«Սա արժեհամակարգային պայքար է: Տպավորություն է, որ նոր իշխանությունն ալերգիա ունի այն ամենի հանդեպ, ինչն ազգային է: Այն ամենը, ինչն ազգային է եւ սնուցում է մեր ինքնությունը, ամրացնում ոգին, իշխանությունը կարծես թե թիրախավորել է: Թիրախում հայտնվեց նաեւ եկեղեցին»,-ԿԳՄՍ նախարարության դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Նա եկել էր սատարելու ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց անող ՀՅԴ երիտասարդներին:
Հիշեցնենք, որ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասի պահանջը եւս նույնն է՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
«Իշխանությունը պատերազմ է հայտարարել այն ամենի հանդեպ, ինչն ազգային է: Մշակույթի նախարարությունը մտցրին սուպեր նախարարության մեջ: Նույնը եւ կրթությունը: Դրանք կարեւորագույն ոլորտներ են, որոնք հիմա չունեն երկարաշունչ ռազմավարական ծրագրեր»,-համոզմունք հայտնեց Լիլիթ Գալստյանը, ապա հավելեց,-«հատվածական մոտեցումներով են փորձում դաշտում վիրաբուժական միջամտություններ անել՝ ըստ իրենց ճաշակի եւ արժեհամակարգի: Դրամաշնորներ են տրվում այնպիսի երեւույթների, որոնք միտված չեն ազգայինին: Այս ամենը պատահական չէ, սա մեր ինքնությունը թուլացնող քաղաքական ծրագիր է՝ կոտրելու մեր մեջքը, ազգային նկարագիրը, նվաստացնելու մեր ինքնությունն ու արժեքները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































