Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկների նկարչուհու հաջողությունները Արթիկից մինչեւ Էստոնիա

Մայիս 25,2017 13:30

Հարցազրույց Լիլիթ Տոնականյանի հետ

Լիլիթ Տոնականյանը ծնվել ու ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2009թ.-ին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, իսկ 2016-ին՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, ունեցել նաեւ մի քանի անհատական ցուցահանդեսներ: Երիտասարդ նկարչուհին, որի գործերում գերակշռում են բնապատկերներն ու առավելապես՝ ծաղիկները, այս պահին աշխատում է վարդերի շարքի վրա:

– Լիլի՛թ, նկարչության ո՞ր ուղղությունն է քեզ ու քո ստեղծագործությանն առավել մոտ:

– Առավել շատ սիրում եմ իմպրեսիոնիստական ոճում ստեղծագործել, իմ գործերին բնորոշ է այդ ուղղությունը, ինձ հոգեհարազատ են Կլոդ Մոնեի, Դեգայի եւ այլոց ստեղծագործությունները:

– Իսկ այդ ուղղության ո՞ր նկարիչներին ես առավել համակրում, հա՞յ, թե՞ օտարերկրացի, անուններ կա՞ն, որ կուզենայիր առանձնացնել:

– Առանձնացնում եմ հայ իմպրեսիոնիստներից Եղիշե Թադեւոսյանին: Նրա աշխատանքներում կան ինձ հոգեհարազատ գույներ, տրամադրություն:

– Դու ավելի շատ բնանկարչուհի ես, գիտեմ, որ ինքդ էլ քեզ այդպիսին ես համարում. նկարներումդ պատկերված է հայկական բնությո՞ւնն ընդհանրապես, թե՞ մասնավորապես Արթիկը:

– Ճիշտ ես՝ բնանկարչուհի եմ: Սիրում եմ պատկերել մեր Արթիկի տեսարժան վայրերը, եկեղեցիներ…Նկարում եմ նաեւ Շիրակի դաշտավայրին բնորոշ էտյուդներ, փորձում եմ պատկերել վառ ու պայծառ գույներով. ես իմ քաղաքն ուզում եմ տեսնել այդպիսին:

– Գիտես, մի գրառում եմ նկատել քո էջում, որտեղ ասում ես, թե որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը…

– Այո՛, այդպիսի գրառում արել եմ: Իհարկե՛, շատ եմ ուսումնասիրել եւ՛ հայ, եւ՛ արտասահմանցի նկարիչներին, ուղղակի, քանի որ եղել եմ միայն Հայաստանում, այստեղի բնությունն եմ տեսել, այստեղի նիստ ու կացին եմ ծանոթ, երեւի դրանից է, որ ավելի շատ եմ սիրում հայ նկարիչներին: Մոռացա նշել Սարյանին, Մինասին… Նրանք իմ ամենասիրած նկարիչներն են, որոնց գույներով ես շատ եմ ոգեշնչվել ու կտավներ ստեղծել: Սիրում եմ նաեւ Վան Գոգին, ունեմ արեւածաղիկիների շարք՝ ոգեշնչված նրա կտավներից, մասնավորապես՝ «Արեւածաղիկներից»: Փորձեր արել եմ Պիկասոյի աբստրակտից…

– Գիտեմ, որ ցուցահանդեսի հրավեր ունես նաեւ Իտալիայից, սակայն բնական է, որ ամենը կապված է ֆինանսական հարցերի հետ: Այս ընթացքում փորձե՞լ ես որեւէ կազմակերպության կամ հենց Նկարիչների միության աջակցությունը ստանալ: Գուցե կա՞ն երիտասարդ ստեղծագործողներին աջակցող ինչ-որ ծրագրեր:

– Առաջարկներ շատ ունեմ արտասահմանից, եթե միջոցներ գտնվեն, հաստատ կմասնակցեմ: «Դրսում» անհատական ցուցահանդեսներ ունենալն իմ երազանքն է: Դիմել եմ տարբեր կազմակերպությունների, սպասում եմ պատասխանի: Ինձ համար մեծ պատիվ է՝ ես դարձել եմ Էստոնիայի նկարիչների միության անդամ իմ տարած աշխատանքի շնորհիվ: Չէի սպասում, բայց շնորհակալ եմ, որ կան այնպիսի մարդիկ, որոնք գնահատում են իմ ջանքերը: Հույս ունեմ՝ շուտով Հայաստանի նկարիչների միության անդամ եւս կլինեմ:

– Ինչպե՞ս դա ստացվեց, ու ինչո՞ւ հենց Էստոնիա:

– Տեսել էին իմ աշխատանքները սոցիալական կայքի էջումս, հավանել էին ու առաջարկել դառնալ Էստոնիայի հայ նկարիչների միության անդամ: Ասացին՝ ուրախ կլինեն ինձ ու աշխատանքներս այնտեղ ներկայացնել: Ես էլ համաձայնեցի:

– Քանի որ պետություն-նկարիչների միություն-ստեղծագործող թեման բացվեց՝ կուզենայի իմանալ՝ ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անի մեր պետությունը երիտասարդ նկարիչներին աջակցելու համար:

-Նկարիչն ինքը պետք է ձգտում ունենա հասնելու նրան, որ դառնա Նկարիչների միության անդամ: Ժյուրի կա, արվեստագետներ, որոնք ավելի լավ գիտեն՝ ում ընդունել, ում՝ ոչ: Ընդհանրապես նկարչությունը պայքար է ու ջանք:

– Գիտեմ, որ երբեմն սիրում ես նկարել դասական երաժշտության ներքո: Ո՞ր կոմպոզիտորներն են այդ ժամանակ գերակշռում քո play list-ում:

– Նկարչությունը եւ երաժշտությունը համատեղելի են…Ստեղծագործում եմ հիմնականում Մոցարտի, Վիվալդիի ու Բախի երաժշտության ներքո:

– Եթե քեզ թույլ տաս համարձակ երազել, ապա ո՞րը կլինի ամենացանկալի երազանքը, որին կուզենայիր հասնել այս բնագավառում: Օրինակ՝ եթե դերասանների մոտ դա հիմնականում արտահայտվում է «Օսկար» ստանալով կամ վերջինիս մասին երազանքներով, ապա նկարիչների մոտ դա ո՞րն է:

– Շատ լավ հարց էր: Երազանքս է, որ իմ արվեստը նույնպես գնահատվի, իմ աշխատանքները ճանաչելի լինեն: Կուզենամ՝ իմ կատարած գործերն իրենց գնորդներին գտնեն. ո՛չ թե գնեն՝ գնած լինելու համար, այլ իսկապես հասկանան արվեստիս գործը եւ ամեն անգամ նայելիս վայելեն կատարածս աշխատանքը: Երազում եմ ստեղծել գործեր, որոնք մնայուն կլինեն…

– Լիլիթ, ունե՞ս աշակերտներ, որոնց փոխանցում ես ունեցածդ գիտելիքները:

– Այո, դասավանդում եմ Փանիկ գյուղի Արվեստի դպրոցում, ունեմ տասը հրաշալի աշակերտ, որոնց անունները, կարծում եմ, դեռ կլսենք:

– Գիտեմ, որ վերջին ցուցադրությունը, որին մասնակցել ես, եղել է Երեւանում՝ «Ծաղիկներ Երեւանին» խորագրով, որին ներկայացրել ես չորս աշխատանք: Բացի սրանից, ուրիշ ի՞նչ ցուցադրությունների ես մասնակցել:

– Ճիշտ նշեցիք, վերջինը եղել է Երեւանում: Ցուցադրությունների սկսել եմ մասնակցել դեռ ուսանողական տարիներից: Մինչ այս ունեցել եմ եւ անհատական, եւ խմբակային բազմաթիվ ցուցադրություններ:

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:

– Առաջարկ եմ ստացել աշխատանքներս ներկայացնել Դիլիջանում, հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ:

 

ԳԱՅԱՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

ԼԱՌԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

24.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031