Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը չի բանակցում ՀՅԴ վերադառնալու համար

Սեպտեմբեր 17,2015 16:00

ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը
«Ոչ»-ի ճակատի մասին՝ կամ լավ, կամ ոչինչ սկզբունքով

– Այս օրերին նաեւ սահմանադրական բարեփոխումների «Ոչ»-ի ճակատ է ձեւավորվում, ազգային փրկության հերթական ծրագիրն է մշակվում, հռչակագիր էլ ստորագրվեց: Հետեւե՞լ եք այդ գործընթացներին, ի՞նչ տպավորություն են թողել ճակատի ձեւավորումը, գործող անձինք, նրանց միջեւ ընթացող բանավեճերը` մինչեւ վերջնական եզրակացության հանգելը:

– Ամբողջությամբ չեմ հետեւել, մանավանդ որ բացակայում էի: Մասամբ գիտեմ: Ի՞նչ կարող եմ ասել` իրենց իրավունքն է, իրենց գործն է, թող միավորվեն, պայքարեն, «ոչ» ասեն, ճակատեն: Մենք մեր գործն ենք անում եւ իրենցով զբաղվելու հատուկ ցանկություն, նպատակ չունենք:

– Նկատի ունենալով այն անձանց եւ կուսակցություններին, ովքեր մեկտեղվել են այդ ճակատում, «Ոչ»-ի շարժումը կարո՞ղ է լուրջ հավակնություններ ունենալ: «Ոչ»-ի ճակատում վեց կուսակցություն կա` Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», Հայաստանի Ժողովրդական կուսակցություն, Հայազն կուսակցություն, Ազգային համաձայնություն, Ազգային ինքնորոշում միավորում եւ մոտ երկու տասնյակ ՀԿ եւ նախաձեռնություն: Ի դեպ, համաձայնագրի ստորագրմանը ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ Ստեփան Դեմիրճյանը, ոչ էլ անգամ Պարույր Հայրիկյանը ներկա չէին:

– Դա իրենք պիտի ասեն: Ես անձերի մասին առանձին որեւէ բան չունեմ ասելու` ոչ դրական, ոչ բացասական: Մեր քաղաքացիներն են` իրենց պատկերացումներով, իրենց գործն են անում: Ես վստահ եմ, որ միշտ, եթե ինչ-որ մի բան ես հայտարարում, ժամանակն անցնում է, բայց ի վերջո գալիս է մի ժամանակ, երբ պիտի հիշես, թե ի՞նչ ես հայտարարել: Մենք տասնյակ դեպքեր ենք ունեցել մեր քաղաքական պատմության մեջ, երբ կոնկրետ օրեր են նշվել, կոնկրետ գործողություններ են նշվել, ժամանակն անցել է, այդ բաները տեղի չեն ունեցել: Տեսնենք: Ի վերջո՝ վստահ եմ ես, որ գալու է հանրաքվեի օրը, հանրաքվեն տեղի է ունենալու, եւ դրանից հետո հետաքրքիր կլինի` այդ մարդիկ ի՞նչ գնահատական կտան իրենց գործողություններին: Ես միայն հաջողություն կարող եմ մաղթել իրենց, բայց կուզեի, որ նաեւ սա իրենք նկատի ունենան:

– «Ոչ»-ի ճակատը, փաստորեն, լուրջ սպառնալիք չի կարող լինել հանրաքվեի չկայացման, առավել եւս իշխանափոխության համար, ինչին ձգտում են «Ոչ»-ականները:

– Ես կարող եմ խոսել ՀՅԴ-ի անունից. մենք խորապես համոզված ենք, որ ճիշտ գործ ենք անում եւ դա անելու ենք մեր փաստարկներով, մեր հիմնավորումներով, մեր քարոզչությամբ: Վստահ եմ, որ մենք այդ առումով շատ ավելի ուժեղ ենք եւ շատ ավելի հիմնավոր ենք մեր տեսակետներում: Ինչ կանեն իրենք՝ դա ինձ բոլորովին չի անհանգստացնում:

– Քաղաքական դաշտում ի սկզբանե տեսակետ էր շրջանառվում, որ այն ուժերը, ովքեր Սերժ Սարգսյանի հետ հենց սկզբից մասնակցեցին սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներին եւ քննարկումներին, ապահովեցին նաեւ իրենց տեղը հետագա քաղաքական գործընթացներում: ՀՅԴ-ն ունի՞ որոշակի պայմանավորվածություններ:

– Դաշնակցությունն անում է այն, ինչում խորապես համոզված է արդեն տարիներ շարունակ: Մենք ձեւակերպել ենք շատ սեղմ եւ ճշգրիտ կուսակցության առաջնահերթությունները` երկրի զարգացման, երկրի ապագայի վերաբերյալ: Այդ առաջնահերթությունների հիմնական մասն այս Սահմանադրության նախագծում արտացոլված է: Դա մենք համարում ենք մեր հաջողությունը:

Մենք պայմանավորվածություններով չենք առաջնորդվում: Պայմանավորվածություններով առաջնորդվեինք` կոալիցիայից դուրս չէինք գա, վաղուց կոալիցիայի մեջ կմտնեինք եւ այլն: Մենք անում ենք այն, ինչը որ համոզված ենք, որ երկրի համար ճիշտ ընթացք է ապահովելու: Ի՞նչ են դատում, ինչպե՞ս են մտածում՝ ամեն մեկն իր մտակաղապարների, կարողության չափով է դատում: Մենք այդպես չենք դատում, մենք խորապես համոզված ենք, որ սահմանադրական այս բարեփոխումներն իրենց հիմնական մասով արտացոլում են Դաշնակցության մնայուն տեսակետները: Եվ սա մեր գործն է:

– Իսկ ներքին` կուսակցական խորհրդակցություններ կամ մոնիտորինգներ լինո՞ւմ են, ի՞նչ ակնկալիքներ ունեք, հաջորդ խորհրդարանում ՀՅԴ-ն քանի՞ պատգամավորով ներկայացված կլինի:

– Մենք այսօր ներքին քննարկումներ ունենում ենք, բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել կուսակցության ներսում, մարզերում հանդիպում ենք 50 կոմիտեություններին, մեր տեսակետները փոխադարձում ենք, որպեսզի մարդիկ կարողանան մասնակցել «այո»-ի քարոզարշավին իբրեւ քարոզիչներ: Մեր գործն այսօր սա է: Մի կարեւոր հանգամանք էլ կա` սահմանադրական հանրաքվեից հետո մեր հիմնական գործը լինելու է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: Այստեղ եւս ունենք մեր պատկերացումները եւ ամեն ինչ անելու ենք, որ Ընտրական օրենսգիրքը որեւէ թաքնված կամ բացահայտ առավելություն չտա քաղաքական որեւէ ուժի: Մինչեւ հաջորդ ընտրություններ բավական ժամանակ կա. այսօր կանխատեսել, թե ՀՅԴ-ն քանի տեղ կունենա, անշնորհակալ գործ է:

– Շրջանառվում է, մամուլում էլ գրվեց, որ Ռուբեն Հակոբյանը բանակցություններ է վարում ՀՅԴ վերադառնալու եւ հաջորդ ընտրություններին ՀՅԴ-ի ցուցակով մասնակցելու համար: Համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը:

– Ոչ: Չեն համապատասխանում:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930