Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք որ ԱԺ պատգամավոր եք, ուրեմն պիտի գաք ստեղ բան անե՞ք». Թեժ վիճաբանություն՝ Վանաձորում

Հոկտեմբեր 10,2016 13:48 Share

«Անօրինական հայտարարություն եղավ, որը չի վերաբերում ՏԻՄ ընտրություններին»,- քիչ առաջ Վանաձորում ավագանու անդրանիկ նիստի ժամանակ հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Հեղինե Բիշարյանը:

Այս պահին Վանաձորում նախապատրաստվում են քաղաքապետի ընտրությանը, բայց մթնոլորտը թեժ է, թեժացավ հատկապես տիկին Բիշարյանի հայտարարությունից հետո:

«Դուք ազատ եք հեռախոսներ ունենալու, ձեզ խաբեցին, կեղծ հայտարարություն է եղել, օրենքը չի պարտադրում»,- ասաց տիկին Բիշարյանը:

ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանն էլ վրա տվեց. «Դուք իրավունք չունեք ոչ մի հայտարարություն անելու»:

Սկսվեց թեժ վիճաբանություն, մի երիտասարդ մոտեցավ տիկին Բիշարյանին ու նետեց. «Այստեղ իրավունք ունենք խոսել միայն մենք՝ ավագանիներս, ավելորդ հայտարարություններ թող չլինեն: Դուք որ ԱԺ պատգամավոր եք, ուրեմն պիտի գաք ստեղ բան անե՞ք»:

Նախքան ընտրությունների մեկնարկը, տիկին Բիշարյանը դժգոհեց նաեւ, որ. «Ուզում են օգտագործել ծրարներ, ես խոսել եմ Տիգրան Մուկուչյանի հետ, նման պահանջ չկա: Հիմա թեժ վեճը հաշվիչ հանձնաժողովում գնում է դրա շուրջ: Երկրորդ՝ քննարկվում է, մի գույնի գրիչ օգտագործեն: Դա էլ իրավունք չունեն, քաղաքացին ինքն է որոշում ինչ գույնի գրիչով ընտրի: Նույնիսկ մենք՝ ԱԺ պատգամավորներս, խորհրդարանում ընտրության ժամանակ քվեարկում ենք առանց ծրարների: Ինչու պետք է 33 մարդ քվեարկի ծրարով: Մեր պահանջն է, որ ոչ ծրար լինի, ոչ էլ ճնշում լինի, թե ինչ գրիչով քվեարկեն: Սրանք հոգեբանական բաներ են, որպեսզի ճնշում գործադրեն ավագանիների վրա: Իշխանությունները նպատակ ունեն ճնշում գործադրել, որպեսզի ավագանու իրենց անդամները շեղվեն իրենց պայմանավորվածությունից, թե ում են քվեարկելու: Համոզեն, որ որեւէ ձեւ չկա ձեր քվեարկությունը փաստելու, այնպես որ, կարող եք ձեր որոշումներից շեղվել: Սա է մտահոգությունը:  Ես որեւէ մեկի համար պատասխան տալ չեմ կարող: Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմի անդամները քվեարկելու են այնպես, ինչպիսի որոշում կայացրել ենք»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց. «Ինդիկատորն այն է, որ եթե 18 մարդ ստորագրել է, պայմանավորվել, որ քվեարկելու է X-ի օգտին, իսկ 15 մարդ պայմանավորվել է, որ քվեարկելու է Y-ի օգտին, ու 15 մարդու աջակցություն ունեցող մարդն առաջադրվում է, նրա հույսը ո՞րն է, սա ի՞նչ է նշանակում: Հույսն այն է, որ ճնշումներ պետք է լինեն, մարդիկ քաղաքական պայմանավորվածություններից դուրս գան, եւ քվեարկեն իրենց օգտին, ուրիշ տարբերակ այստեղ չկա»:

Վանաձորի քաղաքապետի ընտրություններում թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից Մամիկոն Ասլանյանը եւ «Լուսավոր Հայաստանից» Քրիստ Մարուքյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այ մարդիկ,ինչի համար եք իրար կոկորդ կրծում՝աղբահանության համար?:Վանաձորի թե Գյումրու համայնքապետը ինչ? կարող է փոխել,եթե նույնիսկ մեծ ցանկություն էլ ունենա և ինչով?:Այլ կլիներ վիճակը,եթե հասարակական կարգի պահպանումը,սոցիալական ապահովումը,գործազուրկների հարցերի լուծումը,հարկահավաքությունը համայնքի լիազորությունների տակ լինեին և նա որոշեր,ոչ թե վերևից պարտադրեին:
    Իշխանական կուսակցության ներկայացուցիչներին էլ հորդորում եմ քվեարկել ընդիմության ներկայցուցչի կողմին:Մեկ տարի հետո կերևա ով ով է….

Պատասխանել Seyran

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31