Մարտի 2-ին լրացավ Արցախյան գոյամարտի մասնակից, ԼՂՀ վաստակավոր բժիշկ, գրող-հրապարակախոս, ՀՀ գրողների միության անդամ, բազում պարգևների արժանացած երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի 77 ամյակը:
2012թ. հուլիսին վախճանվեց մեր ժողովրդի կողմից սիրված ու հարգված հայորդին և թաղվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ իր զինակից մարտիրոսների կողքին: Բժշկի ծննդյան օրը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի մշակույթի տանը(գործում է 2008 թվականից) տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառում, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ավանի վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև բժշկի մարտական ընկերները, ընտանիքի անդամները, բարեկամները, Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը (վարչակազմի աշխատակիցներ, ուսանողներ, կուսակցական ընկերներ, նախկին քաշաթաղցիները), լրագրողներ: Ավանի մշակույթի տան «Հրաշամանուկ» բենարվեստի ստուդիայի(ղեկավար՝ մշակույթի տան փոխտնօրեն Սասուն Առաքելյան) սաներն Արցախին նվիրված երգով ազդարարեցին ցերեկույթի սկիզբը, այնուհետև, ազգագրական, ռազմահայրենասիրական երգ ու երաժշտության ուղեկցությամբ (մշակույթի տան «Վերածնունդ» երգի-պարի ազգագրական համույթի(ղեկավար՝ Ա. Ավետիսյան) կատարումներ(մեներգիչ՝ Սասուն Պետրոսյան):
Ընթերցվեցին հատվածներ բժշկի մասին գրված տարբեր հեղինակների նյութերից: Մանրամասն անդրադարձ կատարվեց օրվա հերոսի կենսագրությանը՝ մանկություն, կրթություն, պատերազմի անցած ուղի, հետպատերազմյան քաշաթաղյան ճանապարհ, հասարակական ու գրական գործունեություն: Ծնվել է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Աշտարակի շրջան: Ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտում, ավարտելուց հետո աշխատել իր մասնագիտությամբ: Արցախյան պատերազմի ժամանակ Աբովյանի հիվանդանոցից մի խումբ բժիշկների հետ մեկնել է թեժ գիծ, մինչև վերջին օրը մարտնչել պատերազմի դաշտում: Հանդեսը վարողների, մանուկների ելույթներին զուգահեռ՝ էկրանին ցուցադրվում էին հոլովակներ, լուսանկարներ՝ բժշկի անցած ուղու մասին:
Կարդացեք նաև
Հնչեցին նրա կենդանի խոսքերը և պատերազմի, և հետագա տարիների մասին: Միջոցառման անմիջական մասնակիցների կողմից արվեցին մեջբերումներ՝ պատերազմի տարիներին նվիրված 8-հատորյա հուշագրություններից, կնոջն ու երեք դուստրերին գրած նամակներից: Երևակայական հարցազրույցն առավել բացահայտեց մեծ հայի, բարեհոգի ու հոգատար բժշկի, արվեստագետի, սիրելի ամուսնու և ծնողի, նժդեհականի և դաշնակցականի էությունը: Նրա անցած ուղին բերվեց օրինակ՝ որպես իսկական հայի ճանապարհի: Բժիշկը լավ էր հասկանում, որ հարաբերական դադարը դեռ պատերազմի ավարտը չի, դեռ շատ գործ կա անելու, հասկանում էր, որ ազատագրված տարածքները պետք է շենացնել, հենց այդ պատճառով իր հետագա կյանքը նվիրեց Քաշաթաղիին՝ Բերձոր շրջկենտրոնում 1995-96 թվականներին հիմնեց հիվանդանոց: Գլխավոր բժիշկը նաև առաջին վերաբնակիչներից էր, ով արեց ամեն ինչ՝ բուժմիավորումը զարգացնելու, բնակչության առողջական խնդիրները թեթևացնելու համար: Եվ, չնայած հիվանդանոցային դժվար պայմաններին, կատարում էր վիրահատություններ, ազատագրված հայրենիքում ընդունում ծնունդներ՝ ունենալով պարտադիր պայման, որ ամեն նորածին քաշաթաղցի պետք է հայկական անուն ունենա:
Մշակութային մասից հետո Արցախի մասին հիշողություններ պատմեցին մարտական ընկեր Սարգիս Հացպանյանը, գործընկեր, Արցախյան գոյամարտի մասնակից կանանց միության հիմնադիր և նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, ով նկարագրեց դաշտային հոսպիտալը և Արցախի աշխատանքն այնտեղ: Գնդապետն Արցախին հետմահու պարգևատրեց «Հայոց բանակ-20 ամյակ» մեդալով, որն Արցախի կնոջ՝ Սոնայի առաջարկով հանձնվեց բժշկի եղբորորդուն: Քաշաթաղի հոգևոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանը, ով դեռևս 1960-ական թվականներից է ընկերացել Արցախին, միասին են Վարագ Առաքելյանի և այլ նվիրյալների հետ Նժդեհի մասունքներն ամփոփել Սպիտակավոր եկեղեցու մոտ ու Խուստուփի լանջին, ներկայացրեց ընկերոջը՝ որպես իդեալական մարդասեր և հոգատար բժշկի, հայի:
Արցախի կինը՝ Սոնա Հովեյանը, ով նաև բժշկի հեղինակած գրքերի խմբագիրն է, հաճախ գրիառնողը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին: Երեկոն ամփոփեց Վովա Բունիաթյանը՝ Արցախի եղբայրը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին, մասնակից մանուկներին, կազմակերպիչներին, նշեց նաև, որ արդեն ժամանակն է՝ Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը կոչել բժշկի անունով: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը տեղեկացրեց, որ հիվանդանոցի նորակառույց շենքը շուտով կհանձնվի շահագործման, և բուժմիավորման անձնակազմի առաջարկով այն բժշկի անունով է կրչվելու: Ավանի մշակույթի տան տնօրեն, Արցախի եղբոր դուստր Անահիտ Բունիաթյանի նախաձեռնությամբ իրականացված ցերեկույթը, որը նաև անցած տարի տպագրված «Հուշապատում» գրքի շնորհանդեսն էր, ամփոփվեց Գուսան Հայկազունի «Պիտի գնանք…» երգով:
Զոհրաբ Ըռքոյան




















































