Լրահոս
Օրվա լրահոսը

«Միրզոյան քառյակը» բազմաշերտ է գործում

Հունիս 10,2017 13:30

Քառյակը նաեւ «D’Addario» ընկերության
եւ «BAM» կորպորացիայի ներկայացուցիչն է տարածաշրջանում

Հայաստանցի երաժիշտներից եւ կոլեկտիվներից 1-2-ը հաջողություններ են գրանցում ոչ միայն զուտ ստեղծագործական, այլեւ վերջինիս անմիջականորեն վերաբերող ոլորտներում։ Ավելին՝ տարածաշրջանում հանդիսանալով առաջինն ու դեռեւս միակը։ Այս դեպքում խոսքը 2013 թ. հիմնադրված «Միրզոյան քառյակի» մասին է։

Քառյակի երաժիշտները՝ Արամ Ասատրյանը ¥առաջին ջութակ), Սոնա Ազարյանը ¥երկրորդ ջութակ), Արմեն Թորոսյանը ¥ալտ) եւ Վահան Գրիգորյանը ¥թավջութակ) 2014 թ. «Առավոտին» հայտնել էին, որ քառյակը ընդգրկվել է «D’Addario» ընկերության կազմում՝ որպես հայաստանյան ներկայացուցիչ։ Հիշեցնենք, որ հիշյալ ընկերությունը միջազգային շուկայում վաղուց ճանաչում ձեռք բերած ամերիկյան ֆիրմա է, որը զբաղվում է լարային գործիքների ¥ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կիթառ) լարերի արտադրությամբ։

Մեր հանդիպման առիթը «Միրզոյան քառյակի» արտիստների հետ երկուսն էր՝ նրանք նոր են վերադարձել ՌԴ կատարած համերգային շրջագայությունից եւ երկրորդ՝ ցանկություն ունեինք պարզաբանելու, թե այսօր ի՞նչ հարթության վրա է «D’Addario»-ի հետ համագործակցությունը։ Երաժիշտներից տեղեկացանք, թե հիշյալ ընկերության հետ շուրջ մեկ ամիս առաջ են ստորագրել պայմանագիր, ինչի արդյունքում արդեն կարող են գովազդել այդ ընկերության արտադրանքը, որը մեր երաժիշտները կարող են ձեռք բերել միայն քառյակի միջոցով։ Հիշեցրին նաեւ, որ տարածաշրջանում առայժմ իրենք միակն են։
Մեր զրուցակիցները տեղեկացրին նաեւ, թե այս տարի «Միրզոյան քառյակը» դարձել է միջազգային շուկայում ավելի քան 40 տարի գործունեություն ծավալած ֆրանսիական «BAM» կորպորացիայի անդամ, որն արտադրում է երաժշտական գործիքների համար ժամանակակից գերամուր եւ թեթեւ պատյաններ։

Երաժիշտներն ու հոբոյահար Ֆիլիպ Նոդելին։

Ինչ վերաբերում է քառյակի համերգային շրջագայությանը ՌԴ քաղաքներ, նախ հիշեցնենք, որ կոլեկտիվը համերգներով հանդես է եկել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբանանի քաղաքներում, վերջերս էլ Մոսկվայում եւ Կալուգայում։ Մոսկվայում համերգներ են ունեցել հեղինակավոր սրահներում, այդ թվում՝ «Բաշմետ» կենտրոնում։ Ներկայացրել են Միրզոյանի, Բրամսի, Ախունդովի ստեղծագործություններից։ Երեկոներից մեկում էլ Մոցարտի կվարտետների «Միրզոյան քառյակ»-ի մեկնաբանությանը միացել է հայաստանցի երաժշտասերներին ծանոթ հոբոյահար Ֆիլիպ Նոդելը։
Իսկ Կալուգայում հայաստանյան քառյակը լեգենդար կիթառահար Ալ Դի Մեոլայի ընկերակցությամբ մասնակցել է «Կիթառի աշխարհ» միջազգային փառատոնի եզրափակիչ երեկոյին՝ հնչեցնելով Պիացոլայի եւ Ալ Դի Մեոլայի երկերից ու մշակումներից։ Այս երաժշտին նույնպես մենք ծանոթ ենք ժամանակին Երեւանի օպերային թատրոնում նրա ունեցած փառահեղ ելույթից։

Միրզոյանցիները՝ Ալ Դի Մեոլայի ¥կենտրոնում) հետ։

Հետաքրքրությանը, թե պետական կարգավիճակ եւ առայժմ պրոդյուսեր չունեցող կոլեկտիվին ինչպե՞ս է հաջողվում դուրս գալ միջազգային ասպարեզ, այն էլ աշխարհահռչակ երաժիշտների հետ, ստացանք հետեւյալ պատասխանը. «Ալ Դի Մեոլայի հետ համագործակցությունը արդյունք էր քառյակի մասնակցությանը 2014 թ. «21-րդ դ. կոմպոզիտոր» միջազգային մրցույթում, որտեղ արժանացանք Գրան պրիի։ Հենց մրցութային օրերին էլ ծանոթացանք «Կիթառի աշխարհ» փառատոնի կազմակերպիչների հետ, իսկ ընդհանրապես մեր համերգային ուղեւորությունները արդյունք են քառյակի յուրաքանչյուր երաժշտի անձնական կապերի։ Իսկ, ասենք, Ֆրանսիայում մեր ունեցած համերգները դիրիժոր Ջորջ Փահլեւանյանի շնորհիվ էին՝ հենց Տուկե քաղաքում իր հիմնած փառատոնի շրջանակներում։ Ընդ որում, դիրիժորի հետ բեմ բարձրացանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում եւ այլն»։

«Միրզոյան քառյակը», բացի Երեւանում ունեցած համերգներից, ներկայանում է նաեւ մարզերի երաժշտասերներին ու հաճախ էլ վարպետության դասեր անցկացնում Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում։

Մեր զրուցակիցներն ասացին, որ պատրաստվում են 2016-17 թթ. համերգաշրջանի փակմանը հուլիսին՝ Երեւանում, իսկ առաջիկա արտասահմանյան համերգային շրջագայությունների վերաբերյալ էլ նշեցին, թե այս պահին կոնկրետ ոչինչ ասել չեն կարող, քանի որ միաժամանակ բանակցություններ են ընթանում մի քանի ուղղություններով։

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` «Միրզոյան քառյակի» միակ «Շուշանիկ» CD-ն։

«Առավոտ»

09.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930