Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթում առկա բացը հանգեցրել է նրան, որ նույն կողմերի միջեւ նույն առարկայով ընթանում են զուգահեռ դատական վարույթներ, ինչը ստեղծում է միմյանց հակասող դատական ակտերի կայացման իրական վտանգ, եւ նման իրավիճակը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին:
Քնարիկ Սահակյանի (ներկայացուցիչ՝ փաստաբան Մերի Կարապետյան) դիմումը Սահմանադրական դատարանում էր 2026 թ. ապրիլի 1-ից:
Դիմողը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վիճարկվող դրույթում առկա բացը հանգեցրել է նրան, որ նույն կողմերի միջեւ նույն առարկայով ընթանում են զուգահեռ դատական վարույթներ, ինչը ստեղծում է միմյանց հակասող դատական ակտերի կայացման իրական վտանգ: Նա Սահմանադրական դատարանից խնդրել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը այնքանով, որքանով չի նախատեսում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միացնելու ընթացակարգի խախտումն ՀՀ Սահմանադրության 1-ին, 75-րդ, 79-րդ հոդվածների ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության եւ 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքներին հակասող»:
Նա ներկայացրել է թիվ ԼԴ/1214/02/25 եւ թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները, եկել է այն հետեւության, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես ընդհանուր կանոն, թույլ է տալիս մեկ վարույթում միացնել միայն նույն դատավորի վարույթում գտնվող գործերը, իսկ նույն հոդվածի 2.1-11-րդ մասերով օրենսդիրը նախատեսել է տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերի միավորման հնարավորություն, սակայն բացառապես Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի շրջանակում: Օրենսդիրը, ըստ դիմողի, մի կողմից՝ ընդունել է, որ տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերի միջեւ կարող է առկա լինել այնպիսի փոխադարձ կապ, որն օբյեկտիվորեն պահանջում է դրանց համատեղ քննություն, սակայն մյուս կողմից՝ նման հնարավորություն չի նախատեսել ընդհանուր իրավասության դատարաններում քննվող գործերի համար եւ արդյունքում ձեւավորվում է իրավակարգավորման բաց, որի պայմաններում, նույնիսկ այն դեպքերում, երբ գործերը վերաբերում են նույն կողմերին, նույն առարկային, ունեն փոխադարձաբար իրար բացառող պահանջներ, եւ դրանց առանձին քննությունը կարող է հանգեցնել հակասական դատական ակտերի կայացմանը, իսկ դատարանը զրկված է նման գործերը մեկ վարույթում միացնելու իրավական հնարավորությունից:
Կարդացեք նաև
Բացի այդ, դիմողը իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն էր արել՝ այն հանգամանքների հաշվառմամբ, որ վերջինս բնակվում է առանձին, սեփական միջոցներով վճարում է բնակարանի վարձակալության վճարը, ինչպես նաեւ կենցաղային բնույթի վճարներ, այդ թվում՝ երեխայի խնամքին ուղղված՝ հագուստի, սննդի, մանկապարտեզի համար, եւ ներկա պահին գույքային դրությունը թույլ չի տալիս վճարել անհրաժեշտ պետական տուրքը:
Երեկ Սահմանադրական դատարանը բավարարել է Քնարիկ Սահակյանի միջնորդությունը, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միացնելու ընթացակարգը` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել է քննության:
Պատասխանող կողմ է ներգրավվել Ազգային ժողովը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.04.2026


















































