Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայն բարբառո դատարանի 2

Հոկտեմբեր 02,2019 11:30

(շարունակություն)

Հայաստանի դատական-իրավական (ոստիկանություն-քննչական մարմիններ-դատախազություն-դատարաններ) համակարգի կայացման պատմության, համակարգի գործադիր իշխանությունից կախվածության մասին իմ պատկերացումները շարադրել եմ «Ձայն բարբառոյ դատարանի» հոդվածում։ Այժմ, այս թեմայով հանրային քննարկումների, հատկապես, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, կփորձեմ նույնպես ներկայացնել իմ տեսակետները։

Այսպես, ԽՍՀՄ փլուզումից հետո մենք ժառանգություն ստացանք նույն ԽՍՀՄ Ոստիկանությունը (այն ժամանակ՝ ՆԳՆ), Դատախազությունը՝ իրենց քննիչներով եւ Ժողովրդական դատարանները։

Հարց.

-Արդյոք, այդ ոստիկանները, քննիչները, դատախազները եւ դատավորները «վնգստում էին», ներեցեք, ծառայում էին նախկին կոռումպացված կոմունիստների՞ն, թե՞ արդեն նոր, ՀՀՇ ղեկավարությանը։

Պատասխան.

-Իհարկե, նոր տերերին։

Օրինակները բազմաթիվ են, հակառակ օրինակները՝ զրո։

Հետագայում, արդեն ողջ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներին եւ դատավորներին նշանակում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոնք էլ հավատարմորեն նրան էին ծառայում՝ գործեր հարուցելով իշխանությանը ոչ հաճո անձանց նկատմամբ, քողարկելով տարբեր հանցագործություններ, սպանություններ։

1998թ. Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ Հայաստանի նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ Բոլորս հիշում ենք տեղի ունեցած իշխանափոխությունը։ Համաձայնեք, որ մինչեւ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համակիրները չեն կարողանում հաշտվել իշխանության կորստի հետ եւ չեն ներում Տրիումվիրատին (Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան), հատկապես Ռոբերտ Քոչարյանին։ Ասել կուզեմ, որ Ռոբերտ Քոչարյանին «ժառանգություն» մնաց այն ժամանակվա «նախկին. թալանչի, մարդասպան» (վերջին ձեւակերպումը Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանինն է՝ արտահայտած 1994թ. հանրահավաքում «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վանո Սիրադեղյանը մարդասպաններ են», ինչ փույթ, որ հետո նույն Աշոտ Մանուչարյանը 2008թ. միացավ իր կողմից մարդասպան հռչակված Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավին) ռեժիմի դատաիրավական համակարգը։

Հարց.

-Արդյոք, այդ ոստիկանները, քննիչները, դատախազները, դատավորները «վնգստում էին», ներեցեք, ծառայում էին «նախկին. թալանչի, մարդասպան» ռեժիմի՞ն, թե՞ նոր տերերին։

Պատասխան.

-Նոր տերերին։

Օրինակնե՞ր, խնդրեմ. «Վահան Հովհաննիսյան + 30» գործով դատապարտվածներին (բացի մահապատժի դատապարտվածներից) նույն դատապարտող դատարանների կողմից ազատ արձակելը։ Հիշենք նաեւ Վանո Սիրադեղյանի, Արմեն Տեր-Սահակյանի եւ խմբի, Մուշեղ Սաղաթելյանի, Աշոտ Բլեյանի դեմ դատախազության կողմից քրգործերի հարուցումը եւ դատավարությունները նախկին ռեժիմի դատավորների կողմից։

2008թ. ՀՀ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը եւ նրան ժառանգություն մնացին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակված դատավորները։ Եվ չնայած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախկինում ընկերներ էին եղել, սակայն քաղաքականության մեջ ընկերությունը քաղաքական կատեգորիա չէ (հիշենք Ղարաբաղ կոմիտեի անդամների միջեւ մինչեւ իշխանության գալը «ջերմ ընկերությունը»)։ Եվ եթե ոչ թշնամական, ապա առնվազն ոչ ընկերական հարաբերություններ էին նրանց միջեւ։

Հարց.

-Արդյոք, ողջ դատաիրավական ոլորտի աշխատողները «վնգստում էին», ներեցեք, ծառայում էին նախկին «բռնապետական ռեժիմի՞ն», թե՞ արդեն նոր տերերին։

Պատասխան.

-Նոր տերերին։

Օրինակնե՞ր. խնդրեմ, Ռոբերտ Քոչարյանի մտերիմներ, նախկին ոստիկանապետ Հովհաննես Թամամյանի եւ ՔԿՀ վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դեմ դատախազության կողմից քրգործերի հարուցումն ու դատարանների կողմից դատապարտումները։ Ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի կողմից «շտկումները», Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Տիգրան Նաղդալյանի սպանության համար դատապարտված Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր տղային, նույնպես սպանության համար դատապարտված, ներում շնորհելը։

Եվ, վերջապես, 2018թ. իշխանափոխությամբ, կամ հեղափոխությամբ (նայած ում քիմքին որն է ընդունելի) իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը եւ նրան էլ ժառանգություն մնացին Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված քննիչները, դատախազները եւ դատավորները։ Վիճակագրությանը չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ դատավորների գերակշիռ մասը նշանակված են հենց վերջին երկուսի կողմից։ Այստեղ արդեն ոչ միայն նախկին ընկերության հարց չկա, այլեւ մեղմ ասած՝ խորը ատելության խնդիր կա։

Հարց.

-Արդյոք, այդ հին դատաիրավական ոլորտի «մասնագետները վնգստում են», ներեցեք, ծառայում են «նախկին հանցավոր, կոռումպացված» ռեժիմի՞ն, թե՞ արդեն նոր տերերին։

Պատասխան.

-Նոր տերերին։

Օրինակնե՞ր. խնդրեմ.

Մինչեւ իշխանափոխությունը, Հայաստանում ընթանում էին մի շարք հասարակական հնչեղություն ունեցող դատավարություններ. «Սասնա Ծռեր», «Ժիրայր Սեֆիլյան», «Սամվել Բաբայան», «Անդրեաս Ղուկասյան», «Նորքի գործ»։ Կարծում եմ շատերն են հիշում՝ ինչպես էին ընթանում դատավարությունները, բոլոր փորձերն ամբաստանյալների խափանման միջոց փոխելու ապարդյուն էին անցնում, դրանց դեմ բողոքում էր փառապանծ դատախազության ներկայացուցիչը եւ անաչառ դատավորը մնում էր անդրդվելի։ Եվ, ի՞նչ, իշխանափոխությունից հետո նույն անաչառ դատավորների կողմից վերոնշյալ ամբաստանյալներն ազատ արձակվեցին (բացի սպանության մեջ կասկածվող երկու ծռերից), իսկ փառապանծ դատախազության ներկայացուցիչները …չառարկեցին։ Այստեղ մի պահ կանգ առնենք։ Հետաքրքրական է, որ Անդրեաս Ղուկասյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի նկատմամբ «նախկին ռեժիմի» կողմից սարքված գործերը չեն կարճվում, էլ չեմ ասում արդարացման մասին։ Ա՞յդ է, արդյոք, պատճառը, որ նրանք առիթը բաց չեն թողնում նոր իշխանություններին փառաբանելու համար, չէ՞ որ մեկ էլ հանկարծ… Իսկ արդարացվում են միայն յուրայինները, օրինակ՝ «անբասիր» քաղաքական կենսագրություն ունեցող Գագիկ Ջհանգիրյանը, հերթը հավանաբար նույնպես «անբասիր» կենսագրություն ունեցող Մուշեղ Սաղաթելյանինն է: Ի դեպ՝ նրանց ե՛ւ այժմ արդարացնողներն էլ, ե՛ւ ժամանակին դատապարտողներն էլ նույն «անկախ դատական համակարգի» դատավորներն են։

Էլ չեմ խոսում ամենօրյա քրեական խրոնիկա հիշեցնող լուրերը։ «Նախկին հանցավոր ռեժիմի» պաշտոնյաների նկատմամբ քրգործեր են հարուցվում քննիչների, մեղադրանքը պաշտպանվում է դատախազների եւ խափանման միջոցը՝ կալանք ընտրվում է հլու-հնազանդ դատավորների կողմից։ Չէ՞ որ սրանք բոլորը նշանակվել էին նույն նախորդ «հանցավոր ռեժիմի» կողմից եւ այն ժամանակ էլ կատարում էին նրանց հանձնարարականները, քրգործեր հարուցելով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Եվ հանկարծ, օ՛ սարսափ, պարզվեց, որ երկու դատավորներ՝ Ալեքսանդր Ազարյանը եւ Դավիթ Գրիգորյանը խախտեցին 27-28 տարիների «ավանդույթը» եւ իշխանությանը ոչ հաճո վճիռ կայացրեցին։ Էլ «նախկին ռեժիմ», էլ «կուռուպցիա ու կաշառք», էլ «գրագողություն» եւ վերջապես՝ քրեական գործի հարուցում։ Չեմ հավատում, անկախ այդ դատավորների կայացրած վճիռներից, մեկ րոպե պատկերացրեք, թե այդ դատավորները ինչպիսի ճնշման եւ հսկողության տակ էին։ Համենայնդեպս, ես բացառում եմ ոչ միայն այդ խիստ հսկողության պայմաններում կաշառք ստանալը, նաեւ անցյալում կոռումպացված լինելը։ Չէ՞ որ նախկինում՝ կոռումպացված լինելու դեպքում, նրանք կաշկանդված կլինեին։

Հարց Հայաստանի բոլոր քաղաքական, հասարակական գործիչներին.

Արդյոք, Հայաստանի դատական համակարգն անկա՞խ էր մինչեւ 2018թ., երբ կատարում էր երկրի ղեկավարի հրահանգը։ Ուստի, արդյոք, վերոնշյալ երկու դատավորներն անկախ չե՞ն, որ հրահանգը չեն կատարում։

Այժմ Սահմանադրական դատարանի (ՍԴ) մասին։

ՍԴ-ն հանրության մեջ իրավացիորեն վստահություն չի վայելում, կապված հիմնականում, իսկապես կեղծված նախագահական ընտրությունները վավերացնելու հետ։

Հայաստանում ՍԴ-ն ձեւավորվեց 1995թ.։ ՍԴ-ի բոլոր անդամները Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածուներն էին։ Եվ, թերեւս, հասկանալի է, որ 1996թ. նախագահական ընտրությունների կեղծիքները ՍԴ-ն «չնկատեց» եւ վավերացրեց ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Սակայն 1998թ. իշխանափոխությունից հետո ՍԴ-ն նույն կազմով արդեն վավերացրեց 2003թ. նույնպես կեղծված ընտրությունների արդյունքները (1998թ. նույնպես կեղծված ընտրությունների արդյունքները Կարեն Դեմիրճյանը «խոհեմաբար» չբողոքարկեց):

Եվ, վերջապես, ՍԴ-ն համարյա նույն կազմով արդեն վավերացրեց ինչպես 2008թ. (իր նախկին պատրոնի բողոքարկումը), այնպես էլ 2013թ. նույնպես կեղծված նախագահական ընտրությունները։ Այսինքն, կրկնեմ հանրության դժգոհությունը. ՍԴ-ից եղել է միշտ հօգուտ գործող իշխանությունների որոշումների կայացումը։ Եվ նորից, օ՛ սարսափ, հանկարծ ՍԴ-ն 2019թ. կայացրեց ոչ իշխանահաճո որոշում։ Եվ էլի, էլ «նախկին կոռումպացված ռեժիմ», էլ «ոչ լեգիտիմ», էլ «անդամ եւ դատավոր», էլ «բուդկա», էլ ճգնաժամ, էլ քավոր-սանիկ, էլ իմպիչմենտ եւ այլն։

Հարց Հայաստանի քաղաքական, հասարակական գործիչներին.

Լեգիտի՞մ էր, արդյոք, ՍԴ-ն, երբ կատարում էր երկրի ղեկավարի ցուցումները։ Լեգիտիմ չէ՞, արդյոք, ՍԴ-ն, երբ իշխանությանը ոչ հաճո որոշում է կայացնում։

Այժմ, տեսնելով աննախադեպ ճնշումները ՍԴ անդամ, թե դատավորների նկատմամբ… 100%-ով հասկանում եւ արդարացնում եմ նախորդ տարիների, հատկապես 1996թ. ՍԴ-ի որոշումները։ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ՍԴ-ն համարձակվեր անվավեր ճանաչել հատկապես 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքները… Ինչպե՞ս պիտի ՍԴ անդամները դիմագրավեին Վազգեն Սարգսյանին, նրա երկրապահներով, Վանո Սիրադեղյանին, նրա Արմեն Տեր-Սահակյանով. Սերժ Սարգսյանին, նրա Ազգային անվտանգության գործակալներով։ Հավանաբար ՍԴ անդամներից ոչ մեկը ողջ չէր մնա։

Եվ, վերջապես, եթե նոր իշխանությունը, հանձին Նիկոլ Փաշինյանի, իսկապես ցանկանում էր ունենալ անկախ, անաչառ ՍԴ, ապա ՍԴ թափուր տեղի անդամ, թե դատավորի համար կքվեարկեր ՀՀ նախագահի առաջադրած, իրոք քաղաքականապես չեզոք, իրավաբան գիտնականներից մեկի եւ ոչ թե քաղաքականապես կողմնորոշված յուրայինի օգտին։

 Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

 

Հ.Գ. Ներեցեք, մոռացել էի, մինչեւ 2018թ. քննիչները, դատախազները, դատարանները եւ ՍԴ-ն սրիկայաբար կատարում էին ոչ լեգիտիմ իշխանությունների հրահանգ-պատվերները, իսկ 2018թ. հետո դատավորներից մի երկուսը եւ ՍԴ-ն, նույնպես սրիկայաբար չեն կատարում, արդեն լեգիտիմ, ժողովրդի աջակցությունը վայելող իշխանության հրահանգ-պատվերները։

«Առավոտ» օրաթերթ
02.10.2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031