Լրահոս
Օրվա լրահոսը

«Փետրվարի 23-ը տոն է Ռուսաստանի ու էլի մի քանի երկրների համար: Հայաստանի համար՝ ոչ». Վովա Վարդանով

Փետրվար 23,2016 16:49

«Չնայած մենք ունենք հունվարի 28-ը՝ մեր բանակի օրը, բայց չի խանգարի, որ փետրվարի 23-ն էլ նշենք որպես տղամարդկանց օր»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը:

«Ես հիշում եմ, որ լուսահոգի զոքանչս այս տոնի առթիվ ինձ միշտ նվեր էր առնում,- շարունակեց նա,- դպրոցներում էլ էինք տոնում, աղջիկները մեզ նվեր էին առնում, մենք էլ ասում էինք՝ ով լավ նվեր առնի, Մարտի 8-ին մենք նրան ավելի լավը կառնենք… Շատ գեղեցիկ, ընդունված տոն է, լավ կլինի, որ միշտ նշենք»:

Յ. Միքայելյանի տեսակետին համաձայն չէ ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը. «Փետրվարի 23-ը տոն է մեր դաշնակից Ռուսաստանի ու էլի մի քանի երկրների համար: Հայաստանի Հանրապետության համար՝ ոչ: Հասկանալի է, որ ավանդույթն ինչ-որ տեղ մնացել է, ու Հայաստանում դեռ շարունակում են իրար շնորհավորել: Ես էլ եմ այսօր մի քանի շնորհավորանքներ ստացել:

Որպես խորհրդային բանակում ծառայած զինվոր՝ ընդունում եմ, որ ինձ շնորհավորում են, բայց ես իմ որդիներին չեմ շնորհավորում, որովհետև նրանք անկախ Հայաստանի քաղաքացիներ են: Այսինքն՝ խորհրդային բանակում ծառայածներիս համար ինչ-որ տեղ տոն է, բայց անկախ Հայաստանի համար շատ ավելի կարևոր տոներ կան, ինչպես օրինակ՝ Ավիացիայի օրը, Բանակի օրը, Վարդանանց տոնը և այլն: Որպես հայ զինվորականության և տղամարդկության խորհրդանիշ՝ այս տոները հաստատ ավելի կարևոր են մեզ համար, քան Փետրվարի 23-ը:

Մենք անկախ երկիր ենք, ու, իմ կարծիքով, դա մեր տոնը չէ: Էլ չեմ ասում, որ «մոգոնովի» տոն է. Փետրվարի 23-ը պատմական որևէ իրադարձության հետ կապ չունի: Այդ մասին դեռևս 1933 թվականին մարշալ Կլիմենտ Վորոշիլովն է ասել»,- նշեց Վ. Վարդանովը:

Աշուղ Ռազմար Սասունցին հիշում է, որ խորհրդային բանակում իր ծառայած տարիներին «Հայրենիքի պաշտպանի օրը» Նոր տարուց ավելի սիրված տոն էր, նշվում էր մեծ շուքով, ու հիմա այն մոռանալը դժվար է. «70 տարի խորհրդային երկրի հետ եղբայրություն անելուց հետո ընդամենը 20 տարի է, որ անկախացել ենք ու այդ 70 տարին մի վարկյանում կարո՞ղ ենք մոռանալ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Համամիտ եմ այն տեսակետին, որ այս տոնը Խորհրդային բանակում ծառայածների տոնն է եւ ՈՉ ԱՎԵԼԻՆ: Այսօր ռադիոյով գովազդ լսեցի <> ինչ- որ ընկերություն զեղչ էր անում: 25 տարի է` կարծում եմ, որ իմ հայրենիքը Հայաստանն է:
    Փաստորեն,25 տարվա անկախության պայմաններում Ոչ մի իշխանության այդպես էլ չհաջողվեց դաստիարակել անկախ Հայաստանի քաղաքացի: Այդ պատճառով թերևս քչերը նկատեցին այդ տիպի գովազդների անհեթեթ լինելը: Կենդանի Հայաստանի տոները նշելու ու նոր տոներ ստեղծելու փոխարեն այլևս մեռած մի պետության տոն ենք նշում:

  2. փիրուզակ says:

    Այսօր ռադիոյով գովազդ լսեցի <> ինչ- որ ընկերություն զեղչ էր անում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29