Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ երկու տասնյակ զեկույց՝ Հայոց ցեղասպանության մասին

Հուլիս 07,2015 16:37

Հուլիսի 8-12-ը Երևանում կանցկացվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտական կոնֆերանսը՝ «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծությունը» թեմայով:

«Գիտական այսպիսի կոնֆերանս Հայաստանում երբեք չի եղել, համենայն դեպս, ցեղասպանագիտության և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ կոնֆերանսի ընթացքում անդրադարձ կլինի ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև 20-րդ դարի բոլոր ցեղասպանություններին՝ ներկայացնելով դրանց համեմատական վերլուծությունը: Ընդհանուր առմամբ, կներկայացվի 130 զեկույց:

«Այս տարի Հայոց ցեղասպանությանը վերաբերող զեկույցների թիվը հասնում է շուրջ երկու տասնյակի: Մինչդեռ, նախկինում հազիվ 4-5 զեկույց էր ներկայացվում»,- տեղեկացրեց Հայկ Դեմոյանը՝ նկատելով, որ ներկայացվող զեկույցները, համեմատական վերլուծություն լինելով հանդերձ, խիստ շահեկան են մեզ համար:

Երևանում անցկացվելիք կոնֆերանսը Դեմոյանը կարևորում է նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարունակականության առումով. «Մենք շարունակում ենք անցկացնել մշակութային, ակադեմիական և այլ միջոցառումներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հաշվի առնելով գիտական ասպեկտը՝ անհրաժեշտ է նշել, որ սա բավականին ներկայացուցչական և մեծ կոնֆերանս է»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

«Տարիներ առաջ էլ ենք մենք զեկույցներ ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով, բայց դրանցում միայն նշված է եղել, որ դա ցեղասպանություն է, և որ դա չի կարելի ժխտել։ Իսկ այս կոնֆերանսին ներկայացված զեկույցները Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասին ավելի շատ նրբություններ են պարունակում»,- ասաց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության փոխնախագահ, Երևանում 12-րդ գիտական կոնֆերանսի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Դոննա Լի Ֆրիզը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031