Համացանցային խարդախությունները գնալով կատարելագործվում են, մի անզգույշ կամ չմտածված գործողություն եւ դուք կարող եք խարդախության զոհ դառնալ։
Հնարավոր է՝ դուք որեւէ կայքում որեւէ իր վաճառելու համար հայտարարություն եք տեղադրել, եւ շուտով ձեզ հետ կապ է հաստատում ենթադրյալ գնորդը, ինչ-որ հղում է ուղարկում, որի միջոցով վճարում է պետք կատարել։ Թվում է՝ շուտով գործարքը կկատարվի եւ վերջ։ Սակայն մինչ հղումով անցնելը հավաստիացեք, որ այն իրական կազմակերպության հղում է, հակառակ դեպքում, դուք կարող եք ձեր բանկային տվյալները փոխանցել համացանցային խարդախներին։
Վերջերս նման մի խարդախություն էր բացահայտել օգտատերերից մեկը, որը list.am-ում մանկական նստատեղի վաճառքի մասին հայտարարություն էր տարածել։ Նրա հետ whatsapp-ի միջոցով կապ է հաստատել ենթադրյալ գնորդը, հայտնել, որ գործարքը պետք է «Հայփոստ»-ի առաքիչի միջոցով կատարվեր։ Գնորդ ներկայացած անձը մի հղում է ուղարկել, որով պետք է անցներ վաճառողը։ Այս հղումը թվում էր իրական, քանի որ նման էր «Հայփոստ»-ի իրական կայքէջի հղմանը։ Սակայն օգտատերը նկատել է, որ այդ հղումը «Հայփոստին»-ը չէ, կեղծ էջ է։ Եթե նա շտապեր, ապա հաստատ իր բանկային տվյալները կփոխանցեր այս խարդախին։
Նմանատիպ իրավիճակ է պատահում նաեւ Avto.am-ում հայտարարություն տեղադրած քաղաքացիների հետ, համացանցային հանցագործներն այդ կայքից կամ հայտարարության միջոցով ստանում են ձեր էլեկտրոնային հասցեն, ապա նամակ ուղարկում, թե ցանկանում են գնել մեքենան, ապա հորդորում անցնել իրենց ուղարկած հղումով, որի միջոցով կարող եք տվյալներ փոխանցել, իսկ արդյունքում կարող եք գումար կորցնել։
Կարդացեք նաև
Cyberhub.am-ի աջակցության հարթակի համահիմնադիր Արթուր Պապյանն ասում է՝ նման խարդախների սկզբունքը խայծ գցելն է, տեսնեն՝ ով կընկնի կարթը, այս տիպի հարձակումները կոչվում են «fishing»՝ ձկնորսություն, երբ ինչ-որ կեղծ կայք է ստեղծվում, որի միջոցով կամ տվյալ է հաստատվում կամ գաղտնաբառ կամ էլ տարածվում է չարամիտ ինչ-որ ծրագիր, եւ որպեսզի մարդիկ խայծը կուլ տան, դա փաթեթավորվում է զգայական հաղորդագրությամբ։ Օրինակ՝ դա կարող է լինել ուրախացնող մի բան, իբրեւ թե շահել եք այսինչ բանը, կամ զարմացնող՝ տեսեք, այս ինչ է կատարվում, կարող է լինել վախեցնող հաղորդագրություն՝ ձեր բանկային քարտով գործարք են կատարել, անցեք այս հղումով, հաստատեք, որ դուք չեք։ «Ցանկացած տարբերակում ձեզ ուղարկվում է հաղորդագրություն, որով ստիպում են գործողություն կատարել, իմաստն այն է, որ այդ գործողությունը կատարելուց հետո ինքնակամ տալիս եք ձեր գաղտնաբառը, բանկային քարտի տվյալները կամ հանցագործն իր ուզած ծրագիրը տեղադրում է ձեր մոտ, որպեսզի հետո հանգիստ լրտեսություն անի»,-ասում է Արթուր Պապյանը։
Այս «fishing» հանցագործությունը տեխնիկական քիչ գիտելիքներ է պահանջում, եւ ինչպես Պապյանն է ասում, ցանկացած երեխա կարող է «ֆիշինգային» հարձակում կատարել, այն ծախսատար էլ չէ, կարելի է մեկ միլիոն անձի նամակ կամ կարճ հաղորդագրություն ուղարկել, եւ կլինեն խայծը կուլ տվողներ։
Արթուր Պապյանն ասում է՝ այս տարվա սկզբից հատկապես շատ են հաղորդակներով ուղարկվող նման խարդախությունները։ Պապյանը մանրամասն բացատրում է՝ հղումն ուղարկում են, ուղղորդում են՝ ինչ անել, եթե «զոհը» հետեւում է հորդորին, ապա տարբեր միջոցներով շարունակում են կապը, կարող է ուղղորդեն Ֆեյսբուքի կամ Ինստագրամի կեղծ էջ ու ասեն՝ արագ մուտք արա քո տվյալները, որպեսզի շարունակես, ու այդ ընթացքում կարող է որեւէ բան տեղի չի ունենա, սակայն իրականում հետեւում՝ ֆոնային ռեժիմում իրենք գողանում են գաղտնաբառն ու այդ անձի տվյալներն են հավաքագրում։
Արթուր Պապյանը խորհուրդ է տալիս՝ եթե դուք ստանում եք հաղորդագրություն, որում ասվում է շահել եք, կամ օրինակ՝ մենք կգնենք ձեր ավտոմեքենան կամ այլ զգայական տեքստ եւ առաջարկվում է անցնել հղումը, ապա համոզվելու համար, որ դա խարդախություն չէ՝ նախ ստուգեք իրական կայքը կամ էջը։ Օրինակ՝ եթե ձեզ ասում են՝ այսինչ սուպերմարկետում այսինչ բանն եք շահել, մտեք այդ կազմակերպության իրական կայքէջը կամ Ֆեյսբուքի էջը, ու ստուգեք՝ արդյոք որեւէ մրցանակաբաշխություն իրականացնո՞ւմ են, թե՞ ոչ։ Նույն ձեւ կարելի է ստուգել, եթե ձեզ ասում են՝ ձեր բանկային քարտով գործարք է կատարվել ու ինչ-որ հղում են ուղարկում, բայց իրականում դուք գործարք չեք արել։
«Համացանցում ոչինչ չեն շահում, անվճար ոչինչ չեն բաժանում, սա կանոն է, որը պետք է հիշել»,-ասում է Արթուր Պապյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ



















































