Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գրիգորյան. «Գնում ենք ընտրության, որ ի՞նչ անենք» (Տեսանյութ)

Մարտ 03,2017 14:19

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ ընտրության կարգը բարդացված է: Այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում ներկայացնելով իր դիտարկումները, բանախոսը նկատեց, որ նախ ընտրողն այս անգամ պետք է երկու ցուցակների հետ գործ ունենա`տարածքային եւ համամասնական, մինչեւ բուն քվեարկության հասնելը` փաստաթղթերի լրացման եւ գրանցման ավելի երկար, ժամանակատար գործընթաց է: «Կարծում եմ, որ որոշ ընտրողներ դեռ չգիտեն էլ, թե ո՞ր գործողությունը պիտի կատարեն, որպեսզի ընտրեն իրենց թեկնածուին»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը` հավելելով, որ մարդիկ իրենց գործողությունների տարրական հաջորդականությունը դեռ չեն կարողանում տարբերակել: Իհարկե, տեսահոլովակ կա, հեռուստատեսությամբ, համացանցում ներկայացվում է, բայց դեռ անգամ տարրական հարցերում մարդիկ չեն կարողանում տարբերակումներ դնել:

Այլ մանրամասները` տեսանյութում

Այս բարդացումներն արհեստական են, թե`ոչ, Հերիքնազ Տիգրանյանը դժվարանում է ասել. «Միգուցե լավագույն լուծումն են փորձել տալ, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանն էլ հարց է հնչեցնում`գնում եք ընտրության, որ ի՞նչ անենք, ի՞նչ ենք ուզում փոխել: Սա, իր կարծիքով,  գլխավոր հարցն է ու թե դրա պատասխանը չունենք, ապա կարեւոր չէ, թե ի՞նչ տեխնիկական միջոցներ են կիրառվելու այս ընտրություններում եւ ինչպե՞ս են կեղծումներ իրականացվելու:

«Իբրեւ կառավարման համակարգը պետք է փոխվի, սա իրականում կարեւոր ընտրություն է: Ցավում եմ, ոչինչ էլ չի փոխվելու: Գլխավոր հարցը դրած մի կողմ, մենք տեխնիկական մանիպուլյացիաներն ենք քննարկում»,- ասաց նա`հավելելով, որ կարմիր գծեր վերացնելու եւ համանման ծրագրերով երկրում ոչինչ էլ չենք փոխելու: Եթե սին չեն իշխանության պնդումները` երկրում նորմալ ընտրություններ իրականացնելու, եւ իրականում իրավիճակ փոխելու մասին, ապա, բանախոսի կարծիքով, պետք է առնվազն վերլուծություն ներկայացվեր նախորդ ընտրությունների փորձի, սխալների, դրանցից քաղած դասերի մասին: Դա չկա: Ուստի, նա կարծում է, որ ապրիլի 2-ին այս իրավիճակից դեռ մի բան էլ հետընթաց ենք գնալու:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձավ նաեւ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության նվազեցմանը` ԶԼՄ-ների համար հավատարմագրման սահմանումը, հավատարմագրման համար սահմանված որոշակի շեմերին, դիտորդի եւ վստահված անձանց լիազորությունների սահմանափակմանը, վերգետնյա հեռարձակում իրականացնող եւ մյուս լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունքին, լրագրողին եւ վստահված անձին հանձնաժողովի անդամների 2/3-ով տեղամասից դուրս հրավիրելու իրավասությանը եւ այլն: «Դիտորդը կամ լրագրողը անգամ եթե տեսնեն կատարվող ընտրախախտումը եւ փորձեն հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրել, ապա հանձնաժողովի նախագահը կարող է դա որակել իբրեւ իրեն տված ցուցում եւ դուրս հրավիրել նրանց»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը՝ նկատելով, որ  կամայական մեկնաբանություններով կարող են գործել հանձնաժողովների նախագահները:

«Սա նշանակում է, որ հսկող աչքից հեռու են իրականացվելու ընտրությունները»,- ասաց նա:

Թեպետ ընտրատեղամասերից 1500-ում ուղիղ հեռարձակում ապահովող սարքեր են տեղադրված լինելու, բայց Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ որեւէ երաշխիք չկա դրանց անխափան աշխատանքի համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031