դրական և հարգալից վերաբերմունք ունի ենթամշակույթների, կրոնական փոքրամասնությունների և այլ ժողովուրդների նկատմամբ։
Թույլ տվեք բերել մի ակնառու օրինակ․ դա Ալի Խամենեիի վերաբերմունքն է մեր հայ հայրենակիցների և հայ համայնքի նկատմամբ։ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնական օրերին հայ նահատակների ընտանիքներ կատարվող ամենամյա այցելությունները, որոնք շարունակական բնույթ էին կրում, լայն համատեքստում ինքնությանը համակցված խորքային պատգամ են պարունակում։ Այս գործնական մոտեցումը վկայում է, որ Իրանի բազմաշերտ և խճանկարին նմանվող ինքնության մեջ փոքրամասնությունների լեզուները, ավանդույթները ոչ միայն չեն դիտվում որպես սպառնալիք կամ թույլ կողմ, այլև ընդհակառակը՝ ընկալվում են որպես ազգային և մշակութային հարստություն։
Այս բազմազանության պահպանումը հնարավորություն է տալիս, որ փոքրամասնությանը պատկանող երիտասարդը զգա խոր կապ և պատկանելություն իր հայրենիքին, և հենց այդ պատկանելության զգացումն էլ դառնում է ամենահզոր պատնեշը արևմտյան համահարթեցնող և ինքնությունը ջնջող մշակութային ազդեցության դեմ։
4․ Անկախության և գիտական ձեռքբերումների միջոցով հեղինակության և ուժի ձևավորումը
Մենք չենք կարող հանդես գալ մշակութային անկախության մասին կարգախոսներով, քանի դեռ գործնականում գիտական, տեխնոլոգիական և տնտեսական առումով կախված ենք Արևմուտքից։ Տեխնոլոգիան չեզոք իրողություն չէ․ ներմուծված յուրաքանչյուր տեխնոլոգիական տարր իր հետ բերում է նաև մշակույթ, կենսակերպ և արժեհամակարգ՝ պարտադրելով դրանք փոխառող հասարակությանը։ Հոգևոր առաջնորդի կողմից «ծրագրակազմի ապահովման», «գիտարտադրության» և «գիտելիքահեն տնտեսության զարգացման» հիմնաբառերի և հասկացույթների ռազմավարական կարևորության շեշտադրումը հիմնված է հենց այս տրամաբանության վրա։ Նա բազմիցս հիշեցնում է․ «գիտությունը ուժ է»՝ ընդգծելով, որ ով չի տիրապետում այս ուժին, ենթարկվելու է այլոց գերակայությանը։
5․ Ավանդական և տարածաշրջանային արվեստի ու երաժշտության տեսակների ներուժի խելամիտ օգտագործումը
«Փափուկ պատերազմի» (անգլ․ soft war) շրջանակում Արևմուտքի ամենաազդեցիկ և հաջողված գործիքները մեդիան և արվեստն են։ Այն իր արժեքները տարածում է գրավիչ կինոարտադրության, մասսայական երաժշտության և զվարճանքների միջոցով՝ դրանք մատուցելով երիտասարդությանը։ Այաթոլլահ Խամենեիի հայեցակարգի տեսանկյունից այս փուլում հիմնական ռազմավարությունը «բարձրաոճ և այլընտրանքային արվեստի» ստեղծումն ու ներկայացումն է։ Նա արվեստը դիտում է որպես «գաղափարների փոխանցման ամենաարտահայտիչ լեզու»։ Նրա կողմից գրականության, կերպարվեստի և հատկապես իրանական ավանդական երաժշտության զարգացման ուղղությամբ գործադրված ջանքերը հենց այս մոտեցման առհավատչյան են։ Այն արվեստը, որը կարող է բարենորոգել երիտասարդի հոգին և նրան մղել մտածողության ու հոգևոր կատարելության, համարվում է ամենաարդյունավետ հակաթույնը մակերեսային, անբովանդակ և ընդարմացնող արվեստի դեմ, որը ստեղծված է երիտասարդ սերնդի անտարբերությունն ու հոգեկան ապիկարությունը խորացնելու նպատակով։
Որպես ամփոփում անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Այաթոլլահ Խամենեիի կողմից առաջադրվող մոդելը կարելի է ձևակերպել որպես «ներքին իմունիզացիայի և պաշտպանվածության» մոդել։ Երիտասարդը, որը մոտ է իր պատմական ինքնության ակունքներին, դաստիարակված է ընտանիքի ջերմ և անվտանգ միջավայրում, սիրով է վերաբերվում իր ազգային և տեղական մշակույթին, գլոբալացման բուռն ալիքների և մեդիա ներխուժումների պայմաններում ոչ միայն չի ենթարկվի օտարացման կամ ինքնության կորուստի, այլև կդառնա ակտիվ, դիմադրող և ազդեցիկ գործիչ՝ ունակ վերարտադրելու սեփական հարուստ մշակույթը և տարածելու այն աշխարհում։
Մոհամմադ Ասադի ՄՈՎԱՀԵԴ
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի ղեկավար


















































