Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի աշնանը

Մայիս 22,2015 12:11

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ մայիսի վերջին կներկայացվեն նոր սահմանադրության տարբերակի առաջին երեք գլուխները: Դեռևս բացի այդ երեք բաժիններից՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մյուս բաժինների վերաբերյալ քննարկում չի կատարել:

Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ այդ երեք գլուխները բաղկացած են 86 հոդվածից: Այս հատվածների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն, ընդհանուր առմամբ, դրական կարծիք են տվել, սակայն որոշ նկատառումներ արել:

Առաջին գլուխների ներկայացումից հետո հունիսի սկզբից մինչև հունիսի 12-ը հանդիպումներ կկազմակերպվեն նկատառումներ ներկայացրած քաղաքական 14 ուժերի հետ: Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն հանդիպել են ՀՅԴ, ԱԻՄ ներկայացուցիչների հետ:

ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպման ընթացքում որոշ վերապահումներ են հայտնել՝ նշելով, որ կմասնակցեն քննարկումների միայն այն դեպքում, երբ չեն քննարկվի կառավարման համակարգի հարցին վերաբերող գլուխներ:

Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ նախատեսում են հուլիսի 1-2-ին նշված բաժինների վերաբերյալ քննարկում կազմակերպել Վենետիկի հանձնաժողովի հետ:

Հարցին՝ կոնկրետ ժամկետներ կարո՞ղ է հայտնել, թե գործընթացը երբ ավարտին կհասցվի, սահմանադրական հանրաքվեին ե՞րբ սպասենք, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ժամկետների վերաբերյալ որևէ կանխատեսում չեմ կարող անել, քանի որ այդ ժամկետների հարցը մասնագիտական հանձնաժողովի աշխատանքով չէ պայմանավորված: Հուլիսի 1-2-ից հետո ինչպիսին կլինեն Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, հետո ե՞րբ դրանք կներկայացնենք ՀՀ նախագահին, ինչպես նա կընդունի մոդելներն ու մոտեցումները, ի՞նչ  արդյունքներ կտան քաղաքական քննարկումները, սա գործընթաց է: Հնարավոր չէ ասել,  որ հանրաքվեն կանենք այս կամ այն ժամկետում: Բայց  աշնանը մենք կկարողանանք մեր մասով գործընթացը հասցնել ավարտին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031