Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի նյույորքյան ֆիասկոն

Սեպտեմբեր 27,2017 12:00

«Չնայած բոլոր տեսակի քաղաքական առասպելներին»

Անցած օրերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արտահայտած դիրքորոշումների առումով հարուստ էին:

Նախ` սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջին լիագումար նիստում հանդես եկավ ելույթով, որում անդրադառնալով ապրիլյան պատերազմին` համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ միջազգային դատարանները դեռ իրենց վճիռները կկայացնեն: «Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը՝ իրականության հետ կապը կորցրած հարեւան երկրի իշխանությունների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում եւ այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը»:

Փաստացի, Սերժ Սարգսյանն արձանագրեց, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի համար ավելի դժվար է մտածել փոխզիջումների մասին: Սա, ըստ էության, նշանակում է, որ պաշտոնական Երեւանի կողմից դիրքորոշումն էլ ավելի է կարծրացել:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախապայմաններ, թե որ դեպքում կարող են բանակցություններ ընթանալ: «Չի կարող լինել որեւէ կայուն խաղաղություն, մինչեւ Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ: Մենք համոզված ենք, որ միջազգային խաղաղության պահպանման եւ հակամարտությունների կանխարգելման համար կարեւոր է մարդու իրավունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքների իրացումը, քանի որ գրեթե բոլոր դեպքերում այդ իրավունքի սահմանափակումը առաջացնում է քաղաքական ճգնաժամ եւ ապա՝ պատերազմ»: Ապա նա նշեց. «Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ պետության դիրքորոշումը մնացել է նույնը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը ունի սեփական երկրում ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու բնական իրավունք, եւ պարբերաբար անցկացվող հերթական ընտրություններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ ու հայրենասեր քաղաքացիների ջանքերով ամեն օր իրացնում է իր այդ իրավունքը: Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է: Մնացյալ հարցերը կարելի է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Տարիների ընթացքում, չնայած բոլոր տեսակի քաղաքական առասպելներին, մենք ապացուցել ենք՝ այս ուղուց մեզ շեղել հնարավոր չէ»:

ԼՂ-ի կարգավիճակն ու անվտանգության ապահովումը` նախապայման

Սեպտեմբեր 20-ին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում Սերժ Սարգսյանն իր ելույթի ծավալուն հատվածը նվիրեց Ղարաբաղյան հակամարտությանը` արձանագրելով, որ կողմերը դեռ շատ հեռու են խաղաղությունից` դրանում մեղադրելով պաշտոնական Բաքվին. «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը: 2016թ. ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության եւ ռազմագերիների հանդեպ»: ՀՀ նախագահն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, առաջ քաշեց երկու նախապայման` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքն ու անվտանգության ապահովումը. «Մնացած հարցերն ածանցյալ են եւ կլուծվեն խնդրի կարգավորմանը զուգահեռ»: Ապա ՀՀ նախագահը հստակեցրեց. «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միեւնույն է՝ Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ եւ վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի եւ հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային եւ ներքին մեխանիզմներով»:

Ֆոտոսեսիա` աշնանային Նյու Յորքում

Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից, ինչպես երեւում է, բավական նյարդայնացրել էր Ադրբեջանի նախագահին: «Ադրբեջանական լվացքատան» շուրջ սկանդալից ու խայտառակությունից հետո, իհարկե, կարելի էր ակնկալել, որ Ալիեւն, ինչպես միշտ, ԼՂ խնդրի չկարգավորված լինելու մեջ մեղադրելու է Հայաստանին, սակայն ՄԱԿ-ի ամբիոնից նրա ելույթը ցույց է տալիս, որ Ալիեւը մի տեսակ «ազատ անկման»  մեջ է:

Նախ՝ Ալիեւը ՄԱԿ էր ներկայացել կնոջ` երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի եւ դստեր հետ, որոնք իրենց պահվածքով, մեղմ ասած, ադեկվատ չէին, եւ համացանցն այս օրերին հեղեղված է Ալիեւի դստեր` ՄԱԿ-ում հոր ելույթի ընթացքում «սելֆիներով» ֆոտոսեսիայի մասին պատմող հրապարակումներով:

Ալիեւը ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ելույթը սկսեց Ղարաբաղյան խնդրից՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: «Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միեւնույն ժամանակ պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն: Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016թ. ապրիլին»: Ապրիլյան պատերազմի պատասխանատվությունն ու նախաձեռնությունը դնելով հայկական կողմի վրա՝ Ալիեւը միջազգային համայնքին հավաստիացրեց՝ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»:Փաստացի, արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետեւողական հորդորները՝ ռազմական հռետորաբանությունից խուսափել, լարվածությունը դադարեցնել, Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից դարձյալ սպառնաց հայկական կողմին եւ ՀՀ նախագահի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց:

Ալիեւի պահվածքը վկայում է այն մասին, որ նրան ոչինչ չի մնացել, քան միջազգային հեղինակավոր ամբիոններից բացառապես սպառնալիքներ ու վիրավորանքներ հնչեցնելը: Սա ակնհայտորեն խորքային բարդույթ է, Ղարաբաղյան հարցում իր պաշտոնավարման ընթացքում կրած ֆիասկոյի եւ ԼՂ հարցում սեփական «հաղթական» քարոզչության տապալման գիտակցում:

Ադեկվատության բացակայության մասին է փաստում Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ հրապարակումների, զեկույցների, գնահատականների ֆոնին Ալիեւի ելույթի այս հատվածը. «Հիմնարար բոլոր իրավունքները մեր երկրում երաշխավորված են, այդ թվում՝ խոսքի ու հավաքների ազատությունը»: Սա նշում է մի երկրի առաջնորդ, որի երկրում լրագրողներին ազատազրկելու, ընդդիմախոս իրավապաշտպաններին, փորձագետներին բռնի ճնշելու, ազատազրկելու մի քանի տասնյակ փաստեր կան, որոշների դեպքում էլ երկրից ուղղակի փախչելու դեպքեր, իսկ ալիեւյան կլանի կառավարումը ուղղակի անվանվում է բռնապետական կառավարում միջազգային մամուլի էջերում:

Հավելենք նաեւ, որ սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը մասնակցեցին ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Իլհամ Ալիեւը:

ԱՄՆ-ը ձգտում է ընդլայնել ՀՀ-ի հետ շահավետ առեւտրային եւ ներդրումային կապերը

Սեպտեմբեր 21-ին ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Հայաստանը շնորհավորանքներ ստացավ: Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահին հղած շնորհավորական հեռագրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել հաջողությունները երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման գործում, ինչպես նաեւ «ռուս-հայկական արդյունավետ փոխգործողությունը Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ ԱՊՀ-ի շրջանակներում»: Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ «ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների, Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման հունով». «Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն եւ բարօրություն»:

ՀՀ Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այս տարի մենք նաեւ նշում ենք մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր Սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում: Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առեւտրային եւ ներդրումային կապերը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին եւ ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը»,- նշել էր Թրամփը: «Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ հայ ժողովրդին ժողովրդավարության, անվտանգության եւ տարածաշրջանային կայունության հարցերում ունեցած առաջընթացի համար: Լավագույն մաղթանքներս այս տոնական օրվա ու առաջիկա տարվա համար»,- ասվում էր ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

Սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է նաեւ հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Մենք բարձր ենք գնահատում առաջընթացը, որ ձեր երկիրը գրանցել է անկախացումից ի վեր, եւ հպարտ ենք աշխատանքով, որ կատարել ենք համատեղ: Մենք հանձնառու ենք Հայաստանում ժողովրդավարության առաջընթացին եւ ուժեղ ու թափանցիկ տնտեսության խթանմանը: Շնորհակալ ենք ձեզնից տարածաշրջանային կայունությանը եւ միջազգային խաղաղապահ գործողություններին ձեր նվիրվածության համար: Մենք մեծապես գնահատում ենք ավելի խաղաղ աշխարհ կառուցելու ուղղությամբ այդ ջանքերը»,- ուղերձում գրել է Թիլերսոնը` հավելելով. «Ակնկալում ենք Հայաստանի եւ իր ժողովրդի հետ շարունակական բարեկամության եւ գործընկերության շատ ավելի շատ տարիներ»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամփոփումը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

«Առավոտ» օրաթերթ, 26.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930