Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ընտրություններում կհաղթենք հիմա էլ, 6 ամիս հետո էլ. Փաշինյանի հարցազրույցը «Միր» հեռուստաալիքին

Հունիս 22,2018 16:18

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որում պատմել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության, Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրի զարգացման և հարևան Վրաստանի հետ հարաբերությունների մասին:

Մոսկվայում վերջերս Դուք մասնակցեցիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Դուք երկրպագու՞ եք: Ո՞ր թիմին եք երկրպագում:

– Ես երկրպագում եմ Հայաստանին, բնականաբար, դա իմ սիրելի հավաքականն է:

Իսկ աշխարհի առաջնությունու՞մ:

– Աշխարհի առաջնությունում, անկեղծ ասած, չեմ հասցնում հետևել բոլոր խաղերին: Երբեմն դիտում եմ, հետաքրքրվում՝ որ խաղն ինչ հաշվով ավարտվեց: Առաջին խաղը, որին ես ներկա էի, իհարկե, շատ հետաքրքիր էր, և ես տպավորված էի այն արդյունքով, որ կարողացավ արձանագրել Ռուսաստանի հավաքականը:

Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ընդհանուր բան կա ֆուտբոլի և քաղաքականության միջև:

– Կարծում եմ՝ ֆուտբոլում և քաղաքականության մեջ մենք նույն բանն ենք տեսնում: Հաղթում է այն թիմը, որն ունի իրական թիմային ոգի և լավ առաջնորդ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունեցավ Ձեր աշխատանքային այցը Մոսկվա: Ի՞նչ հարաբերություններ են ձևավորվել Ռուսաստանի առաջնորդի հետ:

– Մեզ մոտ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ, և ես կարծում եմ, որ դա շատ լավ է: Մենք ամեն ինչ ուղիղ, ազնիվ կերպով քննարկում ենք, և ես կարծում եմ, որ շատ լավ ենք հասկանում միմյանց: Այդ ուղղակիությունը շատ է օգնում և օգնել, որ այսքան կարճ ժամանակում մենք հասել ենք շատ լավ և վստահելի մակարդակի:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շուկայում ակտիվ դերակատարներից մեկն է: Այս ընթացքում՝ կազմակերպությանն անդամակցելու ընթացքում, արդյոք ավելացել են փոխադարձ առևտրի ծավալները: Ուրիշ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

– Առևտրային հարաբերութուններում, կարծում եմ, Եվրասիական տնտեսական միությունն իսկապես ոչ մի սահմանափակում չունի: Այն շատ մեծ դաշտ է, այնտեղ շատ մեծ ներուժ կա: Սկզբունքորեն Հայաստանը կարող է անվերջ արտահանում իրականացնել, և մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Փաստացի մեզ մոտ հիմա շատ բարձր տեմպերով աճում է գյուղատնտեսական մթերքների արտահանումը, և մենք հույս ունենք, որ կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման աճին: Մենք նաև հույս ունենք, որ կավելանան զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Հայաստան:

Այնուամենայնիվ, Հայաստանն ընդհանուր սահման չունի Եվրասիական տնտեսական միության հետ: Բոլոր ապրանքներն անցնում են Վրաստանի տարածքով: Ի՞նչպես եք տեսնում համագործակցությունը պաշտոնական Երևանի և Թբիլիսիի միջև:

– Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Վրաստանի հետ: Իմ վերջին այցը Վրաստանի մայրաքաղաք շատ հաջող էր: Մենք, իհարկե, կաշխատենք Վրաստանի նոր կառավարության հետ, և ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ կզարգանան: Քանի որ, գործնականում, բոլորը շահագրգռված են դրանում՝ և՛ Վրաստանի, և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը:

Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի մասին, և խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծը: Ինչո՞վ էր պայմանավորված ձեր որոշումը:

– Մենք ունեինք երեք տարբերակ: Առաջին տարբերակ, դադարեցնել համակարգը և այն չեղարկել: Բայց եթե մենք դա անեինք, ու հետո պարզվեր, որ անհրաժեշտ էր այն պահպանել, ապա կստացվեր, որ մենք չենք կարող հետ քայլ անել: Երկրորդ տարբերակը այդ հարցը հետաձգելն էր և ամեն ինչ թողնել ինչպես կար: Բայց դա անարդար կլիներ այն մարդկանց հանդեպ, որոնք արդեն 3-4 տարի վճարում են կատարում: Ուստի մենք որոշեցինք հավասարակշռել, նվազեցնել վճարումները 207 հազար քաղաքացիների համար, որոնք արդեն մի քանի տարի կատարում են վճարումները, և նվազեցնել նրանց համար, ովքեր հուլիսի 1-ից կներառվեն այդ համակարգում:

Մեկ ամիս առաջ, երբ խորհրդարանում Դուք ներկայացնում էիք կառավարության ծրագիրը, դրանում նշեցիք, որ կենտրոնական տեղ է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարը:

– Կոռուպցիան այն գլխավոր դժբախտություններից ու խնդիրներից մեկն է, որը թույլ չի տվել Հայաստանին զարգանալ այնպես, ինչպես հնարավոր էր իրականում: Իհարկե, մենք կշարունակենք այդ պայքարը, և իհարկե, ես համոզված եմ, որ մենք մեծ արդյունքներ կունենանք: Այս ամբողջ ընթացքում այս դրական և մեծ փոփոխությունների հաղթանակը մարդկանց գիտակցության մեջ է: Ես կարծում եմ, որ այս գործընթացն արդեն անդառնալի է:

Պարոն Փաշինյան, Ձեր՝ պաշտոնի անցնելուց հետո բոլորն ակնկալում էին, որ կարճ ժամկետներում կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների ժամկետները դուք նշել եք՝ մեկ տարվա ընթացքում: Փաստացի, Դուք պատրաստվելու ժամանակ եք տալիս քաղաքական ուժերին:

– Եթե ես ասում եմ, որ եթե ընտրություններն անցկացվեին այսօր, ապա մեր կուսակցությունը կհաղթեր ձայների մեծամասնությամբ, դա չի նշանակում, որ 6 ամիս հետո մեր կուսակցությունը չի հաղթի մեծամասնությամբ: Մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ, կփորձենք պահպանել այն վստահությունը, որ ունենք այսօր: Մեր գլխավոր նպատակն է եղել հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը ընդհանրապես չէին սպասում, որ նման բան տեղի կունենա Հայաստանում: Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ, պարզապես մենք ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պատրաստվել ընտրություններին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930