Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթալի է եւ պատվաբեր չէ, երբ պատգամավորը նման ելույթ է ունենում» (Տեսանյութ)

Հունիս 10,2017 16:00

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը եւ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը:

Թեման` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի` կառավարության քայլերը, մասնավորաբար խորհրդարանի դատին ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» փաթեթը: Այն ընդունվեց առաջին ընթերցմամբ` 87 «կողմ», «դեմ» եւ «ձեռնպահ» չկար:

Նելլի Գրիգորյան.- Ի տարբերություն բազմաթիվ երկրների՝ Հայաստանում օրինականության պահպանման, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծվել են բազմաթիվ պետական կառույցներ` ԱԱԾ, ոստիկանություն, Հատուկ քննչական ծառայություն, դատախազություն, Քննչական կոմիտե: Ի հավելումն, այսպես ասած, ոլորտային կառույցներ` ՊԵԿ-ի քննչական ծառայությունը, զինվորական ոստիկանությունը եւ այլն: Իսկ կոռուպցիան Հայաստանում, մեղմ ասած, չի նվազում: Այս պարագայում եւս մեկ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման իմաստը ո՞րն է:

Սուրեն Քրմոյան.- Ձեր թվարկած կառույցների մեծամասնությունը իրավապահ մարմիններ են, քննչական կառույցներ են կամ դատախազությունն է: Ստեղծված մարմնի բնույթը ամրագրվում է հենց անվան մեջ` կոռուպցիայի դեմ պայքարի: Քաղհասարակության հետ քննարկումներում եկել ենք այն համոզման, որ պետք է մեկ մարմին ստեղծենք՝ մշտական հիմունքներով, համապատասխան մանդատով եւ լիազորություններով, որը պետք է կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվի:

Ն. Գ.– Թվարկված մարմինների առաքելությունը կարծես նույնն է` արդարության համար, այդ թվում նաեւ՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Պարոն Զադոյան, քաղհասարակությունն էլ էր կարծես կողմ առանձին մարմնի ստեղծմանը: Ինչի՞ համար էր անհրաժեշտ եւս մեկ մարմինը:

Կարեն Զադոյան.- Կարեւոր է, որ քաղհասարակությունը եւ կառավարությունը կարողացան ջանքերը միավորել եւ ռազմավարական առումով համաձայնության գալ` անկախ մարմնի ստեղծման, ապօրինի հարստացման քրեականացման եւ ազդարարների մարմնի ստեղծման առումով: Մարտավարական առումով մենք մտահոգություններ, իհարկե, ունենք: Իսկ այդ մարմնի դերը կարեւորում ենք, քանի որ այն մասնագիտացված է լինելու հենց կոռուպցիոն իրավախախտումների, կոռուպցիայի կանխարգելման, կրթության հարցերով: Շատ կարեւոր կլիներ, որ այս փաթեթի շրջանակներով մենք կարողանայինք լուծել մեկ միասնական` կոռուպցիոն հանցագործություններ քննող մարմնի խնդիրը: Ես չեմ կարծում, թե սա անիրականանալի է, մենք այս ուղղությամբ կշարունակենք աշխատել:

Նշեցիք իրավապահ, քննչական մարմիններ եւ ասացիք, որ վիճակը վատ է: Սա նշանակում է, որ կոնկրետ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցով այդ մարմինների արդյունավետությունը բարձր չէ: Ուստի այստեղ է կարեւոր, որ մենք ունենանք այդ առանձին քննչական ծառայությունը: Մենք այս պահից պետք է ուժերը միավորենք, որպեսզի ՀՔԾ-ի հիման վրա ստեղծենք այդ մարմինը:

Ն. Գ.- Վիճակը վատ է, քանի որ, կարծում եմ, Հայաստանում ռազմավարական առումով կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն չկա, այլապես, օրինակ, նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ԴԱՀԿ նախկին պետ, այժմ պատգամավոր Միհրան Պողոսյանի եւ էլի շատերի մասով մամուլի հրապարակումները պարզապես չէին անտեսվի: Այսինքն՝ խնդիրը ցանկության մեջ է, ոչ թե տարբեր մարմինների ստեղծման եւ նրանց վերապահված լիազորությունների:

Ս. Ք.– Ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն իրոք բոլոր խնդիրները չի լուծում, բայց եթե որեւիցե կառույցի կամ լրատվամիջոցի ակնկալիքն է, որ եթե թերթում մի բան է գրվում, կամ մամուլը որեւէ խնդիր է արծարծում, պարտադիր պետք է քրեական գործ հարուցվի, պարտադիր պետք է պատժվեն, դա այդպես չէ: Մենք ունենք անմեղության կանխավարկած: Ի վերջո, չի նշանակում, որ ցանկացած բարձրացված հարց իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Կառավարությունը քաղաքական կամք ունի, պայքարելու է, հուսով ենք, որ այդ պայքարին կմասնակցի եւ քաղհասարակությունը, մեր նոր գործընկեր բիզնեսը: Ներկայումս աննախադեպ իրավիճակ է` քաղաքական կամքի առումով: Կառավարությունը ոչ թե խոսում է քայլերի մասին, այլ մենք արդեն խոսում ենք իրավական երեւույթների մասին: Դրանք թելադրված են ոչ թե կառավարությունից, միջազգային փորձից, այլ հասարակությունից: Արդեն կյանքի ենք կոչել անկախ մարմնի ստեղծումը, ապօրինի հարստացման քրեականացումը եւ ազդարարների մարմնի ստեղծումը, կանխիկի սահմանափակումն էլ է ներառվել, հայտարարագրերը չտրամադրելու համար քրեական եւ վարչական պատասխանատվության ենթարկելու խնդիր է լուծվել:

Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն պետության խնդիրն է, այլ նաեւ հասարակության անհանդուրժողականությունը: Կարծում եմ, որ այժմ լավ նախապայման ունենք` հաջորդ հանդիպման ժամանակ խոսենք հասարակության արձագանքից եւ արդյունքներից:

Կ. Զ.– Նշեցիք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ես նույնպես կողմ եմ անմեղության կանխավարկածին, բայց հանրային գիտակցության մեջ այդ մարդիկ ընկալվում են որպես կոռուպցիոներներ: Այսինքն՝ այս մարմինը պետք է կարողանա փարատել այդ կասկածները կամ հակառակը` ապացուցել գործի պատժի անխուսափելիությունը, եւ օրինակները ներկայացվեն հանրությանը: Ինչքան շատ օրինակներ լինեն` հանրությունն արդեն կվստահի կառավարության այդ գործառույթի իրականացմանը:

Ն. Գ.– Մի կողմից՝ շատանում են կոռուպցիայի դեմ պայքարող պետական կառույցները, մյուս կողմից` քաղաքացու վրա է դրվում կոռուպցիոներին բացահայտելու գործը: Խոսքը ազդարարների ինստիտուտի մասին է, որն ինչպես նաեւ խորհրդարանական քննարկումներից երեւաց, անգամ երկրի գլխավոր քաղաքական մարմնում միանշանակ չի ընկալվում: Որոշ պատգամավորներ էլ են կարծում, թե դա «գործ տալ» է:

Կ. Զ.- Կոռուպցիայի դեմ պայքարը երեք հիմնասյուների վրա է հիմնված: Առաջինը հակակոռուպցիոն կրթությունն է: Կարծում եմ, որ նաեւ պատգամավորները պետք է կրթվեն եւ ամբիոնից ելույթ ունենալուց առաջ գոնե մտածեն` ինչի՞ մասին են խոսում, գոնե խնդրին մասնագիտորեն տիրապետեն: Իրոք ամոթալի է եւ պատվաբեր չէ, երբ երկրի խորհրդարանի պատգամավորը նման ելույթ է ունենում: Ազդարարներն այն անձինք են, որոնք իրավապահ մարմիններին տեղեկացնում են կոռուպցիոն դեպքերի մասին, հանրությանն են տեղեկացնում խնդիրների մասին, որպեսզի այդ խնդիրները վերացվեն: Դրանք «գործ տվողները» չեն, դրանք մեր պարկեշտ, իրավունքը հարգող քաղաքացիներն են, ում պետությունը, հասարակությունը պետք է սատար կանգնի:

Մենք դիմել էինք բոլոր խմբակցություններին, մեր առաջարկներն էինք ուղարկել փաթեթի վերաբերյալ, արձագանքել է միայն «Ելք» պատգամավորական դաշինքը: Հանդիպել ենք նաեւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ: Ցավոք, մնացած խմբակցություններն այդպես էլ չեն ցանկացել հանդիպել: Եթե հանդիպեինք ՀՅԴ-ի հետ, վստահ եմ, որ այդպիսի ելույթ չէր էլ լինի:

Ն. Գ.– Իսկ հաշվարկվե՞լ է` այս հերթական մարմինը ի՞նչ կարժենա հարկատուներիս:

Ս. Ք.– Աշխատակազմը շատ մեծ չի լինելու: Փորձելու ենք միջազգային պահանջներին բավարար ռեսուրսներ ունենալ: Բայց ամենակարեւոր խնդիրը, որ կդրվի մարմնի առջեւ, հաշվետվողականությունն է: ‘

Կ. Զ.- Մենք առաջարկում էինք, որ հանձնաժողովի անդամներն ընտրվեն մրցույթով, ինչն ի վերջո ամրագրվեց: Բայց առաջարկել ենք, որ հակակոռուպցիոն կամ բարեխղճության ոլորտի համապատասխան ստաժ ամրագրվի: Մասնագիտական ստաժ ամրագրելը ծիծաղելի է: Այդ հանձնաժողովում հասարակական բարձր վստահություն վայելող մարդիկ պետք է լինեն, ոչ թե մասնագետներ: Մասնագետներն աշխատակազմում պետք է լինեն: Հույս ունենք, որ մեր այդ եւ այլ առաջարկներ մինչեւ երկրորդ ընթերցում հաշվի կառնվեն:

Զրույցն ամբողջությամբ`

Զրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ»

09.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930