2012թ. թվականին դեկտեմբերի 31-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված ու մահացած երկու ամյա Լիա Միսակյանի իրավահաջորդ Արթուր Սաքունցը կարծում է, որ դատական գործընթացում իրենց հաջողվեց ապացուցել, որ բժիշկների կողմից պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել:
Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների դատարանում այս գործով վերջին դատական նիստն էր, դատավորը հեռացավ խորհրդակցության սենյակ ու վճիռը կհրապարակի հունիսի 15-ին:
«Լիա Միսակյանին հիվանդանոց ընդունելու պահից սկսած մինչեւ փորձաքննության համար նմուշներ վերցնելու պահը բժիշկները պատշաճ օգնություն չեն ցուցաբերել: Փորձաքննության նմուշները վերցնելուց երկու օր շարունակ հերթապահ բժիշկներից որեւէ մեկը չի անդրադարձել այդ նմուշներին, անդրադարձել է միայն երրորդ օրվա բժշկուհին»,- ասաց պարոն Սաքունցը:
Նա նաեւ չցանկացավ անտեսել, որ Արաբկիր բ/կ-ում դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին լաբորատորիան չի աշխատել. «Սա էլ մյուս ինստիտուցիոնալ թերությունն է, որը մենք բավարար չափով հիմնավորեցինք ու անդրադարձանք»:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով, օբյեկտիվ դատաքննչություն է անցել, բոլորին ընձեռվել է արտահայտվելու հնարավորություն ու բոլոր դատաբժշկական փորձաքննություն իրականացնողները հարցաքննվել են. «Ամեն մեկն իր փորձաքննության արդյունքը հաստատել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































