Գյումրու ծննդատանը երեկ լույս աշխարհ է եկել Խաչատրյանների ընտանիքի 14-րդ զավակը, որին անվանել են Աննա։



Կարդացեք նաև
Aravot.am-ը մշտապես անդրադարձել է բազմազավակ այս ընտանիքի համալրմանը։ Անցած տարի ծնվեց որդիներից ՝ մեկը, որին ի պատիվ տեգրոջ՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի՝ անվանեցին Միսակ:

Ընտանիքի հայրը՝ Եղիշ Խաչատրյանը, տան միակ աշխատողն է, արհեստավոր է։ Նա երբեմն Ռուսաստանի Դաշնություն է մեկնում՝ արտագնա աշխատանքի։
Գյումրիում հաց վաստակելը, ըստ Լիլիթ Խաչատրյանի, այնքան էլ հեշտ չէ, իսկ իրենք պետությունից աջակցություն ստանալու հույս չունեն։
Բազմազավակության խրախուսման ամենալուրջ ծրագիրը, ըստ Լիլիթ Խաչատրյանի, եղել է 2015 թվականին, երբ պետությունն իրենց բնակարան է հատկացրել, իսկ հիմա խրախուսող ծրագրեր գրեթե չկան։

Երեխայի ծնվելուց հետո պետությունը մեզ մեկ միլիոն ու կես միանվագ գումար կտա, բայց մեր պես ապրող ընտանիքի համար դա երկու ամսվա ծախս է, ոչ ավելին։ Եթե հաշվում ես, մի ամսվա համար 1000-1500 դոլար գումար է պետք յոլա գնալու համար։ Սովորական, առաջնային ծախսերի մասին եմ խոսում, երեխեքից մի քանիսը տրանսպորտից են օգտվում, դասի են գնում-գալիս, դասերից հետո երաժշտական դպրոց, այնպես որ, մեծ գումար չէ։
Պետությունը պիտի խրախուսի, շատ մայրեր կան, որոնք ասում են՝ չեմ կարող շատ զավակներ ունենալ, շատերը դուրս են գնում՝ արտագնա աշխատանքի, էստեղի պայմաններում հաստատ չես կարողանա բազմազավակ լինել։ Այնպես որ պետության աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի հայ մայրերը չխուսափեն երեխաներ ունենալուց, կարողանան պահել, շատերը հենց սոցիալական խնդիրներից ելնելով՝ երեխաներ չեն ունենում, բայց մի ամբողջ սերունդ կորցրեցինք պատերազմին, մի՞թե չպիտի մտածենք մեր ազգի մասին։
Ամեն երեխա Աստծո պարգևն է, ամեն երեխա իր ղսմաթն ունի, բազմազավակ երեխաների մայր լինելը ուրախություն է», -ասում է Լիլիթ Խաչատրյանը։
Նա հայ մայրերին խորհուրդ է տալիս երբեք աբորտներ չանել, քանի որ դա հանցագործություն է։
«Աբորտը սպանություն է, մի՞թե կարելի է կյանքից զրկել դեռ լույս աշխարհ չեկած զավակին, մարդը ինչպես կարող է իր երեխային իր ձեռքով սպանել», -ասում է մեր զրուցակիցը։
Ի դեպ, Խաչատրյանների ավագ դուստրը՝ 22-ամյա Շուշանը, ամուսնացել է վերջերս, նա զբաղվում է նկարչությամբ։ Տանը կան հինգ դպրոցականներ, ամեն մեկը մի երաժշտական գործիք նվագում է։
Ավագ դուստրերից մեկը՝ 20-ամյա Հեղինեն, սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի միանգամից երկու բաժիններում․ նա ապագա երաժշտագետ ու դաշնակահար է, անընդմեջ համերգների է մասնակցում։ Ավագ որդիներից մեկը՝ Զավենը, սովորում է բժշկական քոլեջում, մյուսը՝ Հովսեփը արհեստագործական ուսումնարանում։
Խաչատրյանները մյուս տարի բանակ կճանապարհեն բժշկական քոլեջում սովորող որդուն՝ Զավենին, որը կդառնա 18 տարեկան։
Ի դեպ, որդիներից ավագը՝ 21-ամյա Սամվելը, հաշմանդամություն ունի, սակայն ծնողներն ամեն ինչ անում են նրա ներառման համար, տղան երկար ժամանակ հաճախել է «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն, որը զգալի դերակատարություն է ունեցել նրա կրթման ու ներառման հարցում։
Այս դժվարությունները ևս չեն խանգարում Խաչատրյաններին հայ ազգը բազմացնելու։
«Եթե Աստված նորից կամեցավ, էլի զավակներ կունենամ»,-ասում է բազմազավակ մայրը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































