Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմը խնդրել է իրենց տրամադրել հայ իրավապահների կողմից հարուցված քրեական գործը. «Հայկական ժամանակ»

Հունիս 19,2015 10:51

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող, հունիսի 15-ին սպանված 19-ամյա Իվան Նովիկովի սպանության գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեն ավարտված է համարել եւ այն ուղարկել դատախազության։ Այս մասին երեկ ասացին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազությունից ասացին նաեւ, որ ռուսական կողմը գրությամբ դիմել է Քննչական կոմիտեին՝ խնդրելով իրենց տրամադրել հայ իրավապահների կողմից հարուցված քրեական գործը իրենց գործին միացնելու նպատակով։

Գլխավոր դատախազությունից նաեւ մանրամասներ ներկայացրեցին ռուսական կողմի գրությունից, որում, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժնի գրությունը, ինչի համաձայն՝ նշված բաժնի վարույթում ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) քննվում է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հաստատվել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական բազայի շարքային զինծառայող Իվան Ս. Նովիկովի սպանությանը վերջինիս համածառայակից ընկերոջ՝ պայմանագրային զինծառայող Իվան Վ.Բոսխոմջիեւի առնչությունը, ով ձերբակալվել է եւ դեպքի կապակցությամբ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժինը, ղեկավարվելով ՌԴ-ի ե ՀՀ-ի միջեւ կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 3-րդ եւ 5-րդ հոդվածների պահանջներով, վերոհիշյալ գրությամբ խնդրել է տրամադրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում նույն դեպքի առթիվ հարուցված եւ քննվող քրեական գործը դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաների եւ Իվան Ս. Նովիկովի դիակի հետ միասին՝ իրենց վարույթում քննվող քրեական գործին միացնելու նպատակով»:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930