Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Շահինյանն անձնական թշնամություն ունի Վանոյի Արտակի հանդեպ. փաստաբան

Հունվար 12,2017 19:40

Խոշոր չափերով խարդախության փորձի և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստության մեջ մեղադրվող Արտակ Գալստյանի՝ Վանոյի Արտակի պաշտպան Սուսաննա Սարգսյանը պնդում է, որ վկայի կարգավիճակից այս կողմ Արտակ Գալստյանը չպետք է անցներ:

«Արտակ Գալստյանը, առաջադրված մեղադրանքին դեռ նոր ծանոթանալով, մեկնաբանության մեջ նշել է, որ չի հասկանում մեղադրանքը, քանի որ այն մառազմի ժանրից է, ու նորմալ մարդը, շարքային քաղաքացին, որը դատահոգեբանի որակավորում չունի, չի կարող հասկանալ ու ընկալել այդ մեղադրանքը:

Մեղադրանքի նկարագրական մասում ներառվել են այնպիսի տվյալներ, որոնք գործում ձեռք բերված ոչ մի ապացույցով չի հիմնավորվում, այսինքն, մենք ամբողջ գործն ուսումնասիրում ենք, գործում առկա ապացույցների, փաստաթղերի մեջ նման տեղեկություններ չկան, թե որտեղից են վերցրել, մտցրել նկարագրական մասում ու դարձրել մեղադրական, մեզ համար անհասկանալի է: Հիմա մեր պաշտպանյալի իրավունքները պաշտպանելու համար պետք է հասկանանք՝ նման տվյալներ առկա՞ են, թե՞՝ ոչ, չնայած գործում առկա չեն: Միգուցե առանձնացված մասում կան ինչ-որ բաներ, որոնք չեն ներառվել»,- այսօր Արտակ Գալստյանի գործով դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց փաստաբան Սուսաննա Սարգսյանը:

Նրա խոսքով, նախաքննության ժամանակից սկսած բարձրաձայնել են, Արտակ Գալստյանն էլ իր ցուցմունքներում նշել է, որ գործը սկզբից մինչեւ վերջ կեղծված է, սարքվել է. «Կարեն Բաբակեխյանի մասով Արտակ Գալստյանին մեղադրանք առաջադրեցին, Անի Հովհաննիսյանի մեղադրանքի ծավալն էլ փոխեցին մի նպատակով, որ Արտակ Գալստյանին սարքեն ՀՔԾ սուբյեկտ, որովհետեւ Գալստյանի նկատմամբ ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանն ունի անձնական թշնամանք, ատելություն:

Հենց Բաբակեխյանի ցուցմունքով ու հաղորդման հիմքով մինչեւ Արտակ Գալստյանին մեղադրանք առաջադրելը Բաբակեխյանից շորթում կատարելու փաստի վերաբերյալ նախաքննության մարմնի մոտ արդեն իսկ բոլոր հերքող ապացույցներն եղել են, որ Բաբակեխյանը սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին:

Բայց այդ կեղծված տեղեկությունների պարագայում նույնիսկ Արտակ Գալստյանին մեղադրանք առաջադրվեց ու վեց ամսով պահվեց կալանքի տակ:

Որից հետո անցած տարի՝ նոյեմբերի յոթին, մեղադրանքը վերացվեց, բայց խափանման միջոցը չփոփոխվեց, որը պետք է փոփոխվեր օրենքի համաձայն, բայց ոչ միայն չփոխվեց, այլեւ օրեր անց նրա մեղադրանքն ամբողջովին փոփոխվեց:

Օրենսդրական ահռելի բացեր կան, եթե անձի դեմ որեւէ շահագրգռվածություն չունենան կալանքի տակ պահելու կամ մեղադրելու, այս փաստական հանգամանքների պարագայում Արտակին պետք է ի սկզբանե ընդհանրապես մեղադրանք չառաջադրվեր, վկայի կարգավիճակից այս կողմ չպետք է անցներ»:

Փաստաբանն այսօր դատարանում միջնորդեց Գալստյանի կալանքը որպես խափանման միջոց փոխել, ինչը դատարանը մերժեց՝ հիմք ընդունելով, որ վկաներից Մհեր Փարվանյանը ազատության մեջ է, դեռ չի հարցաքննվել, ու Գալստյանը կարող է ազդեցություն ունենալ նրա վրա: Իսկ այս գործով տուժողը, ըստ փաստաբանի, որը ընդամենը մի անգամ է հարցաքննվել նախաքննության ժամանակ, լքել է Հայաստանը, նրա վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա, բայց հեռակա տուժող է ճանաչվել:

Վահրամ Շահինյանի պարզաբանումը՝ իրեն վերագրվող անձնական թշնամանքի մասին, կներկայացնենք ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031