Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Սարգսյանի` «Ալրաղացի Լյովիկ»-ի խափանման միջոցի հարցով դատարանը վաղը որոշում կհրապարակի

Հունվար 26,2021 19:44

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանի գործի քննությունը:

Լեւոն Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Լեւոն Սարգսյանն այժմ կալանքի տակ է գտնվում:

Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Սարգսյանի պաշտպանական խմբի անդամ Աշոտ Սարգսյանն ասաց, որ Լեւոն Սարգսյանը դիմում էր ներկայացրել դատարանին` առանց իր ներկայության նիստն անցկացնելու մասին: Լեւոն Սարգսյանը նաեւ դատարանին միջնորդություն է ներկայացրել` իր խափանման միջոցը փոխելու մասին: Աշոտ Սարգսյանը գտնում է, որ Լեւոն Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան`նշելով, որ չորս ցուցմունք է եղել նրա դեմ, հետո ոմանք հրաժարվել են իրենց ցուցմունքներից։

Նախաքննական մարմնի կարծիքով, հիշեցնենք, ազատության մեջ գտնվելով, Լեւոն Սարգսյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Մեղադրողը համակարծիք է նախաքննական մարմնի հետ:

Այսօրվա նիստում պաշտպանական կողմը նաեւ միջնորդել է գրավ կիրառել` չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Դատախազն առարկել է սույն միջնորդության դեմ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ`միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 10.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031