Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Հայաստանում շեշտադրվեց այն կազմակերպությունների կարևորությունը, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության ու մոնիտորինգի հարցերով»

Օգոստոս 08,2016 11:40

2016 թ.-ի օգոստոսի 5-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ԵՄ Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովան այցելեցին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության գրասենյակ:

Հանդիպման ժամանակ դեսպան Միլսը հետաքրքրվեց ինչ խնդիրներ կամ դժվարություններ են ծագել 2016թ. հուլիսի 17-ից մինչ օրս խաղաղ երթերի ժամանակ ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:

Հիշեցնենք, որ 2016 թ.-ին ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբավորման տեղի ունեցան խաղաղ բնույթ կրող երթեր, որի ժամանակ, մասնավորապես՝ հուլիսի 17-ին, Խորենացի փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը «Սարի թաղում» ոստիկանների կողմից բռնության ենթարկվեցին և ապօրինաբար ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Կազմակերպությունը ևս ստանձնել է այդ օրերին ոստիկանության ապօրինի գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

Կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց այդ դեպքերի վերաբերյալ հավաքագրված ինֆորմացիան, ինչպես նաև այն խնդիրները, որոնք ծագել են ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում: Կազմակերպության աշխատակիցները իրենց գնահատականը տվեցին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:

Դեսպան Միլսը նշեց. «Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում շեշտադրվեց այն կազմակերպությունների կարևորությունը, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության ու մոնիտորինգի հարցերով, որոնցից մեկն էլ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն է: Ինչպես «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, այնպես էլ դեսպանատունը խորապես անհանգստացած են Էրեբունու դիմակայության օրերին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ու իրենց աշխատանքն իրականացնող լրագրողներին թիրախավորելու մասին արժանահավատ հաղորդումներով: Դեսպանատունը մտահոգված է, որ դեռևս շարունակվում են խաղաղ հավաքներ անցկացնելու ու խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնող քաղաքացիներին բերման ենթարկելու մասշտաբային դրսևորումները, ինչը տեղի ունեցավ նաև երեկ գիշեր, երբ ցույցի ավարտին 25 ցուցարարներ ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին՝ անբացատրելի պատճառներով: Ուժային կառույցները և կառավարությունը չպետք է օգտագործեն հասարակական անվտանգությունն ու կարգը պահպանելու իրենց պարտավորությունը որպես միջոց, որով կվախեցնեն Հայաստանի քաղաքացիներին՝ իրացնելու խաղաղ ցույցերի մասնակցելու իրենց իրավունքը»:

Անդրեա Խալուպովան ևս նշեց, որ անհանգստացած է Հայաստանում վերջին իրադարձությունների հետ կապված մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով:

Հանդիպման վերջում կողմերը հույս հայտնեցին, որ ոստիկանության կողմից թույլ տված խախտումները համապատասխան քննության կենթարկվեն և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար մեղավոր անձիք պատասխանատվության կենթարկվեն:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031