Լրահոս
Օրվա լրահոսը

Շոգին առատ օծանելիքը մաշկի վրա մուգ բծեր է առաջացնում

Հուլիս 06,2015 11:30

Արեւը ինչպես բուժիչ, այնպես էլ վնասակար հատկություն ունի

Արեւը բուժում է, գեղեցկացնում, վերացնում լարվածությունը, բայց մեծ քանակությունն էլ վնասում է։ Մի քանի հիվանդությունների դեպքում արեւի ճառագայթների տակ մնալը օրգանիզմի համար վնասակար է։ Նրանք, որոնք տկար են, նախքան արձակուրդ գնալը պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Անբավարար արյան շրջանառությամբ, հիպերտոնիայով, վահանաձեւ գեղձի հիվանդությամբ, շաքարախտով, տուբերկուլյոզով, թոքերի էնֆիզեմայով, նեւրասթենիայով եւ նեւրոզով տառապողներին սկզբունքորեն չի կարելի գտնվել լողափում։ Արեւը հակացուցված է մազոտության, ինչպես նաեւ լայնացած, նուրբ մազանոթների դեպքում։ Երակային հանգույցների հակում կամ դրանք արդեն ունեցող անձանց չի կարելի ոտքերը տաքացնել արեւի տակ։ Նա, ով բուժվում է խոտաբուսային այնպիսի խառնուրդով, որի կազմում կա արեւքուրիկ, նույնպես պետք է շատ խստորեն չափավորի արեւը։ B խմբի վիտամինների պակասությունից տառապող օրգանիզմն արագ եւ շատ հիվանդագին է արձագանքում արեւի լույսին։

Չի կարելի արեւահարվել նաեւ արեւի նկատմամբ բարձր զգայունության դեպքում (գոյություն ունի եւ ալերգիայի այդ տեսակը)։ Արեւը բացասաբար է ազդում կլիմաքսի շրջանում գտնվող կանանց, ինչպես նաեւ ծանր հիվանդություն տարած անձանց վրա։ Ինչպես տեսնում ենք, արգելքները քիչ չեն, սակայն սա էլ դեռեւս բոլորը չէ։
Արեւի լույսի ներգործությունից առաջացած մաշկային հիվանդությունները վերաբերում են ֆոտոդերմատոզներին եւ երեւան են գալիս ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ բնածին կամ ձեռքբերովի բարձր զգայունության հետեւանքով։ Պեպենները նույնպես արեւի ճառագայթների նկատմամբ մաշկի ոչ ճիշտ ռեակցիա են։

Ֆոտոդերմատոզի սուր ձեւերը պետք է բուժել բժիշկ-մաշկագետի հսկողությամբ։
Սակայն շատ դեպքերում արեւային լոգանքները թողնում են հիանալի կազդուրիչ ազդեցություն՝ կարգավորվում է նյութափոխանակությունը, լավանում ներքին սեկրեցիայի գեղձերի եւ արյունատար համակարգի աշխատանքը, ավելանում է հեմոգլոբինի քանակը, աշնան եւ ձմռան երկար շաբաթների համար տալիս պահեստային ուժ։ Սակայն միշտ պետք է հիշել, որ գեր մարդիկ ավելի զգայուն են արեգակնային ճառագայթման նկատմամբ, քան նիհարները, կանայք տղամարդկանցից լավ են տանում արեւը, մաշկի թուխ գույնը սազում է միայն երիտասարդներին, թեեւ նրանց վրա էլ էժան չի նստում արեւով չափից ավելի տարվելը՝ մաշկը չորանում է, առաջ են գալիս կնճիռներ, մելանոզ (սեւագարություն) առաջանալու տենդենց։

Անկախ այն բանից, թե քանի տարեկան եք դուք՝ 20, թե 50, արեւից պետք է օգտվել շարժման մեջ։ Խորհուրդ է տրվում լողը՝ մի մարզաձեւ, որը հատկապես օգտակար է կանանց։ Բայց ուտելուց անմիջապես հետո չի կարելի զբաղվել լողով: Ճաշից հետո գոնե ժամուկես պետք է հանգստանալ, իսկ ընթրիքից հետո՝ մեկ ժամ։ Շոգ ժամանակ չի կարելի ջուրը մտնել, հատկապես հեռու լողալ։

Lemon-Face-Mask-for-Large-S

Արեւահարման առաջին օրվա վերջում կանգնեք հայելու առջեւ եւ ուշադիր նայեք ձեզ։ Ամենից առաջ վարդագույն է ձեռքերի, ուսերի, ազդրերի եւ սրնքամասերի, կրծքի մաշկը։ Նախքան քնելը այդ տեղերին պետք է քսել խոնավացնող քսուք, իսկ հաջորդ օրը պահպանել արեւից։ Շատ ուժեղ գրգռվածության դեպքում մաշկին ցանեք տալկ, որը հանգստացնում է եւ հովացնում։ Ֆրանսուհիները դիմում են արեւի ճառագայթների վնասակար հետեւանքների վերացման տնային, բայց արդյունավետ, թեեւ մի փոքր տհաճ եղանակին, այն է՝ մաշկի վրա դնում են հյութալի կիտրոնի բարակ շերտեր։ Դա բավական ուժեղ ծակծկում է։ Ով քաջ է՝ թող փորձի։ Բայց ամենից լավ է, ընդգծում եմ մեկ անգամ եւս, ուլտրամանուշակագույն ճառագայթներն ընդունել զգուշորեն եւ քիչ քանակությամբ։
Որպեսզի տոթը ձեզ նեղություն չպատճառի, պետք է պայուսակում ունենաք էվկալիպտի յուղի եւ ջրի խառնուրդով սրվակ։ Եթե այդ խառնուրդը, օրինակ, քսեք ձեռքերին եւ քունքերին՝ սառույցի նման կսառեցնեք դրանք։

Դրա փոխարեն չի կարելի խմել մեծ քանակությամբ հեղուկ, քանի որ դա ուժեղացնում է քրտնարտադրությունը, օգտագործել օծանելիք, որից մաշկի վրա արեւի ներգործությունից առաջանում են մնայուն դարչնագույն բծեր: Խորհուրդ է տրվում, օրինակ, լոլիկի կամ վարունգի հետ օգտագործել ավելի շատ աղ, ինչպես նաեւ օրական մեկ անգամ խմել 1 բաժակ սոդայաջուր, նախապես դրա մեջ մզելով կիտրոն եւ ավելացնելով 1 գդալ շաքարավազ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031