Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարիչը դատի է տվել կոմպոզիտորների միությանը

Սեպտեմբեր 09,2019 14:00 Share

Զավեն Քեշիշյանին ազատել են աշխատանքից, սակայն նա չի իմացել այդ մասին, ավելին, իր ազատման օրը Կոմպոզիտորների միության ստեղծագործական տուն է այցելել ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը, որի հետ հանդիպել եւ պայմանավորվածություններ է ձեռք բերել: Այդ համաձայնությունների շրջանակում՝ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը պետք է ստանար պետության կողմից օժանդակություն վերանորոգման, բարեկարգման, տուրիզմի միջոցով հաճախորդների ներգրավման եւ այլ հարցերի շուրջ։

Զավեն Քեշիշյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ ՀՀ Կոմպոզիտորների միության: Նա պահանջել է իր չվճարված աշխատավարձը, այլ գումարները եւ տոկոսները, նաեւ՝ ստեղծագործական միությանը հանձնված ապրանքները վերադարձնել:

Հայցվորի ներկայացուցիչն անցյալ տարվա նոյեմբերի 28-ին դատարան է ներկայացրել հայցապահանջը ավելացնելու մասին դիմում եւ խնդրել է կատարել պահանջի ավելացում, այն է՝ հայցվորին վերականգնել աշխատանքի:
Դատարանի 29.11.2018թ. որոշմամբ՝ ավելացված հայցապահանջն ընդունվել է վարույթ:

Նախնական դատական անդրանիկ նիստը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 9-ին:

Հայցվոր Զավեն Քեշիշյանն անցյալ տարվա ապրիլի 2-ին ընդունվել էր աշխատանքի՝ որպես Հայաստանի կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տան կառավարիչ՝ 3 ամիս փորձաշրջանով:

Նրա աշխատավարձը սահմանվել էր 90.000 ՀՀ դրամ, որը եւ ստացել է:

Կառավարիչը 2018թ. մարտի 30-ին ՀԿԱ նախագահի թիվ 04 հրամանով ստեղծված գույքագրման հանձնաժողովի 4 անդամների ստորագրությամբ ակտով սահմանված ցուցակով ստանձնել է ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տան գույքի նյութական պատասխանատվությունը:

Սակայն նա, առանց ծանուցման, աշխատանքից ազատվել է հուլիսի 1-ին, ինչպես դատարանում նրա ներկայացուցիչն էր ասել՝ այդ մասին չի իմացել եւ իր վրա դրված պարտականությունները շարունակել է մինչեւ օգոստոսի 31-ը։
ՀՀ նախագահի այցելության մասին Զ.Քեշիշյանը տեղյակ է պահում Կոմպոզիտորների միության նախագահ Ա. Սաթյանին, որը, համաձայն ՀՀ նախագահ Ա. Սարգսյանի հետ պայմանավորվածության, պետք է ՀՀ նախագահին հանդիպեր նախագահի նստավայրում։

Չիմանալով իր կարգավիճակի մասին՝ Զ.Քեշիշյանը հուլիս, օգոստոս ամիսներին մի շարք դպրոցականների սպորտային խմբեր է ընդունում, սպասարկում եւ ճանապարհում։

Ստեղծագործական տան բոլոր աշխատողները կարող են փաստել, որ հայցվորն աշխատել է եւ կառավարել է հուլիս, օգոստոս ամիսների ընթացքում, «այդ ժամանակամիջոցում քնել է ստեղծագործական տան կառավարչին հատկացված սենյակում»։

Ինչպե՞ս է իմացել ազատման մասին: Ըստ դատական գործի՝ նա գալիս է Երեւան, այցելում Կոմպոզիտորների միություն, այնտեղ էլ պատահաբար իմանում:

Մինչ այդ նա սնունդ է հայայթել, ձեռք բերել շինարարության նյութեր եւ սարքավորումներ, կատարել շինարարական վերանորոգման աշխատանքներ, որոնք իր պարտականություններից դուրս էին, եւ որոնց համար աշխատավարձ կամ լրացուցիչ գումար չի ստացել։

Ըստ հայցվորի ներկայացուցչի՝ այդ ապրանքների մի մասը բերվել է 2018թ.-ի մայիսի 4-5-ը՝ հայցվորի միջոցով, մի մասը՝ հունիսի 15-17-ը Դիլիջանի ստեղծագործական տան կառավարումը ստանձնած ընկերության տնօրեն Դավիթ Սիմոնյանի անձնական օգտագործման մեքենայով, մի մասը հուլիսի 29-ին Դիլիջանի ստեղծագործական տան կառավարչի օգնական Արթուր Աղաբաբյանի անձնական օգտագործման մեքենայով։ Այս ապրանքների հանձնման մասին 15. 08. 2018թ. -ին գրվել է զեկուցագիր:

Օգոստոսի 10-ին հայցվորը ՀԿՄ նախագահի բանավոր կարգադրության հիման վրա գրել է նախագահի անունով զեկուցագիր՝ ստեղծագործական տան կատարվող աշխատանքների վերաբերյալ։

Նա բոլորին ընդունել, ճանապարհել է որպես կառավարիչ։

Բացի այդ՝ նրա վրայից մինչեւ այժմ վերցված չէ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տան գույքի նյութական պատասխանատվությունը։

Նա դատարանից խնդրել էր պարտավորեցնել ՀՀ կոմպոզիտորների միությանը՝ վճարելու իր աշխատավարձը 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ աշխատանքի վերականգնելը, որպես աշխատավարձ հաշվարկելով 90.000 ՀՀ դրամ, առձեռն պահումներից հետո՝ 68.300 ՀՀ դրամ, մինչեւ 25.10.2018թ.-ը ընդհանուր չի ստացել 330.117 ՀՀ դրամ։ 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ աշխատանքի վերականգման օրը գործատուին պարտավորեցնել վճարելու ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, որոնք կհաշվարկվեն չստացած 330.117 ՀՀ դրամ աշխատավարձի չափին։
Պատասխանողից պահանջել 1.13 կետում նշված ապրանքները՝ 490.000 դրամի չափով։

Պատասխանող գործատուից պահանջել վճարել փաստաբանական գրասենյակին փաստաբանական ծառայություններ իրականացնելու համար հայցվորի կողմից վճարած գումարը՝ 400.000 դրամ, որպես դատական ծախս։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռ.Ներսիսյան, մերժեց կառավարչի հայցապահանջը:Սեպտեմբերի 19-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը կհրապարակի որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
7.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30