Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը չերաշխավորեց նամակի գաղտնիությունը

Օգոստոս 26,2015 13:30

Եթե ՀԷՑ-ի պատասխանատուների գործով վճիռը մտնի օրինական ուժի մեջ, մարդիկ չեն կարողանալու իրենց վարքագիծը համապատասխանեցնել օրենքին

Երեք տարի առաջ մարտի 26-ին Հրաչյա Հարությունյանը էլեկտրոնային փոստով դիմում է ուղարկել «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի էլեկտրոնային հասցեին եւ դիմումը ստացել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւը: Դիմումը վերաբերել է ընկերությունում առկա կոռուպցիոն երեւույթներին, անձանց, որոնք իրենց վստահված աշխատանքներում թերացել են: Դիմումում նշված անձանցից մեկը՝ Վարդան Բուռնազյանը, վիրավորվել է, դիմել է դատարան պատվի արժանապատվության հայցով: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցաբերի պահանջը:

Սակայն դատական գործընթացների ժամանակ պարզվեց, որ գործում առկա չի եղել որեւէ ապացույց այն մասին, որ Հրաչյա Հարությունյանի նամակ-դիմումը Յու. Մորդվինցեւից բացի, ստացել է նաեւ մեկ այլ անձ կամ այն հասանելի է եղել անորոշ թվով մարդկանց:
Ընկերության անվտանգության նախկին պատասխանատու Հրաչյա Հարությունյանն իր նամակ-դիմումն ուղարկել է դիմում ներկայացնելու ընթացակարգի համաձայն իրավասու մարմնին, որը քննությունն իրականացնում է գաղտնիության պայմանների պահպանմամբ:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, իսկ Հրաչյա Հարությունյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Բողոքի օրը ՀՀ վճռաբեկ դատարանը դեռ չի նշանակել:

Բողոք է բերվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ: Որոշումը հրապարակվել է այս տարվա հունիսի 19-ին եւ այն ներկայացվել է բողոքարկման հուլիսի 20-ին, քանի որ հուլիսի 19-ին ոչ աշխատանքային օր է եղել:
Հ. Հարությունյանի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը:

Հետաքրքիր նախադեպ է ստեղծվել: Առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված հայտարարություն հասկացության բոլորովին նոր մեկնաբանություն է արվում, որը հակասում է եւ Սահմանադրական դատարանի, եւ Վճռաբեկ դատարանի նախկին որոշումներին:

Հ.Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ստացվում է, որ անկախ այն հանգամանքից, թե խնդրո առարկա հայտարարությունը մեկ անձից երկրորդ անձին ասվել է երրորդ անձի ներկայությամբ, թե ոչ, նույնիսկ, եթե նույն տեղեկությունը հետագայում հաղորդվել է որեւէ երրորդ անձի, արդեն իսկ բավարար հանգամանք է, որպեսզի վերջինս համարվի որպես հրապարակայնորեն ասված խոսք՝ անկախ այն հանգամանքից, որ վերջինիս դեպքում նույնպես որեւէ երրորդ անձ ներկա չի եղել խոսակցությանը: Այսինքն, ստուգման նպատակով ներկայացրած ցանկացած դիմում, հաղորդում իրավասու մարմնի կոռուպցիայի, իրավախախտումների մասին համարվում է հրապարակային, քանի որ 3 անձ՝ դիմումը գրողը, նա ում վերաբերում է դիմումը եւ դիմումի հասցեատերը հանդիսանում են հաղորդակից դարձած անձինք»:

«ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության պաշտոնական կայքի համաձայն, իրենց կանոնակարգի համաձայն՝ «Իրավախախտումների եւ կոռուպցիայի վերաբերյալ քաղաքացիների …դիմումները օպերատիվորեն կստանա ներքին աուդիտի, կոնտրոլինգի եւ ռիսկերի ղեկավարման Բլոկը: Շարադրված փաստերով կանցկացվի անկախ ստուգում, ընդ որում՝ մենք երաշխավորում ենք, ստացված տեղեկատվությունը կմնա անանուն (կպահպանվի գաղտնիության ռեժիմը): Տեղեկատվության ճշտման անհրաժեշտության դեպքում, ցանկալի է նշել կոնտակտային դեմքը եւ հետադարձ կապի միջոցը: Եթե ստացված տվյալները կհաստատվեն, ապա նյութերը կուղարկվեն անվտանգության ծառայությանը եւ ղեկավարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար»:
Ըստ գործում առկա ապացույցների, 2012թ. հունիսի 11-ին ծառայողական պարտականություններից ելնելով՝ «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւը, առանց երրորդ անձի ներկայության, հանդիպել է Հրաչյա Հարությունյանին, որի առաջարկությամբ Հրաչյա Հարությունյանը ստորագրել է դիմումի օրինակը եւ փոխանցել Յու.Մորդվինցեւին: Հարությունյանի նամակը ստանալուց մի քանի օր հետո Մաքսիմովի կողմից այն հանձնվել է Վ. Բուռնազյանին՝ գրավոր բացատրություն ներկայացնելու համար:

Ի դեպ, վերաքննիչ դատարանը սույն գործի փաստերի նկատմամբ կիրառել էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերը, անդրադառնալով պատասխանողի կողմից գրված դիմումը բովանդակող տեղեկությունների հրապարակային բնույթին: Ըստ դատարանի իրավական գնահատականների. «Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում պատասխանող Հրաչյա Հարությունյանի դիմումում պարունակվող տեղեկությունները վերաբերում են հայցվոր Վարդան Բուռնազյանին: Հայցվորը նշված դիմումում առկա տեղեկությունները չի հայտնել վերջինիս, հայտնել է տվյալ իրավիճակում որպես երրորդ անձ հանդես եկող Յու.Մորդվինցեւին, ինչով եւ նշված դիմումում առկա տեղեկությունները ստացել են հրապարակային բնույթ»:

Մինչդեռ թե վերաքննիչ, թե վճռաբեկ բողոք ներկայացրած անձը նշել էր, որ թե ընդհանուր իրավասության, թե վերաքննիչ դատարանը շրջանցել է դատաքննությամբ հաստատված այն փաստը, որ պատասխանողի էլեկտրոնային փոստային հաղորդումը ստացել է մեկ անձ՝ «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւը: Դատարանները նաեւ անտեսել էին, որ Հրաչյա Հարությունյանն իր նամակ-դիմումն ուղարկել է դիմում ներկայացնելու ընթացակարգի համաձայն իրավասու մարմնին, որը քննությունն իրականացնում է գաղտնիության պայմանների պահպանմամբ` «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության պաշտոնական ինտերնետ կայքում տեղադրված կանոնակարգի համաձայն: Մինչդեռ, վերաքննիչ դատարանը եզրահանգել էր, թե «Հարությունյանի կողմից դիմումը երրորդ անձին տրամադրելու պայմաններում տվյալ վեճի լուծման համար որեւէ նշանակություն ունենալ չի կարող նույն դիմումը գաղտնիության պայմանների պահպանմամբ իրավասու մարմնին ուղարկելը եւ գաղտնիության ռեժիմը կարգավորող կանոնակարգով ամրագրված դրույթները, այդ թվում՝ նշված դիմումի «կոնֆիդենցիալ» դրոշմագրով շրջանառությունը»: Այս դեպքում զարմանալի է, թե ինչու են գաղտնիության երաշխիքներ տրվում, կանոնակարգ ինչու է մշակվել, ինչու է տեղադրվել պաշտոնական կայքում, եթե վեճի համար էական նշանակություն չի կարող ունենալ երաշխիքների պաշտպանությունը:

Հրաչյա Հարությունյանը հայտնել էր նաեւ, որ Յու. Մորդվինցեւը եղել է ընկերության անունից դիմումի գաղտնիությունը երաշխավորող պաշտոնատար անձը:
Մինչդեռ, ըստ վերաքննիչ դատարանի, նշյալ անձն ընդամենը դատավարական իրավունքներ չունեցող երրորդ անձ է, որը վեճի լուծման հարցում չի կարող դեր ունենալ:
Ըստ վճռաբեկ բողոք բերած Հ. Հարությունյանի եւ նրա ներկայացուցչի, եթե վճիռը մտնի օրինական ուժի մեջ, ապա մարդիկ չեն կարողանալու իրենց վարքագիծը համապատասխանեցնելու օրենքին:

Իսկ վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ այն դեպքերում, երբ մարդու պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի եւ արտահայտվելու ազատության իրավունքի բախում է տեղի ունենում, անհրաժեշտ է գտնել պարզ հավասարակշռություն սրանց միջեւ:

Դատարանները մերժելով Հարությունյանին, ապացուցված էին համարել այն, որ գաղտնի նամակում պարունակվող տեղեկությունները վերաբերել են հայցվոր Վ. Բուռնազյանին, նրա մասին առկա տեղեկությունները հայտնվել է երրորդ անձ հանդես եկող Յու. Մորդվինցեւին, ինչով եւ նշված տեղեկությունները ստացել են հրապարակային բնույթ:
Երբ բողոքաբեր կողմը համադրում է վերաքննիչ դատարանի եզրակացությունները Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշման հետ, պատկերը հետեւյալն է:
Նախ, ըստ Սահմանադրական դատարանի. «Ակնհայտ է, որ վեճի առարկա հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է միայն հանրության առջեւ առնվազն երրորդ անձի ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելու հետեւանքների հաղթահարմանը: Իր կարեւորությամբ հանդերձ՝ վիճարկվող հոդվածի իրավակարգավորման շրջանակներից դուրս է մասնավոր-իրավական բնույթի հարաբերությունների կարգավորումը»: Վճռաբեկի նախադեպային որոշումների հետ համադրելիս, մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին՝ առանց երրորդ անձանց ներկայության):

Հրաչյա Հարությունյանի դիտարկմամբ էլ. «Երբեւիցե ՀՀ վճռաբեկ դատարանը չի օգտագործել «ինքնին» եւ «հարաբերություններում» հասկացությունները: Սա իրենց նորամուծությունն է, որի հետեւանքով «Հոտ լայն»-ը կորցնում է իր նշանակությունը: Ես միայն հաղորդակցվել եմ մի մարդու հետ, առանց երրորդ անձի ներկայության, անգամ հայցվորին էլ չեմ տեղեկացրել, չնայած նրան տեղեկացնելն իմ կողմից նույնպես չի համարվում հրապարակում»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31