Ասում է նոյեմբերյանցի նկարչուհին
Ալինա Անանյանը ապրում եւ ստեղծագործում է Նոյեմբերյանում, նրան որպես նկարչուհի Ալ են ճանաչում: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է նկարչությամբ ապրել, թե՞ այլ աշխատանքով էլ է զբաղվում: «Այս պահին աշխատանք չունեմ, բայց կարող եմ հստակ նշել, որ միայն նկարչությամբ հնարավոր չէ մեր օրերում ապրել, քանի որ մեր ժողովուրդը չունի բավականաչափ գումար, որ գնի իր հավանած նկարը: Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել եմ Երեւանի լամպերի գործարանում՝ որպես նկարիչ, նաեւ ManeTils-ում բնական քարերի բաժնում: Այժմ, ինչպես նշեցի, չունեմ աշխատանք»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ հիմնականում մուգ գույներով է աշխատում. «Երեւի դա նրանից է, որ այդ գույները հիշեցնում են իմ դառը մանկությունը, ինչու դառը, որովհետեւ տեսել եմ պատերազմ, մանկությունս անց եմ կացրել մութ, ցուրտ ու խոնավ թաքստոցներում»:
Ալից պարզեցինք, որ Նկարիչների միության անդամ չէ: «Նկարիչների միության անդամ չեմ, եւ դա բնավ չի խանգարում իմ ստեղծագործելուն եւ իմ ցուցահանդեսներին»,-ասաց նկարչուհին: Մեր կարճ զրույցի ժամանակ գնորդներին էլ անդրադարձ եղավ: Ասաց, որ նրանք հիմնականում ապրում են Հայաստանից դուրս: Իսկ ստեղծագործելիս տեղի կտա՞ պատվիրատուի ճաշակի առաջ, Ալինա Անանյանը կարճ պատասխանեց. «Իհարկե, այո»:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
22.05.2019