Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Լեւոն Քոչարյանը տպավորություն ունի, որ դատարանը`Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում կայացնելուց խուսափեց:
Հիշեցնենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է հրապարակեր «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանը, սակայն, որոշեց`հետաձգել որոշման կայացումը:
Պաշտպանական կողմի`դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություններին վերաբերվող հարցին էլ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Սպասենք, կտեսնենք՝ ինչպիսի՞ն կլինի որոշումը։ Կարծում եմ, որ իր համար էլ, բոլորի համար էլ ճիշտ բան կանի, որ հրաժարվի էս գործից»։ Մյուս կողմից, Լեւոն Քոչարյանը չի կարծում, թե դատավորը կբավարարի իր ինքնաբացարկի միջնորդությունները. «Այն ինչի ականատեսն ենք ամիսներ շարունակ, չեմ կարծում, որ կընդունի ինքնաբացարկը»:
Տուժողի իրավահաջորդները եւ դատախազներն առարկելով միջնորդությունների դեմ`հայտարարեցին, որ պաշտպանական կողմը ձգձգում է բուն գործի քննության ընթացքը:
Կարդացեք նաև
Լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան, Լեւոն Քոչարյանն ասաց. «Խնդիրը համարում եմ այն, որ հայրս ապօրինի ձեւով կալանքի տակ է։ Տեսաք, որ հրապարակվեցին այդ վերծանումները։ Նույն հին հանգամանքներն է, որը ապացուցում է՝ ինչ շինծու ու ինչ կարգի է ուղղորդված երկրի վարչապետի կողմից։ Այսինքն, մենք պիտի ասենք՝ դե լավ, եկեք տարիներով գործը տարեք, ու այդ ընթացքում էլ հայրս պիտի կալանքի տակ մնա՞: Սա է իրենց տրամաբանությունը։ Այն կարծիքը, թե մենք անընդհատ ձգձգում ենք, եւ դրանք անհարկի միջնորդություններ են, մի անգամ չեմ լսել, որ իրենք դատավորին ասեն՝ հարգելի դատավոր, ինչո՞ւ եք նիստը շաբաթը մի օր նշանակում, ամեն օր դիր։ Նույնիսկ հայրս հիվանդանոցում մի քանի օր պառկեց, ասում էին՝ հատուկ է գնացել»։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի զրույցի գաղտնալսված զրույցը, ըստ Լեւոն Քոչարյանի, հստակ ցույց է տալիս, որ կոնկրետ հրահանգ է իջեցվել վարչապետի կողմից` դատավորին. «Դա ոչ միայն մենք լսում ենք, այլ դատավորի գործողություններով դա տեսել ենք։ Ասում էր՝ հեսա բռնենք, բոլորը կսկսեն գրել. իրենց թվում էր՝ պետք է հեսա հորս կալանավորեն ու մարդկանց հերթեր կգոյանան ու ինչ-որ ցուցմունքներ կտան։ Խորը հիասթափություն ունեցան, քանի որ իրենց ծրագրածը չեղավ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































