Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության ռեսուրսը սպառվում է

Սեպտեմբեր 20,2018 10:10

Եթե դուք այս օրերին ոտքով քայլում եք Երեւանի փողոցներով, ապա նկատած կլինեք, որ մարդիկ կրպակներում, այգիներում, սրճարաններում իրենց հեռախոսներով լսում են վարչապետի հանրահավաքային ելույթները: Նրանք սպասում են Նիկոլ Փաշինյանի խոսքը ոչ թե այն մասին, թե ինչպես են լուծվելու Երեւանի խնդիրները, կամ նրա բացատրությունները, թե ինչու են մթերքները թանկացել: Քաղաքացիները ցանկանում են լսել վարչապետի սուր ձեւակերպումները Քոչարյանի, Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հասցեին, քանի որ այդ ձեւակերպումները ռեզոնանսի մեջ են մտնում իրենց սեփական զգացմունքների եւ իղձերի հետ: Իհարկե, ՀՀԿ-ականներն ու Քոչարյանը դրա համար տեղեկատվական առիթներ են ստեղծում իրենց հաճախակի ելույթներով եւ հարցազրույցներով: Ցանկացած լրատվամիջոցի ցանկացած նյութ, որը ներկայացնում է նրանց տեսակետը, ուղեկցվում է մի քանի տասնյակ մեկնաբանություններով, որոնցից 90 տոկոսը հայհոյանքներ են: Ինչ արած, «նախկինները» դեռեւս չեն գիտակցել, թե ինչպես են ընկալվում իրենց խոսքերը (անկախ նրանից՝ դրանք ճիշտ են, թե սխալ), եւ շարունակում են խոսել:

Ոչ այնքան փորձառու քաղաքացիները կարծում են, որ դա հավերժ կամ, համենայնդեպս, երկար է տեւելու: Բայց նրանք, ովքեր այդ ամենը մի քանի անգամ տեսել են, գիտեն, որ այս իրավիճակը խիստ ժամանակավոր է: «Նախորդ հանցավոր ռեժիմը» քարկոծելու իշխանության ռեսուրսը գնալով սպառվում է: Արդեն հիմա ես հանդիպում եմ սովորական, ոչ քաղաքականացված մարդկանց, որոնք տարակուսում են՝ ինչքան կարելի է սեռական հայհոյանքներ գրել, ասենք, Էդուարդ Շարմազանովի հասցեին: Այդ մարդիկ որեւէ համակրանք չունեն նախորդ իշխող կուսակցության հանդեպ, պարզապես նրանց «վրեժխնդրության ծարավն» արդեն հագեցել է:

Իսկ վերջնականապես դա կավարտվի այն ժամանակ, երբ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ն եւ Քոչարյանի հետ կապվող ուժը չեն անցնի խորհրդարան, եւ նրանք կհայտնվեն մարգինալ քաղաքական ուժի կարգավիճակում: Ճիշտ այն վիճակում, որում հիմա Կոմկուսն ու ՀՀՇ-ն են: Դրա համար եմ ես կարծում, որ խորհրդարանի լուծարումը եւ նոր ընտրությունները պետք է կայանան որքան հնարավոր է շուտ: Դա, ի դեպ, բխում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական շահերից:

Իսկ ատելությունը… Դրանով, բացի քեզնից, ոչ մեկին վնաս չես տալիս: Նացիստական համակենտրոնացման ճամբարի երկու կալանավոր հանդիպում են պատերազմից 20 տարի անց, եւ մեկը մյուսին հարցնում է. «Դու մինչեւ հիմա ատո՞ւմ ես քեզ չարչարողներին»: «Իհարկե»,- պատասխանում է մյուսը: «Դե, ուրեմն, դու մինչեւ հիմա բանտում ես»,- եզրակացնում է նրա ընկերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս աստիճանի ատելութիւնը այդքան ալ արագ չի սպառիր: Կարող է երկար ժամանակ տեւէ, նոյնիսկ ինքզինք սնանելով: Հիւանդագին «սիրահարութեան» կը նմանի, սակայն աւելի մօտ է ծայրագոյն գինովութեան, քանզի յանկարծ ու մի անգամից չի ցնդիր, այլ՝ աստիճանաբար. մինչ այդ, այլազան աւերներ գործելով: Մանաւանդ երբ որ խմողները դեռ սեղան նստած են (այդ վիճակին մէջ չեն տեսներ իսկ որ ափսեներում շատ բան չկայ, էականը շիշերն ու բաժակներն են), եւ թամադան դեռ իր գործը կատարում է, վարպետօրէն, աշխուժօրէն…

  2. henri says:

    ՛՛ Ճիշտ այն վիճակում, որում հիմա Կոմկուսն ու ՀՀՇ-ն են: ՛՛
    Ես աւելի հակուած եմ այս տարբերակին- Գրողին փորձառութիւնը և անկախութեան 25 տարիներու հոլովոյթը այդ ցոյց կու տան ;
    Այդ պարագային ինչու խորհրդարանական ընտրութիւնները կ՛ուշանան ?

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/09/20/981925/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  3. kirbabaj says:

    Եթե գլխավոր քաք մաքրողի՝ քաղաքապետի ընտրությունն այսպես քաղաքականացվեց, բա ԱԺ ընտրություններն ինչ են լինելու… Վու~յ մե դեդա, զարմանում իմ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930