Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան. «Թուրքիան արգելել է իր օդային տարածքով մարդասիրական օգնություն հասցնելը, ապականել մեդիան»

Հոկտեմբեր 14,2020 23:15

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սիմոնյանը միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում նշեց, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սկզբնական պահից ի վեր Սփյուռքում տեղի է ունեցել աննախադեպ մոբիլիզացիա. «Մեր հայրենակիցները քաջ գիտակցելով, թե ինչպիսի օրհասական պահ է Հայաստանի համար, եւ ինչ է դրված զոհասեղանին, լծվել են գործի, եւ այդ գործն արտահայտվում է մի քանի ուղղություններով:

Այսօրվա վիճակով Հայաստան է փոխանցվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրոպայի տարբեր երկրներից, Ուկրաինայից, Ջավախքից, Թիֆլիսից: Օգնությունը շարունակվում է: Այս պահին 100 տոննա օգնություն կա, որը պատրաստ է ԱՄՆ-ից գալ Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելը, ինչի պատճառով թռիչքը հետաձգվում է: Ռուսաստանից ամեն օր գալիս են մարդասիրական օգնությամբ թռիչքներ, նաեւ ցամաքային ճանապարհով»:

Զարեհ Սինանյանը նշեց, որ շատ կարեւոր է, որ նման աշխատանքները կատարվեն համակարգված ձեւով, թեեւ հիմնականում այդպես էլ արվում է: Նա նաեւ հայտնեց, որ օգնության տեսակ կա, որ պարզապես անիմաստ է ԱՄՆ-ից, Կանադայից կամ Ավստրալիայից ուղարկելը, դրա համար Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ արեց աշխատել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

Նա հավելեց, որ ֆինանսական օգնությունը հիմնականում արտահայտվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրաբերումներով: Մինչ այս պահը կրկին աննախադեպ գումար է հավաքագրվել Հայաստան համահայկական հիմնադրամին, մոտ 120 մլն դոլար, կան նաեւ մեծ գումարներ, որոնք պետք է ստուգվեն եւ հաշվվեն կիրակի օրվա թելեթոնի արդյունքում: «Այս օգնության կարեւորությունը դժվար է թերագնահատել, որովհետեւ մենք չգիտենք, թե որքան է տեւելու այս պատերազմը, եւ դուք հասկանում եք, թե ինչպիսի վնասներ է կրել Հայաստան աշխարհը, ենթակառուցվածքները, եւ ձեր օգնությունն ուղղակիորեն կապված է մեր ջանքերի հաջող ավարտի հետ»,-հայտնեց Սինանյանը: Ասաց, որ կան հայրենակիցներ, որոնք ցանկություն են հայտնել ֆիզիկապես մասնակցել գոյամարտին, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Եվրոպայից բժշկական խմբեր են եկել, եւ հոսքը շարունակվում է:

Նա կարեւորեց նաեւ աշխարհում հասարակական կարծիքի ձեւավորման մեջ մեր հայրենակիցների դերը. «Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանն ապականել են ամբողջ մեդիան, հասարակական կարծիքը՝ կեղծ տեղեկություններով, թե ինչ է տեղի ունենում Արցախում, եւ ինչից է ծագել կոնֆլիկտը: Նրանք նաեւ մեծ թվով լոբբիստական ընկերություններ են վարձել, որոնք տարբեր պետություններում եւ կառավարությունների տարբեր օղակներում ներկայացնում են իրականությունը աղավաղված ձեւով, ինչին հակազդում են մեր լոբբիստական խմբերը, Հայ դատի տարբեր հանձնախմբերը: Մամուլում եւս ներկայացվում է աղավաղված իրականություն, դրա համար Սփյուռքում աշխատում են բոլորը՝ բլոգերները, սոցիալական մեդիայի ակտիվիստները, մեծ համբավ ունեցող անձինք, եւ այս աշխատանքն էլ պետք է շարունակական լինի, որպեսզի կարողանանք հասնել մեր ցանկալի հաղթանակին»:

Նա անդրադարձավ աշխարհի տարբեր երկրներում ամենօրյա ռեժիմով կազմակերպված մեր հայրենակիցների բողոքի ցույցերին ու հանրահավաքներին, օրենսդիր տարբեր մարմիններում նախաձեռնություններին, ինչի նպատակը Արցախի ճանաչումն է, թուրք-ադրբեջանական եւ տեռորիստական խմբերի ագրեսիայի դատապարտումը տարբեր պետություններին կողմից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031