Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են բարեկարգ ճանապարհներ

Ապրիլ 19,2022 22:44

Մոտ 1 ժամ է՝ վանաձորցիները փակել են դեպի Դիմաց թաղամաս բարձրացող ճանապարհը: Պատճառն այն է, որ դեռեւս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից Աղայան փողոցը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Ճանապարհները գրեթե անանցանելի են:

Թաղամասի բնակիչներն ու վարորդները այս կերպ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որպեսզի ճանապարհի բարեկարգման աշխատանքները սկսվեն հնարավորինս շուտ. «Ամեն օր այս ճանապարհից եմ օգտվում, գնում եմ գործի, գործից տուն: Մեքենայիցս գրեթե ոչինչ չի մնացել: Ամեն օր մի նոր մաս է կոտրվում, ափսոս են այս մեքենաները»,- ասում է վարորդներից Արմենը:

«Էս փոշին ամբողջությամբ լցվում է տները: Բանուկ փողոց է, եթե 2 մեքենա իրար հետեւից անցավ, տանը նստած շունչդ կտրվում է: Արդեն օրերը տաքացել են, լուսամուտ ենք բացում ու խեղդվում էս օդից,- ասում է թաղամասի բնակիչներից Դավիթը:

Բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպման են գնացել Լոռու մարզպետարանի աշխատակիցներ: Տեղում են նաեւ ոստիկանության ծառայողները:

Փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը ցույցի մասնակիցների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց, որպեսզի ճանապարհը բացեն, խոստանալով, որ 15 օր անց շինարարական կազմակերպությունը կվերսկսի ասֆալտապատման աշխատանքները: Ավետիսյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչ այդ ճանապարհն անընդհատ կջրեն, որպեսզի փոշին հնարավորինս քիչ բարձրանա օդ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930