Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են
«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ «Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները:
Հեռախոսիս կար բաց թողնված զանգ, որն եղել էր գիշերը ժամը 3-ի կողմերը: Գիշերային ժամերին հեռախոսիս ծանուցումներն անջատված լինելու հետեւանքով զանգը չէր եկել: Համարը ռուսական էր ու բավականին գոլդ՝ 0 թվի մեծաքանակությամբ: Գիշերային զանգը այդպիսի համարից հենց այնպես չի լինում եւ ես մինչ գրասենյակ հասնելը ճանապարհին սկսեցի ստուգել համարը:
Ռուսաստանում բնակվող հայուհի էր տերը՝ Ելենա անունով: Արդեն գրասենյակում ուսումնասիրում էի Ելենայի վերաբերյալ տեղեկատվությունը, երբ հեռախոսիս նորից զանգ եկավ այդ համարից:
Ես իմ բնավորության համաձայն միացրեցի ու «ալոյի» փոխարեն կիրառեցի իմ ֆիրմային հնարքներից մեկը՝ անվանական ողջունեցի Ելենային: Ես նման ձեւով պատասխանում եմ ցանկացած օտար համարից իմ հեռախոսին զանգահարողին՝ ողջունելով անվանական: Հեռախոսի այն կողմում դրա արդյունքում տիրում է մոտ մեկ րոպեանոց շոկային դադար: Հետո հնչեց հարց. «Մենք ծանո՞թ ենք, պարոն Գաբրիելյան»։ Շփումն ավելի լիցքաթափված ու մտերմիկ նոտայի վրա տեղափոխելու համար ես ունեմ իմ ֆիրմային պատասխանը՝ դուք զանգահարել եք դետեկտիվին:
Ելենան նախ ներողություն խնդրեց գիշերային զանգի համար: Խնդրեց հանդիպում գրասենյակում, քանի որ նա հատուկ ինձ հանդիպելու համար մեկ օրով ժամանել էր Երեւան ու օդանավակայանից իներցիայով զանգահարել էր ընկերության հեռախոսահամարին, չմտածելով, որ դա իմ համարն է: Ես նրան հրավիրեցի գրասենյակ: Արդեն գրասենյակում նա պատմեց, որ ինքն ամուսնալուծված է, բավականին ճանաչված անձ է ՌԴ- ում, ունեն շատ մեծ բիզնեսներ: Ինձ դիմելու պատճառը իր միակ որդին էր՝ Սերոբը:
Որդին ամուսնացած էր, ուներ 4 երեխա, սակայն արդեն 6 ամսից ավելի նա գիշերներով կորում էր, հետո վերադառնում: Դարձել էր անտարբեր ու բացարձակ եթերային: Հեռանում էր առանց բացատրության։ Վերադառնում էր լուսադեմին՝ դատարկված, օտար, մեռյալ հայացքով։
Նա ամեն գնով ցանկանում էր փրկել որդուն ու նրա ընտանիքը:
Սովորաբար դետեկտիվի պրակտիկայում սա ունի երեք տրաֆարետային լուծում՝ սիրուհի, կազինո կամ ծանր թմրանյութեր։ Բայց հոտառությունս հուշում էր, որ այստեղ դասական սխեման չի աշխատում։
«Աչքերում դատարկություն է: Կարծես… ինչ-որ սարսափելի տեղից է փախել, բայց հոգին դեռ այնտեղ է թողել»,- արտաբերեց Ելենան կուլ տալով արցունքները.
«Մի քանի օր առաջ, երբ նա առավոտյան եկել էր ու մեռելի պես քնած էր, ես նրա մազերից մի փունջ պոկեցի ու տարա լաբորատորիա»։
«Գտան թմրանյութ։ Բայց անծանոթ տեսակի էր՝ սինթետիկա։ Ասացին, որ դա որպես սննդային հավելում են տալիս թեյի կամ սուրճի հետ։ Մարդը խմում է ու անգամ չի ջոկում, թե ոնց է պարանը հայտնվում վզին»։ Ու այդ նյութի օգտագործման վայրը դառնում է նրա համար ամենակարեւոր տեղն իր կյանքում:
Ելենան ՌԴ կոլեգաներիս չէր դիմել, փորձելով հայկական ձեւով պահել իր ընտանիքի խնդիրներն իր տանը: Ինտերնետում որոնել էր ու գտել մեր բյուրոյի էջը, մոտ 10 օր մանրամասն ուսումնասիրել էր ու որոշել դիմել մեզ: Նա ցանկանում էր պարզել, թե ինչով է զբաղվում որդին, քանի որ տանն արդեն լուրջ խնդիրներ էին առաջացել հարսի հետ:
Խաղատախտակը շրջվեց։ Սա տափակ դավաճանություն կամ փողոցային կախվածություն չէր։ Մենք պայմանավորվեցինք մի շաբաթից հանդիպել Մոսկվայում:
Մեկ շաբաթ անց ես ու Գագիկը Մոսկվայում էինք։
Տեղավորվեցինք «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում, որը շատ մոտ էր Ելենայի տանը:
Առաջին օրերին մենք ուղղակի ստվեր էինք։ Հետեւում էինք Սերոբին։ Ցերեկը նա սովորական մարդ էր. հանդիպումներ, գործարքներ։ Բայց երեկոյան կողմ նա կտրուկ կերպարանափոխվում էր, շարժումները դառնում էին կտրուկ եւ անկապ:
Ելենայի ասած ժամին մենք իրենց տարածքում էինք: Սերոբը ուղիղ կեսգիշերին դուրս եկավ տնից ու ավտոմեքենայով սլացավ։
Հետեւելով նրան՝ մենք հասանք Измайловкий парк-ի հետ հատվող հատված՝ լքված արդյունաբերական մի գոտի։ Դրսից՝ մռայլ շենքեր, որոնք տասնյակ տարիներով փակ էին մնացել: Այդ շենքերի մեջ մի ակումբ էր, որի մոտ կայանված էր Սերոբի մեքենան: Մենք սկսեցինք հեռակա դիտարկել այդ տարածքը: Այդ մռայլ միջավայրը կեսգիշերից հետո վերածվում էր հարուստների հավաքատեղու: Կայանված ավտոմեքենաների մոդելներն ու համարանիշները շատ հայտնի էին Մոսկվայում: Դա մի իրական թմրամոլների որջ էր, որտեղ բայց սովորական ձեւով ներխուժելը կլիներ անմտություն։ Սա բարդ խաղ էր, եւ մեզ անհրաժեշտ էր ավելի խորը մոտեցում։
Ակումբի տեղն առաջին օրը ճշտելուց հետո, հաջորդ օրվանից այնտեղ ուղարկեցինք իմ ռուս գործընկերուհուն՝ Ալեքսանդրային, ով կերպարանափոխումների եւ ներթափանցման մեծ վարպետ էր։ Ալեքսանդրան ներգրավվեց միջավայրում ու արդեն երկրորդ օրը դարձավ իրենցից մեկը։ Նրա լեգենդը կատարյալ էր ու անխոցելի՝ փլուզված կյանքով հարուստ տիկին։ Նա թմրամիջոց չէր օգտագործում, քանի որ, ըստ լեգենդի, սրտի ծանր խնդիր ուներ, եւ միայն խմում էր կոնյակ։ Մինչ մնացածը սուզվում էին սինթետիկ զառանցանքի մեջ, նա անկյունում նստած, հայկական կոնյակի գավաթն էր պտտում ու բաճկոնի տակի խոսափողով մեզ էր փոխանցում ներսում գտնվող մենեջերների, հսկիչների քանակը, ելքերն ու հաճախորդներին տրվող «թեյի» գրաֆիկը։
Չորրորդ գիշերը տան մոտ մոտեցանք Սերոբի մեքենային: Գագիկը միանգամից դուռը բացեց ու նստեց կողքին, իսկ ես հետեւի նստատեղին:
Սերոբը կարծես անտարբեր լիներ, չէր խոսում, չէր շարժվում: Անորոշ նայում էր մի կետի: Դա այն հայացքն է, երբ մարդն արդեն փաթեթավորել է իր հոգին ու հանձնել ուրիշի։
-Սերոբ, մայրդ է մեզ խնդրել, որ օգնենք քեզ,- ասաց Գագիկը:
Նա դանդաղ բարձրացրեց աչքերը։ Նրա դեմքին ոչ մի մկան չցնցվեց։ Բայց տպավորություն էր, որ կարծես նա սպասում էր այս հանդիպմանը:
– Պատմիր այդ գրողի տարած ակումբի մասին, ասա ամենը եւ մենք կփորձենք քեզ հանել ճահճից,- ասացի ես ու ձեռքս տանելով բաճկոնիս ներսի գրպանը, աննկատ միացրեցի ձայնագրիչը:
– Մի աղջիկ կա… Իլոնան, – շշնջաց նա չորացած շուրթերով,- ես սկզբում նրա հետ սիրահետում էի, գիշերներն այցելում էինք փակ ակումբներ, հետո աղջիկն առաջարկեց գնալ այն ակումբը, որտեղ ինքը մենեջեր էր:
Փազլը սկսեց հավաքվել։ Իլոնան գտել էր նրան, հասկացել, գրավել նրա վստահությունը։ Սկզբում՝ ուղղակի զրույցներ, հոգեւոր շփումների քողի տակ։ Հետո՝ հրավեր այս «փակ ակումբ»։ Ապա՝ «թեյը»։
– Այդտեղ ի՞նչ էիր խմում։
– Թեյ… պարզապես թեյ։ Եթե չէի գալիս, մարմինս քանդվում էր ցավից։ Իլոնան մագնիսի պես քաշում է ինձ:
Բայց քիմիան միայն նախերգանքն էր։
-Ես նրան ամեն ինչ պատմել եմ, դետեկտիվ…,-նրա ձայնը նմանվեց դատապարտյալի վերջին խոսքի։ – Իմ բիզնեսի ստվերային կողմերը։ Գործընկերներիս մեղքերը։ Ընտանիքիս թույլ տեղերը… Նրանք ամեն ինչ ձայնագրել են։
Սա էր կատարյալ ծուղակը։ Նա ինքն էր իր վզին հագցրել շանտաժի օղակը։ Այս համակարգը մարդուն վերցնում էր սիրո միջոցով, պահում կախվածությամբ եւ օգտագործում շանտաժով։
– Ի՞նչ են պահանջում քեզանից դրա դիմաց,- հարցրեցի ես:
– Նոր մարդկանց բերել։ Իմ շրջապատից։ Հարուստների։ Որ ես հանգիստ ապրեմ։
Մենք իջանք մեքենայից ու Սերոբը սլացավ՝ կորելով մոսկովյան գիշերային մթության մեջ:
Ես ու Գագիկը, որպես Ալեքսանդրայի մտերիմներ, հաճախորդի կերպարով մտանք ակումբ:
Կիսախավար, ծանր քաղցրավուն ծուխ եւ անհասկանալի բզբզոցով երաժշտություն, որը սղոցում էր ականջներդ։
Սերոբը նստած էր ամենամութ անկյունում։ Գագիկի հետ մոտեցանք Ալեքսանդրայի սեղանին: Մատուցողուհուն պատվիրեցինք վիսկի կոլայով ու սառույցով: Փորձում էինք մթության մեջ մտապահել ամեն մանրուք:
Սերոբին մոտեցավ մի ծանոթ սիլուետ, դա Իլոնան էր, որը Սերոբին ներգրավել էր այդ ամենի մեջ: Նրա նկարը մեզ տրամադրել էր Ալեքսանդրան:
Սերոբի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո Իլոնան կտրուկ շարժվեց դեպի մեր սեղան:
Նա մոտեցավ ու կանգնեց կես մետրի վրա։ Նայեց մեզ ուսումնասիրող հայացքով, եւ նրա դեմքին սառցե ժպիտ խաղաց։
– Դուք ի՞նձ էիք փնտրում, Սերոբն ամեն ինչ պատմել է ձեր մասին,- հարցրեց նա։ Մթության մեջ նկատեցինք, որ դեպի մեր կողմ են գալիս երկու հոգի: Ես ու Գագիկը նայեցինք իրար ու բնազդով ձեռքներս տարանք գոտկատեղին…
Աղջկա սառցե ժպիտը դեռ չէր հասցրել մարել, երբ մուտքի հաստ, ժանգոտած երկաթե դռները պարզապես պոկվեցին ծխնիներից ու շպրտվեցին մի կողմ։
Լուսային-ձայնային նռնակի պայթյունը ճեղքեց կիսախավարը՝ վայրկյանական կուրացնելով ու խլացնելով բոլորին։ Սենյակը լցվեց կոտրվող ապակիների զնգոցով, ծխով ու հրամայական, կոշտ գոռոցներով.
-«Всем лежать! На пол! Работает спецназ!»
Ներս խուժեց ոստիկանության հատուկ նշանակության օպերատիվ խումբը։ Սեւ համազգեստներ, ծանր զրահաբաճկոններ, լազերային նշանառության կարմիր կետեր, որոնք քաոսային պարում էին սենյակի պատերին ու մարդկանց վրա։ Վայրկյաններ անց «որջի» անխոցելի գիշատիչները, ներառյալ այն ինքնավստահ աղջիկն ու մեզ մոտեցող երկուսը ձերբակալված էին եւ դեմքով տրորում էին հատակի սառը, կեղտոտ բետոնը։ Ալեքսանդրան, արդեն դուրս գալով իր զոհի դերից, հանգիստ կանգնած էր անկյունում եւ թեթեւ աչքով էր անում մեզ։
Զինվորական ճտքակոշիկների շրխկոցով ինձ մոտեցավ օպերատիվ խմբի ղեկավարը։ Նա իջեցրեց ավտոմատի փողը, հանեց սաղավարտի դիմակն ու պարզեց ձեռքը։
– Շնորհակալություն, Գաբրիելյան եղբայրներին։
Նա ամուր սեղմեց իմ ու Գագիկի ձեռքը ժպտալով. «Ճիշտ են ասում՝ նախկին ոստիկան չի լինում։ Ձեր նման սպաները միշտ շարքում են՝ լինի դետեկտիվ, թե այլ ոլորտում։ Տեղեկատվությունը շատ հստակ էր, մանրամասն եւ ճշգրիտ։ Առանց դրա մենք այսպես չէինք մտնի»։
-Պարոն գնդապետ, եթե 5 րոպե ուշ մոտենայիք, մենք պետք է ներսից սկսեինք գործողությունը,- ծիծաղելով ասացի ես:
Ջերմորեն հրաժեշտ տվեցինք գնդապետին ու Ալեքսանդրայի հետ Սերոբին ուղեկցեցինք իրենց տուն։ Երբ դուռը բացվեց, եւ մայրն ու կինը տեսան նրան, արցունքներն ու խլացված հեկեկոցը ջնջեցին այն գորշությունը, որը կուտակվել էր նրանց տանն այս ամիսների ընթացքում։ Հրաժեշտ տալիս ես Ելենային փոխանցեցի Հայաստանի լավագույն հոգեբաններից մեկի՝ Անուշիկի կոնտակտները: Անուշիկը նրանց սպասում էր Երեւանում, որպեսզի Սերոբի հետ անցկացներ վերականգնողական կուրս:
Գիշերվա ժամը չորսն էր։ «Դե ինչ, պարոնայք դետեկտիվներ,-մութ փողոցում ժպտաց Ալեքսանդրան,- գնա՞նք «Разведка»։
Երեքով գնացինք Մոսկվայի սրտում գտնվող «Разведка» բար։ Այնտեղ չկան պաթոսային նեոնային լույսեր կամ աղմուկ։ Միայն խուլ երաժշտություն եւ թեթեւ մթնշաղ ու հին, անցյալի շունչ ունեցող դետալներով հագեցած միջավայր։ Մենք նստեցինք ամենահեռավոր անկյունում։
Բարմենը, ով վաղուց ճանաչում էր մեզ, առանց ավելորդ հարցերի մեր դիմաց դրեց Ախթամար կոնյակի շիշն իր գավաթներով եւ դեղձի չիր։ Ալեքսանդրան վերջապես կարող էր խմել կոնյակը հանգիստ՝ առանց լեգենդի, առանց բաճկոնի տակ թաքցրած դիկտոֆոնի եւ առանց թիկունքին շնչող մահվան վտանգի։
Մենք զարկեցինք բաժակները լռության մեջ ու մի շնչով դատարկեցինք։ Պարզապես խմեցինք այն բանի համար, որ այս գիշեր խավարը մեկ հոգի պակաս խժռեց։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.04.2026


















































