Արցախյան հիմնահարցի շուրջ ստեղծված մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած, քանի որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի բանակցային գործընթացի վերականգնման նպատակով կառուցողական մթնոլորտ ստեղծել։ Ավելին՝ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե Արցախյան հիմնահարցն արդեն անցյալում է, քանի որ խնդիրը լուծել են միակողմանի՝ ուժի միջոցով, և դրա շուրջ բանակցելու որևէ իմաստ չեն տեսնում։ Դրա փոխարեն օրակարգ է բերվում Հայաստանի տարածքով Նախիջևանի ու Թուրքիայի հետ կապվելու հարցը։ Սակայն հայկական կողմից հնչող հայտարարությունները հիմնականում վերաբերում են խաղաղության օրակարգին, քանի որ իշխանությունները անընդհատ հավաստիացնում են, թե ժողովուրդն իրենց դրա համար է մանդատ տվել ընտրություններում։
Ըստ այդմ, Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղության դարաշրջան բացելու առաջարկը իրենք են արել, այն էլ մի քանի անգամ։ Իսկ կարկառուն իշխանական պատգամավորներից մեկն էլ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալու նպատակով հայտարարում է, թե ցանկացած հարևանի հետ էլ կարելի է խաղաղության դարաշրջան բացել։ Սրանով, կարծես, իշխանական պատգամավորը փորձում է համոզել, որ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության հասնելն անհնար չէ, ինչպես շատերը կարծում են։ Եթե իրոք այդպես է, ապա այդ դեպքում ի՞նչն էր խանգարում նախքան պատերազմը նպաստել խաղաղությանը։ Մի՞թե իշխանությունների երազած խաղաղությունը պետք է լիներ 5 հազար զոհերի արյան հաշվին։
Կամ դրան Հադրութն ու Շուշին էին խանգարո՞ւմ, որ հայտնվեն հակառակորդի տիրապետության տակ։ Ի՞նչ է, իրենց պետք էր խայտառակ պարտություն ու կապիտուլյացիոն հրադադա՞ր, որից հետո միայն գնան խաղաղության։ Իշխանությունների դիրքորոշումն ավելի շատ նմանվում է խաղաղություն խնդրելուն կամ մուրալուն։ Իսկ Ադրբեջանի ղեկավարության պահվածքը ցույց է տալիս, որ Բաքուն որևէ կերպ մտադիր չէ ընդառաջ գնալ խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Փաշինյանի թախանձանքներին։
Մի խոսքով, ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ խաղաղություն մուրալու դեպքում հակառակորդն ավելի սանձարձակ է դառնում, այնինչ դրա փոխարեն պետք է որդեգրել Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու օրակարգը։ Բայց թելադրողն ո՞վ է: Հունիսի 20-ով մենք այդ թեման էլ փակեցինք…
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։


















































