Քիչ առաջ Արշակունյաց 278 հասցեի վեց ընտանիքներ` մեծով փոքրով փակեցին Արշակունյաց պողոտան: Մի քանի րոպե երթեւեկությունը կանգնելուց հետո բնակիչները որոշեցին բացել փողոցը` սպառնալով` եթե իրենց կոյուղու հարցը չլուծեն, ավելի երկարաժամկետ են փակելու:
Բանն այն է, որ այս հասցեի հարեւանությամբ, որտեղ տեղակայված է նաեւ Վարդանանք ռեստորանը, մի կառուցապատող խորը հիմք է փորել եւ փակել ընդհանուր օգտագործման կոյուղին, ինչի հետեւանքով կեղտաջրերը լցվում են բնակիչների տները: Երբ նրանք բողոքել եւ պահանջել շինարարությունը դադարեցնել եւ կոյուղին բացել, կառուցապատողը ասել է` ես նախագծային բոլոր փաստաթղթերն ունեմ: Բնակիչների խոսքերով, իրենք կառուցապատողի դեմ ոչինչ չունեն, իրենց բողոքը Շենգավիթ Վարչական շրջանի եւ Երեւանի քաղաքապետարանի դեմ է, որոնց ենթակայությամբ գործող պաշտոնյաները նման «անօրինական նախագիծ» են կազմել:



Կարդացեք նաև
Բնակիչների խոսքերով, իրենց խնդրի մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որն այսօր բնակիչներից մեկին պատասխանել է ` խնդիրն ուսումնասիրման փուլում է:
Մեկ այլ բնակչի խոսքերով էլ, այդ նույնն է, որ կենսաապահովման ինչ-որ ենթակառուցվածք կտրեն ու ասեն`բոլոր փաստաթղթերն ունենք:
«Նույն Տարոն Մարգարյանը օրը մի քանի անգամ օգտվում է չէ՞ կոյուղուց, եթե նրա հետ այսպիսի խնդիր առաջանար, դիմեր համապատասխան մարմինների, ասեին սպասի, ի՞նչ կաներ: Խնդիրը հրատապ է, տասնյակ մարդիկ այս պահին չեն կարողանում օգտվել կոյուղուց: Փոքր երեխաներ են, լվացք, լողանալ, ինչպե՞ս անենք, կեղտաջրերը լցնում ենք կոյուղատար, բարձրանում լցվում է տուն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ



















































