Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ դոլար, քիչ պահանջարկ․ էժանացող դոլարի ազդեցությունը տնտեսության վրա. JAMnews

Հուլիս 07,2022 11:56 Share
dolar

JAMnews. Տնտեսագետները խոսում փոքր տնտեսություն ներխուժած արտարժույթի չափազանց մեծ ծավալի մասին և միաժամանակ մի քանի պատճառ են տեսնում դոլարի դիրքերի թուլացման պրոցեսում։

  • Պետական կառավարման համակարգի տնտեսական բլոկի պատասխանատուները բնական են համարում դոլարի էժանացումը և նշում, որ սպեկուլյացիաներ չկան։ Բայց շարքային քաղաքացիները, մտավախություն ունենալով, որ դոլարը ավելի կէժանանա, շտապում են փոխանակել իրենց ձեռքին եղած գումարները՝ կրկին նպաստելով արտարժույթի էժանացմանը։
  • Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով շատ ռուսաստանցիներ տեղափոխվեցին Հայաստան։ Ժամանածների մի մասի համար Հայաստանը տրանզիտ է այլ երկրներ գնալու համար, ոմանք էլ հիմնական բնակություն են հաստատել։ Նրանցից շատերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ են, շարունակում եմ ծառայություններ մատուցել այլ երկրների և դոլարով աշխատավարձ ստանալ Հայաստանում։
  • Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանկցիաների պատճառով Հայաստան են տեղափոխվել նաև կազմակերպություններ, որոնք ևս դոլարով են եկամուտ ստանում։
  •  Հաջորդ քիչ գնահատված, սակայն ազդեցիկ գործոնը ռուսների կողմից Հայաստան տեղափոխած ֆինանսական կապիտալն է, խնայողությունները։
  •  Ըստ Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ տարվա առաջին երեք ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ժամանել 134 հազար մարդ։ Եթե անգամ ժամանած մարդկանց կեսը գնացել է այլ երկիր, ապա 70 հազարը մնացել են։ Ամենահամեստ հաշվարկներով՝ բնակարանային վարձն էլ ներառյալ, նրանցից յուրաքանչյուրը ամսական մոտ 500-600 դոլար է վաճառում Հայաստանում։ Այսինքն, 35 մլն դոլար ավելի շատ է ծախսվում, քան նախորդ տարիներին, իսկ փոքր տնտեսությունների համար դա քիչ գումար չէ։
  •  Սրան գումարվում է նաև այլ երկրներից տուրիստական հոսքը։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2022թ-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել մոտ 250 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.9 անգամ։
  •  2022թ-ի ապրիլին ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են փոխանցել ռեկորդային ծավալի գումար՝ 358 մլն դոլար։ Կենտրոնական բանկի տվյալները փաստում են, որ վերջին առնվազն 20 տարվա ընթացքում ոչ մի ամիս այդ ծավալի տրանսֆերտներ դեպի Հայաստան չեն եղել։

Դոլարի քանակն ավելացել է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ Միացյալ Նահանգների ֆեդերալ ռեզերվային համակարգը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում շուրջ 40 տոկոսով ավելացրել է դոլարային շրջանառության բազան։ Իսկ դոլարն աշխարհի շատ երկրների համար հիմնական վճարահաշվարկային միջոցն է։

Ամենածանրը արտահանողների վիճակն է

Դոլարի արժեզրկումը բարդացրել է արտահանողների ֆինանսական կյանքը։ Նրանք դրսում իրենց ապրանքը դոլարով են վաճառում, որը Հայաստան հասնելով արժեզրկվում է։

Ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող արտահանող ընկերությունները վերջին շրջանում տարբեր առիթներով հաճախ են խոսում իրենց եկամուտների տեսանելի կրճատման մասին և կոչ անում պետությանը՝ որևէ կերպ միջամտել։ Հիմնական միջամտություն իրականացնողը ՀՀ կենտրոնական բանկն է, որը պետք է ինտերվենցիաներ իրականացնի, որպեսզի դոլարի նկատմամբ արհեստական պահանջարկ ստեղծի։

Վերջերս ԿԲ նախագահը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրավիճակը վերահսկելի է, և դեռևս չեն պատրաստվում նման քայլի գնալ։

Խոշոր արտահանողները չեն կարող արտահանումներ չիրականացնել, որովհետև գնորդի հետ ունեն երկարաժամկետ պայմանագրեր, որտեղ ֆիքսված են խմբաքանակներ ու ժամկետներ։ Ցանկացած կետ խախտելով՝ նրանք կարող են ոչ միայն գործընկեր կորցնել, այլև իրավական պատասխանատվության ենթարկվել։

Թեև որոշ դեպքերում հայ գործարարներին հաջողվում է լեզու գտնել և նվազեցնել արտահանման չափերը, սակայն միևնույն է, դոլարի արժեզրկման պայմաններում տուժում են։

Ընկերությունները դժվարանում են վճարել աշխատողներին, սպասարկել իրենց վարկային պարտավորությունները, հումք ձեռք բերել և այլն։

Ամենաշատը տուժում են փոքր և նոր ընկերությունները։ Խոշոր ընկերությունները, որոնք նման ճնգաժամեր հաղթահարելու փորձ ունեն, կարող են հնարավորինս քիչ տուժելու ուղիներ գտնել։

«Սուրեն-Անի» ՍՊԸ-ն չրերի արտադրության ոլորտում մասնագիտացած կազմակերպություն է, էլեկտրական դարակավոր չորանոցներ է արտադրում։ Արտահանում է թե՛ չորանոցները, թե՛ արդեն պատրաստի մրգային ու բանջարեղենային չրեր։ Հիմնական շուկան Ռուսաստանն է, թեև այլ երկրներ ընդարձակվելու փորձեր են անում։

Ընկերության տնօրեն Սուրեն Գալստյանն ասում է, որ իրենք կարողացել են գործընկերների հետ պայմանավորվել ռուբլով վճարումների մասին․ «Արտահանման շուկան պահպանելը կարևոր է մեզ համար։ Ռուսները սկսել են մեզ հետ հիմնականում ռուբլիով առևտուր անել, որովհետև դոլարի հետ կապված խնդիր ունեն։ Նախկինում եղել է նաև դոլարով ենք պայմանագիր կնքել, բայց ուկրաինական պատերազմից հետո կտրուկ անցում կատարվեց ռուբլուն»։

Նրա խոսքով, շատ են տուժում հատկապես եվրոպական երկրներ, հարևան Վրաստան, Բելառուս, Ամերիկա արտահանողները։ Նրանք արդեն երկու ամիս է ինչ անորոշության մեջ են, որովհետև Հայաստանում դոլարի էժանացման վրա ազդող գործոնները մի քանիսն են ու իրարից անկախ։

«Արտադրող-արտահանողների հիմնական հույսն այն է, որ դոլարի փոխարժեքը արհեստականորեն բարձրացնեն։ Բայց, ոնց հասկանում եմ, պետությունը նման քայլի չի ուզում գնալ։ Չնայած վերջին շաբաթվա ընթացքում դոլարը սկսում է կայունանալ։ Ինձ թվում է, տուրիստական հոսքի նվազման հետ իրավիճակը կփոխվի»,- ասում է գործարարը։

«Մելանտե»-ն Հայաստանում տեքստիլ արտադրող հայտնի ընկերություն է և արտասահմանյան շուկայի հետ աշխատում է պատվերներով։ Ընկերության շուկայի զարգացման պատասխանատու Աստղիկ Հակոբյանն ասում է, որ իրենք արտահանում են միավոր ապրանք, ոչ թե բրենդ, ռիթեյլի և մերչենդայզինգի [այսինքն արտադրանքի արտաքին շուկաներում առաջմղման] պայմանագրեր չունեն․

«Այս իրավիճակում մենք ավելի պաշտպանված ենք, պայմանագրերը երկարաժամկետ չեն և փոխարժեքի մեջ չենք տուժի այնքան, ինչքան եռամսյակային կամ տարեկան պայմանագրերով աշխատող արտահանողները»։

Նրա խոսքով՝ ինչպես շատ արտահանողներ, իրենք ևս հիմա պասիվ են դրսի շուկայի հետ գործարքներում, մինչև դոլարը որոշակի կետում կայունանա։

Արտադրողները միաբերան ասում են, որ դոլարի արժեզրկման հետևանքով ստիպված են թանկացնել ապրանքները, ինչը նվազեցնում է դրսում հայկական ապրանքների մրցունակությունը։

Ներմուծողները շահում են, ապրանքները չեն էժանանում

Դոլարի արժեզրկումից հատկապես շահում են ներկրողները։ Նրանք դրսի շուկայում ապրանքները ձեռք են բերում դոլարով, հետևաբար ավելի քիչ դրամ են ծախսում։ Բայց ներկրվող ապրանքների շուկայում քիչ բան կարելի է հանդիպել նվազ գներով։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ ներմուծվող ապրանքների գները չեն նվազում, քանի որ ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են։ Օրինակ, այս պահին, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ցորենի գինը գտնվում է պատմական մաքսիմումի վրա։

ԿԲ նախագահը մատնանշում է ևս մեկ պատճառ՝ տրանսպորտայինը։ Ավելացել են ծախսերը, բեռները Լարսով՝ Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհով, դանդաղ են տեղափոխվում։

Ներմուծող ընկերությունները խուսափում էին JAMnews-ի հարցերին պատասխանել, հնչում էին միայն կարճ ռեպլիկներ․ «Թողեք մի անգամ էլ մեզ համար լավ լինի»։

Ներմուծվող ապրանքների գների իջեցման թերևս միակ դեպքը ներկայացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկայի ֆոնին մանրածախ շուկայում կարագն էժանացել է մոտ 5-7 տոկոսով։

Դոլարի փոխարժեքի կայունացման մասին որևէ կանխատեսում փորձագետներն առնվազն անհիմն են համարում, քանի դեռ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի հանգուցալուծվել։

    Գայանե ԱՍՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031