Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է Ն. Քոչինյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Օգոստոս 02,2016 11:55

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն. Քոչինյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ն.Քոչինյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 02.00-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա, գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանը, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է։

Բացի այդ, պարզվել է, որ Ա. Կախյանը, գտնվելով հետախուզման մեջ, 2016 թվականի փետրվարին ապօրինի կերպով հատել է ՀՀ սահմանը։ Նա հայտնաբերվել է 2016 թվականի հունիսի 26-ին Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Կախյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել մասնակի։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031