Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ժողովրդավար Հայաստանի ապագան՝ Ռուսաստանի հե՞տ. «Ամերիկայի Ձայն»

Մայիս 15,2018 10:10

«Ամերիկայի Ձայն». Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել եւ մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը.

«Արտաքին քաղաքականության տեսանկյունից լուրջ փոփոխություններ ակնկալելու պատճառներ չկան եւ երկու ղեկավարներն էլ ցանկանում են ուղղակի կրկին ընդգծել, որ ոչինչ չի փոխվելու այս առումով»:

Նրա խոսքով, «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանն ամեն կերպ հետաքրքրված է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, Երեւանն էլ այս պահին լայն այլընտրանք չունի, ուստի, մնում է Մոսկվայի մոտ գործընկերը: Այդ առումով, Հայաստանի ժողովրդավար ապագան, փորձագետի կարծիքով, որեւէ կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի հետ սերտ գործընկերությունը.

«Հայաստանը Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերություններ ուներ երբ ժողովրդավար ուղղու վրա էր: Հայաստանը շատ սերտ հարաբերություններ պահպանեց Ռուսաստանի հետ, երբ այլեւս ոչ այնքան ժողովրդավար ուղղու վրա էր: Այնպես որ, չեմ տեսնում պատճառ, որ առավել ժողովրդավար Հայաստանն այլ արտաքին քաղաքականություն կունենա»:

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկն այլ կարծիքի է: Նրա խոսքով, Հայաստանին այնուամենայնիվ անհրաժեշտ է ձերբազատվել Մոսկվայի ազդեցությունից՝ մնալով Ռուսաստանի գործընկեր.

«Հայաստանի խնդիրներից շատերը պայմանավորված են Ռուսաստանի գերիշխող ազդեցությամբ Հայաստանում: Հայաստանը Ռուսաստանի թշնամին երբեք չի լինելու, բայց կարող է իրեն թույլ տալ լինել ավելի անկախ Ռուսաստանից, որպեսզի հասնի այն նպատակներին, որոնք Պաշինյանն իր առջեւ դրել էր»:

Ստեղծված իրավիճակում սակայն, իր անելիքն ունի նաեւ Արեւմուտքը, ընդգծում է վերլուծաբանը.

«Արեւմուտքը պետք է իր քայլն անի եւ օգնի Հայաստանին առավել անկախ լինել, ապահովի Հայաստանի խաղաղությունն ու աջակցի տնտեսական զարգացմանն ու կառավարման բարելավմանը»:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031