Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քայլում եմ ու խոսում եմ, մեր բժիշկները հոգով, սրտով պայքարում են». Արցախում վիրավորված Հայկ Թորոսյան

Հունվար 25,2018 00:05

«Ես քայլում եմ ու խոսում եմ, ամեն ինչ դեպի լավն է գնում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմում վիրավորված Հայկ Թորոսյանը:

Նա քառօրյայի առաջին վիրավորներից է, 80 օր էր հասցրել զինվոր լինել ու հակառակորդի ականի պայթյունից գլխի վնասվածք ստանալով՝ ընկել էր կոմայի մեջ:

Հիմա Հայկը կարողանում է խոսել, քայլել, նստել, վեր կենալ ու այդ ամենի համար իրեն պարտական է զգում հայ բժիշկներին: Երբ ասացի՝ արտերկրում բուժում չեք անցել ու այսպիսի արդյո՞ւնք՝ Հայկը վիրավորվեց. «Հայերի վրա ինչի՞ եք զարմանում, դա զարմանալի չի, մեր բժիշկները բարձրակարգ մասնագետներ են ու իրենք հոգով, սրտով պայքարում են ու նվիրված են գործի մեջ, իրենք շատ են ուզում, որ մեր տղաները բուժվեն: Մեր բժիշկներից մեկը՝ Դավիթ Արսենյանն ասում է՝ արտասահմանում իրենք բուժում են իրենց պացիենտին, իսկ մենք բուժում ենք մեր զինվորին: Տարբերություն կա: Իրենք ավելի պատասխանատու են մոտենում, արտասահմանում մենք ուղղակի հաճախորդ ենք»:

Նա ասաց, որ մեծ հույսեր ունի, որ կվերականգնվի առողջությունը:

Հունվարի 24-ին Զինվորների առողջության վերականգնողական կենտրոնի կառուցման համար «Շնորհակալություն, հայ զինվոր» խորագրով բարեգործական համերգ էր կազմակերպվել, որին մասնակցում էին հայտնի երգիչ-երգչուհիներ, երգի, պարի համույթներ: Համերգը կազմակերպել էր «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ն:

Ինչքան մեծ լինի օգնությունը կենտրոնին, այնքան Հայկ Թորոսյանը եւ մյուս զինվորները կկարողանան շուտ ապաքինվել: Հայկի խոսքով՝ «Ինչ մեզ պետք է, Հայաստանում հնարավոր է անել՝ ասեղնաբուժություն, ֆիզիոթերապիա: Սարքավորումներն արդեն ներկրել են առաջին կլինիկական հիվանդանոց, դրանք ժամանակակից, թանկ ու արդյունավետ սարքավորումներ են, վերջերս գնացի, նույնիսկ փորձարկել եմ մեկը: Այս համերգի միջոցով վերականգնողական այդ կենտրոնը շուտ կբացվի եւ նոր սարքավորումներ կլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031