Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող գնան Մոսկվայում ադրբեջանցիների հետ կանաչի ծախեն, ոչ թե այստեղ էկոնոմիկայի նախարարի պաշտոն զբաղեցնեն»

Դեկտեմբեր 12,2020 14:00 Share

«Սրանք երեւի չեն գիտակցում, որ իրենք այլեւս գոյություն չունեն, եւ իրենց հետ խոսելու ժամանակ միակ բանը, որ Ադրբեջանն անելու է ՝ թքելու է իրենց ճակատին ու հերթով յուրաքանչյուր հնարավորություն օգտագործելու է, որպեսզի բզկտի Հայաստանն իր անվտանգային բոլոր հնարավորություններով». «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը:

– «Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդույթներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից եւ քայլեր նախաձեռնել: Հաջորդիվ պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը: Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի». խորհրդարանում նման հայտարարություն արեց իշխող ուժի խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա նաեւ կարծում է, որ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հաղթող կողմի հետ կարող է փոխել հեռանկարները»: Ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին: 30 տարի, երբ Հայաստանը հաղթող կողմ էր, Ադրբեջանում նման ցանկություններ եղե՞լ են՝ իշխանության շրջանում:

– Այս իշխանությունների գործողություններն այնքան անբարո, ազգադավ ու հակահայկական ընդգծված շահերով են գնում, որ հիմա այսքան ողբերգություններից ու ծնկաչոք իրավիճակից ոտքի կանգնելու փոխարեն, այս սրիկաները խոսում են ինչ-որ երկկողմ հարաբերություններից, Ադրբեջանի հետ երկխոսելուց: Սրանք երեւի չեն գիտակցում, որ իրենք այլեւս գոյություն չունեն, եւ իրենց հետ խոսելու ժամանակ միակ բանը, որ Ադրբեջանն անելու է ՝ թքելու է իրենց ճակատին ու հերթով յուրաքանչյուր հնարավորություն օգտագործելու է, որպեսզի բզկտի Հայաստանն իր անվտանգային բոլոր հնարավորություններով: Եթե այսքանից հետո այս իշխանությունները խորհրդարանի կամ ցանկացած այլ ամբիոնի մոտենալու իրավունք ունեն, ապա սա մեր ժողովրդի ամոթն է, մեր ժողովրդի արժանապատվության պակասն է:

– Բաքվի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Երեւանից հնչող ցանկությունների ֆոնին ուշագրավ է, որ երեկվա ռազմաշքերթում Իլհամ Ալիեւը կրկնեց՝ Երեւանը, Զանգեզուրն ու Սեւանը ադրբեջանական տարածքներ են, իսկ նրա թուրք գործընկերը հիշեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր Փաշային:

– Նախ, այսօրվա Բաքվի շքերթը չէր լինի, եթե մեր իշխանության ղեկին չլինեին տխրահռչակ Նիկոլն ու իր դիլետանտական խունտան: Ինչ վերաբերվում է Ալիեւի եւ Էրդողանի հայտարարություններին, ապա դրանք եւս բնութագրում են մեր շատ տխուր պատկերը: Ժամանակին էլ նման հայտարարություններ արվում էին, բայց դրանք բոլորովին այլ բնույթ ունեին. ավելի շատ պատմական նշանակություն էին փորձում տալ՝ կարեւորելով նաեւ իբրեւ թե ադրբեջանցիների, այսպես ասած, բնիկ ժողովուրդ լինելու հանգամանքը Հարավային Կովկասում: Այսօր, Ալիեւի խոսքի համատեքստն արդեն ամբողջությամբ փոխված է եւ այսօր արդեն պահանջատիրական իրավունքով է խոսում, ուժի դիրքերից: Պաշտոնական Երեւանի բացահայտ լռությունը եւ այս ողբերգական իրավիճակը, որը ստեղծել են նիկոլները, շատ ծանր հետեւանքներ են բերելու նաեւ Հայաստանի Հանրապետության համար: Եթե հայ ժողովուրդը մի փոքր հարգում է իր նախնիների հիշատակը, եթե հայ ժողովուրդը մի փոքր մտածում է իր զավակների, իր թոռների մասին՝ մի խնդիր ունի՝ օր առաջ ազատվել այս ապիկար իշխանություններից, օր առաջ հնարավորություն տալ, որպեսզի պատասխանատու մարդիկ կարողանան ոտքի կանգնեցնել երկիրը եւ պատշաճ արձագանքել մեր բոլոր սպառնալիքներին, այդ թվում նաեւ ալիեւներին:

– Իշխանական պատգամավորները նաեւ խոսում են Ադրբեջանի հետ ակտիվ առեւտրատնտեսական կապերի մասին, միաժամանակ, պատերազմի ժամանակ որոշում ընդունվեց հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներկրումը դադարեցնելու մասին: Ձեզ համար հասկանալի՞ է, ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը, ի՞նչ ենք մենք ուզում:

– Անբարո, ամեն ինչը վաճառքի մեջ տեսնող, չարչի հասարակության ներկայացուցիչ, իրենց իշխանություն համարողների մոտեցումը: Թող այնտեղ մորթեն մեր քաղաքացիներին, Արցախի քաղաքացիներին, թող այնտեղ ավերեն մեր սրբությունները, իսկ սրանք թող մտածեն Ադրբեջանի հետ առեւտուր անելու մասին: Եթե այդպես է, թող գնան Մոսկվայում ադրբեջանցիների հետ կանգնեն կանաչի ծախեն, ոչ թե գան այստեղ էկոնոմիկայի նախարարի պաշտոն զբաղեցնեն:

– Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Հովհաննես Իգիթյանն էլ հեգնեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերին՝ ասելով. «Պուտինն էլ է ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է Պուտինի հրաժարակա՞նը պահանջենք»: Նմանօրինակ գնահատականները, մանավանդ բավական պատկառելի քաղաքական անցյալ ունեցող գործչի եւ մարդու կողմից, ինչի՞ արդյունք են:

– Հովհաննես Իգիթյանին պետք է ընդամենը ասել, որ հնարավորության դեպքում լռի եւ ոչինչ դուրս չտա, որովհետեւ ցանկացած դուրս տվոցի դեմ է Հայաստանի շահերին: Ռուսաստանի դաշնությանը եւ անձամբ Պուտինին պետք է շնորհակալություն հայտնել, որ փրկել է Արցախի փոքր մասը: Թե չէ Իգիթյանի ադրբեջանահպատակ Նիկոլն այդ մասն էլ էր առանց խղճի խայթ զգալու վաճառելու:

– Նախօրեին, խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր հայտնի թեզը, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Ստորագրված կապիտուլյացիայի ակտի պայմաններում ի՞նչ փոխընդունելի լուծման մասին է խոսքը: Էլ ի՞նչ գիշերային փաստաթղթեր սպասել Նիկոլ Փաշինյանից:

– Ես կարծում եմ, որ Նիկոլն ու Իլհամն այդ հարցն արդեն իրենք իրենց համար որոշել են, որ Արցախի հարցի լուծումը պիտի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով, ինչպիսին դա հիմա կա: Քանի դեռ Նիկոլը Հայաստանում իշխանության ղեկին է, Արցախի հարցի լուծումը չի կարող Հայաստանի եւ Արցախի ժողովրդի համար ընդունելի տարբերակով լուծվել: Փաստերը, հանգամանքները, Արցախում ռուս խաղաղապահների լինելը, բուն Արցախի տարածքից Հադրութի եւ Շուշիի շրջանները վաճառված լինելը հաշվի առնելով՝ առաջիկա իշխանությունները նախ պետք է կարողանան հստակեցնել, սրբագրել, որոշ դեպքերում փոփոխել եւ շտկել այս դավաճանական հայտարարության մի շարք դրույթներ: Երկրորդը, առաջիկայում աշխարհում եւ մեր տարածաշրջանում տեղի են ունենալու մի շարք փոփոխություններ, բացվելու են նոր հնարավորություններ եւ մեզ պետք է լինելու ոչ թե դավաճանական, պոպուլիստ, փողոցից ծնված, փողոցային իշխանություն, այլ պրոֆեսիոնալ, լեգիտիմ իշխանություն, որն ի վիճակի է լինելու Հայաստանի եւ Արցախի շահերը համակարգված ձեւով առաջ տանել: Ես համոզված եմ, ես հավատում եմ, որ 4-5 տարվա ընթացքում մեր տարածաշրջանում փոփոխությունները Հայաստանի եւ Արցախի համար բերելու են բազում դրական հնարավորություններ: Բայց այս դավաճանների պարագայում, Աստծու տված պարգեւներն էլ լինեն, այս սրիկաները կամ այնքան հայադավ ու ազգադավ են, որ դրանք չեն օգտագործելու, կամ այնքան տգետ են, որ չեն նկատելու:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031