Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Պետրոսյան. «Լապշինն ինչ ասել ճիշտ է ասել. մի քանի ամիս առաջ նրա անունով երդվում էիք, էդ ո՞նց եղավ հիմա ձեր թշնամին դարձավ»

Ապրիլ 09,2018 18:18

«Ժամանակին Վրաստանից ուղեւորները գալիս՝ «Զվարթնոցից» կամ Գյումրիից էին թռչում, հիմի հակառակ միտումն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը՝ արձագանքելով ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառմանը եւ բլոգերին ուղղված Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի պատասխանին: Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուք սոցիալական ցանցում կարծիք էր հայտնել, որ դեպի Հայաստան ավիատոմսերի գները մասնավորապես՝ Վրաստանի համեմատությամբ բավականին բարձր են եւ որ միջին գներով հյուրանոց գտնելն էլ Երեւանի կենտրոնում հնարավոր չէ:

Զարմինե Զեյթունցյանը Ալեքսանդր Լապշինի գրառումը համարել էր սիրողական մակարդակի եւ ասել, որ, երբեմն, Հայաստանի համար էլ են մատչելի տոմսեր եւ տուրփաթեթներ լինում, որ կենտրոնում օրեկան 27 հազար դրամով կարելի է հյուրանոցի սենյակ վարձել:

Շահեն Պետրոսյանը գտնում է, որ բլոգերը միանգամայն ճիշտ է նկատել, քանի որ մեզ մոտ ավիատոմսերի գները իրականում բարձր են, ինչը նրա համոզմամբ, պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ վառելիքի գներով, օդանավերի սպասարկման գնով, օդանավակայանի տարբեր տարիֆներով. «Որոնք մեզ մոտ բավականին մեծ տոկոսային հարաբերությամբ բարձր են, ինչն էլ ազդում է տոմսի արժեքի վրա եւ այդ պատճառով էլ մեզ մոտ տոմսերը թանկ են: Դրան գումարած՝ Էռնեկյանը մենաշնորհ ունի: Ժամանակին ասում էի՝ գոնե Գյումրիի օդանավակայանն ազատեք Էռնեկյանի մենաշնորհից, որպեսզի բյուջետային ավիաընկերություններ թռիչքներ կատարեն: Վրաստանը Քութաիսիին տրամադրել է այդպիսի հնարավորություն, մի քանի ավիաընկերություններ այսօր թռչում են Քութաիիսից դու կարող ես 40-50 եվրոյով Եվրոպա թռչել»:

Պարոն Պետրոսյանը գտնում է, որ Հայաստանի երկինքը բացելը «Ավանտյուրա էր, արկածախնդրություն եւ փող լվանալու ձեւ»:

Ըստ նրա, «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության օրոք Վրաստանից ուղեւորների մեծ հոսք կար, որոնք գալիս էին մեր երկրից թռչելու, որովհետեւ աշխարհագրությունը բավականին լայն էր. «Մենք ամբողջ Եվրոպան ծածկում էինք, էլ չեմ ասում՝ Միջին Արեւելքը, Կենտրոնական Ասիան: Չվերթներ ունեինք Ամստերդամ, Ֆրանկֆուրտ, Աթենք, Սոֆիա, Լոնդոն, Բեյրութ, Թեհրան, Ստամբուլ ունեինք: Պատրաստվում էինք Պրահա, Վիեննա բացել, բայց «Հայկական ավիաուղիները» վերացրեցին: Հայկական-թուրքական սահմանը բացեցինք: Առանց այդ մասին թմբկահարելու, դա հսկայական եկամուտներ էր բերում մեր երկրին որովհետեւ Հայաստանի օդը դարձավ տրանզիտային գոտի: Այսօր նույն բրեժնեւյան համակարգն է ստեղծվել Հայաստանում, գավառական մոտեցում է: Ամբողջ մեր տնտեսությունը տրված է ռուսներին»:

Մեր հարցին, թե ոլորտի մասնագետները մտահոգություն են հայտնում, որ մեր երկնքում հիմնականում ռուսական ավիաընկերություններ են թռչում եւ շատ հնարավոր է տոմսերը չեն էժանանում, քանի որ այդ ընկերությունները գալիս են հակամրցակցային համաձայնության եւ տոմսերի գները բարձր են պահում, պարոն Պետրոսյանն ասաց.
«Ռուսական ընկերություններից թելադրողն Աէրոֆլոտն է, այդ ավիաընկերությունն ի՜նչ գին սահմանի, մնացածը հետեւում են նրան:

«Էյր Արմենիան» երբ ուզեց թռիչքներ իրականացնել, բոլոր ռուսական ավիաընկերությունները եկան հանցավոր համաձայնության, դեմպինգ արեցին եւ «Էյր Արմենիային» դուրս շպրտեցին շուկայից: Ես նրանց ղեկավարներին ասացի, որ իրենք չեն կարող դիմանալ այդ մրցակցությանը, եթե պետական հովանավորություն չունենան: Մեր ավիաընկերությունը պետք է պետականորեն ստեղծվի, ինչպիսին էր «Հայկական ավիաուղիները»: Այս ընկերությունը մեծ եկամուտներ ուներ, բոլորի հետ մրցում էր եւ հաղթում էր այդ մրցակցության մեջ ե՜ւ գնային ե՜ւ սպասարկման որակի առումով: Արհեստականորեն սնանկացրեցին, որպեսզի իրենցով անեն, հետո ստեղծեցին «Արմավիան» եւ չկարողացան դրանով էլ ոչինչ անել: «Հայկական ավիաուղիներն իր ցուցանիշներով լավագույն տասնյակի մեջ էր մտնում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Հերթական սուրբը։Քանի ինքն էր ամեն ինչ լավ է։հիմա ինքը չկա ամեն ինչ վատ է։

  2. Artur Lazarian says:

    Ե՛ւ Շահէն Պետրոսեանն է ճիշտ ե՛ւ Ալեքսանդր Լապշինը: Բոլորս էլ քաջ գիտենք, որ մեզ մօտ զբօսաշրջային ծառայութիւններն ու տոմսերն անհամեմատ աւելի թանկ են հարեւան երկրների հետ համեմատած: Օրինակ ես՝ յուլիսին գալու եմ Երեւան Վրաստանով: Այդպէս մօտ կրկնակի էժան է:

    Եւ առհասարակ, յարգելի՛ Զարմինէ Զեյթունցեան եւ կառավարութիւն, անկեղծ եղէք: Մի՛ յայտարարէք այնպիսի բաներ, որոնք ակնյայտ սուտ են: Անիմաստ տեղը հեղինակազրկւում էք: Չէ որ մենք՝ շարքային քաղաքացիներս, ի վիճակի ենք համացանցից օգտուել ու համեմատել գները 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30