Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ

Մարտ 25,2021 22:02

ԱԳ նախարարի տեղակալի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավարի միջև կայացած տեսազանգի վերաբերյալ

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու կարևորությանը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապությունը՝ հաշվի առնելով հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, դրանց սրբապղծման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական քայլերը։

Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորումներին: Մասնավորապես, նշվեց, որ այսօր համացանցում BBC լրատվական ծառայության կողմից շրջանառվել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Մեխակավան բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնովին ավերվել է:

Անդրադառնալով փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ:

Ընդգծվեց, որ առաքելությունը շահարկելու և անհարկի քաղաքականացնելու Ադրբեջանի փորձերը բոլորովին անընդունելի են: Շեշտվեց առաքելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և 1954թ․ Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությունում վերահաստատված ձևաչափով անցկացնելու կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031