Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Իսկական հերոսը» նախագծի հաղթողները

Ապրիլ 29,2021 17:32

Ապրիլի 28-ին ամփոփվեց «Իսկական հերոսը» նախագիծը, որի շրջանակներում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ երևանյան դպրոցներում:

Շարադրությունների մրցույթին մասնակցել է ավելի քան 150 դպրոց, որոնցից ժյուրին ընտրել է 10 լավագույններին, իսկ նրանցից երկուսին ճանաչել որպես հաղթող:

Հաղթողները դարձան իրենց դպրոցների իսկական հերոսները՝ իրենց հաղթանակի շնորհիվ հնարավորություն ընձեռելով ողջ դպրոցի աշակերտներին կինոթատրոնում անվճար դիտել «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը:

Հաղթող աշակերտներն են Վիկտոր Համբարձումյանի թիվ 12 հիմնական  դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Անժելիկա Ստեփանյանը և Երևանի թիվ 118  ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի էլեն Ասատրյանը:

Հատուկ մրցանակի արժանացան Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի թիվ 57 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Գուրգեն Ղուլղազարյանն ու Ղ․ Ալիշյանի անվան թիվ 95 միջն. Դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Գրիգորյանը, որոնց հաղթանակի շնորհիվ հնարավորություն կտրվի նրանց դասարանների բոլոր աշակերտներին կինոթատրոնում դիտել «Մի անգամ դպրոցում» ֆիլմը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից հատուկ մրցանակների արժանացան «Ուսմունք» դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Նիկա Բարբակաձեն և Երևանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Հովսեփյանը:

Լավագույնների մեջ էին նաև Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Միքայելյանը, թիվ 109 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Ղարագյուլյանը,  Դունայանցի անվան թիվ 154 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մարի Մարկոսյանը, Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Մովսիսյանը:

Նախագծի նպատակն էր աշակերտների շրջանում խթանել մարդկային բարձր արժեքների, իրական հերոսության, հայրենասիրության գաղափարները:

Նախագծի շրջանակներում նկարահանված «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը, որի փակ դիտումը կայացավ երեկ՝ մրցանակաբաշխությունից հետո, նույնպես այդ գաղափարներին է նվիրված:

Գլխավոր դերերում հայտնի ու սիրված դերասաններ են՝ Մկրտիչ Արզումանյան (Մկո), Վահագն Գալստյան, Արփի Գաբրիելյան, Ռաֆայել Երանոսյան, Գրիգոր Դանիելյան և ուրիշներ:

Ֆիլմը  մի դպրոցական տղայի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ բացասական վարքագիծ է դրսևորում, հաճախ հայտնվում անախորժ պատմությունների կիզակետում ու չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման եզրին: Փորձելով ամեն գնով կանխել դպրոցի փակումը՝ նա հայտնվում է արկածային իրադարձությունների կենտրոնում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ և դառնալով իրական հերոս: Ֆիլմը դինամիկ է, հետաքրքիր, անսպասելի լուծումներով և ծիծաղաշարժ իրադարձություններով լի, իսկ ամենակարևորը՝ այն սովորեցնում է գնահատել իրական արժեքները:

Ֆիլմը նկարահանել է «Պերսոնաժ ֆիլմս» ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր՝ ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, «Կինոպարկում» («Երևան մոլ»):

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930