Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը» խորագրով Ցուցահանդեսի բացում Վարշավայում

Մարտ 09,2016 18:20

Մարտի 3-ին Լեհաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարշալ Յոզեֆ Պիլսուդցկու անվան գրադարանում տեղի ունեցավ «Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գորունվալդից մինչև Մոնտե Կասսինո» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Լեհաստանի պաշտպանության նախարարության մարշալ Յոզեֆ Պիլսուդցկու անվան գրադարանի և Լեհաստանի հայկական հիմնադրամի կողմից` ՀՀ դեսպանության և ԼՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պրոֆեսոր Վոյչեխ Ֆալկովսկին, Վարշավայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, ԼՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության և այլ ուժային կառույցների բարձրաստիճան սպաներ, Լեհաստանի բանակի վետերաններ, լեհական բանակում ծառայած նշանավոր հայ զինվորականների ժառանգներ, դիվանագետներ, հայկական մի շարք կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, Լեհաստանի ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողներ և այլք:

Ցուցահանդեսին ներկայացված են տարբեր ժամանակաշրջաններում Լեհաստանի բանակում իրենց ծառայություն անցած հայազգի նշանավոր սպաների մասին ցուցապաստառներ, նրանց կողմից կիրառված զենքեր և այլն:

Բացման արարողությանը հետևեց գրադարանի դահլիճում կազմակերպված հանդիսավոր նիստը, որի ընթացքում ընթերցվեց ԼՀ Սեյմի մարշալեկ (նախագահ) Մարեկ Կուխչինսկի ողջույնի ուղերձը, իսկ ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ պաշտպանության նախարարի տեղակալ պրոֆեսոր Վոյչեխ Ֆալկովսկին, ԼՀ ՊՆ գրադարանի տնօրեն, դոկտոր Յան Տարչինսկին, Լեհաստանի հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքցենտովիչ-Բոհոսևիչը:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը, կարևորելով Լեհաստանում հայերի մասնակցությունը տնտեսության, գիտության, մշակույթի զարգացմանը, ինչպես նաև պաշտպանության ու անվտանգության կազմակերպմանը, նշեց, որ ցանկացած երկրում հայերը բնութագրվում են իբրև ստեղծագործ և նախաձեռնող, աշխատասեր և հավատարիմ` նվիրված այն երկրին, որտեղ նրանք ապրում են: Դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ զինվորական ծառայության մեջ քաջագործությունը նախահայրերից հայերին փոխանցված մի անբացատրելի ուժ է: «Նույն քաջությամբ է այսօրվա Հայկական բանակը, սեփական զինվորների արյան թանկ գնով, պահպանում մի խաղաղություն, որը պետք է ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև ողջ Եվրոպային և աշխարհին»: Դեսպանն անդրադարձավ նաև լեհ խաղաղապահների հետ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությանը միջազգային խաղաղարար առաքելություններին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ Զինված ուժերի մասնակցության մասին, որից հետո հայկական «Մուսալեռ» անսամբլի կողմի ներկայացվեց հայկական ժողովրդական երաժշտության և պարի համերգային ծրագիր:

Ցուցահանդեսի բացման արարողությունից առաջ միջոցառման մասնակիցները, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի գլխավորությամբ, այցելեցին Վարշավայի կենտրոնում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը հավերժացնող հուշարձան, որտեղ տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն:

Ցուցահանդեսը կշարունակի գործել առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031