Լրահոս
Օրվա լրահոսը

Պիեր Ֆոշարի՝ ծուռ ատամներն ուղղելուց մինչեւ մերօրյա բրեկետներ

Հոկտեմբեր 10,2022 13:30 Share

Ասում են՝ ժպիտը ամենաէժան միջոցն է արտաքինը գեղեցկացնելու համար, ու գրավիչ ժպիտ ունենալու համար շատերն են պայքարում։ Դեռ փոքր տարիքից շատ երեխաների մոտ ատամները սկսվում են ծռվել, իսկ ավելի մեծ տարիքում դա դառնում է կոմպլեքսավորվելու եւ ժպտալուց խուսափելու պատճառ։

Հայկուհի Պապոյանը վերջերս է հանել իր բրեկետները եւ ընդհանուր առմամբ գոհ է արդյունքից. «Ատամներս ուղիղ չէին, ինչի պատճառով ամաչում էի ծիծաղելուց կամ խոսելուց։ Սկսեցի կրել բրեկետներ։ Սկզբնական շրջանը բարդ էր, մանավանդ՝ առաջին շաբաթը։ Արդյունքը գոհացնող է, ատամներս ամբողջովին ուղղվել են, բայց նաեւ թուլացել են, ուտելիքը կծելուց ցավում են»։

Դուխիկ Կյուրեղյանը, ով 2 տարի առաջ է հեռացրել բրեկետները, նույնպես չի դժգոհում արդյունքից. «Բրեկետներն օգտագործել եմ եւ գոհ եմ։ Ատամներս ուղղվել էին, սակայն մի փոքր ծռվել են հանելուց հետո։ Բրեկետներ կրելու ընթացքը դժվար էր, որովհետեւ ցավում էին ատամներս, շատ բաներ չէր կարելի ուտել կամ խմել, մյուս կողմից՝ դրանք գեղեցիկ չէին նայվում բերանս բացելիս։ Այդ շրջանն անցավ ու ատամներս ուղղվեցին»։

Զինա Հարությունյանը ընդամենը 7 ամիս է կրել բրեկետներ՝ արդյունքում ունենալով ուղիղ ատամներ եւ գեղեցիկ ժպիտ։
«Բնականաբար, բրեկետներ դնելու սկզբում շատ անհարմար էր, հետո պետք էր անընդհատ հաց ուտելուց հետո ատամները մաքրել, չոր բաներ չէիր կարող ուտել։ Երբեմն նույնիսկ անհարմար էի զգում ծիծաղելիս։ Բայց քանի որ իմ ատամները այդքան էլ ծռված չէին, ուստի ցավը ինձ մոտ բացակայում էր։ Ընթացքը շատ հեշտ էր, արագ, իսկ արդյունքը՝ գոհացնող»։

Բրեկետների պատճառով դպրոցական տարիքի երեխաները շատ են կոմպլեքսավորվում, նաեւ ենթարկվում են ծաղրի։ Մեր օրերում ստեղծվել են ատամներն ուղղող այնպիսի սարքեր, որոնք թափանցիկ են եւ նաեւ նորաձեւ։ Դրանք ստեղծված են կոմպլեքսներից խուսափելու համար։ Բրեկետների տված արդյունքը միշտ չէ, որ գոհացուցիչ է։ Ֆենյա Պապոյանը 3 տարի առաջ է բրեկետներ կրել, սակայն լավ արդյունք չի ունեցել դրանց օգտագործումը։ «Բրեկետներ կրելու սկզբնական շրջանում ակնկալիքներս շատ մեծ էին, սակայն ընթացքում ատամներս շատ էին ցավում, չէի կարողանում նորմալ հաց ուտել։ Վերջնական փուլում ատամներս հիմնականում ուղղվեցին, բայց հետո էլի ծռվեցին, ու սպասելիքներս չարդարացան»,-ասում է նա։

Ատամնաբույժ Հովսեփ Գորգորյանի խոսքով՝ որակյալ բրեկետներն անողջովին ուղղում են ատամները, իսկ հետոն արդեն կախված է օգտագործողից. «Ատամներն ուղղելու ամենալավ միջոցը բրեկետներն են։ Կան մետաղական, պլաստմասսե, կերամիկական եւ այլ տեսակի բրեկետներ։ Բերեկտները հանելուց հետո կարող են առաջանալ ատամների թուլություն, ցավ։ Այդ դեպքում հանելուց հետո 2 ամիս պետք է դնել հատուկ պլաստմասսե ապարատ, որը կամրացնի ատամները, հակառակ դեպքում ատամները շատ շուտ կարող են նորից ծռվել։ Բրեկետներ կրելուց հետո ատամների մոտ ծռվածությունը կարող է առաջանալ նաեւ այն դեպքում, երբ ծլում է իմաստության ատամը։ Այսինքն՝ մեղքը միայն բրեկետների ոչ արդյունավետության վրա գցելը սխալ է»։

Բրեկետներն ամեն դեպքում ուղղում են ծռված ատամները, բայց հետո նորից նույն խնդրի առաջ կանգնելու համար ատամնաբույժի խորհրդով սկզբնական փուլում պետք է խուսափել չոր բաներ ուտելուց եւ ատամները լավ խնամել։

Հավելենք նաեւ, որ առաջին անգամ 1776 թվականին ֆրանսիացի վիրաբույժ Պիեր Ֆոշարը փորձեց մետաղական բրեկետների միջոցով ուղղել ծուռ ատամները։ Այդ օրվանից ծուռ ատամներն ուղղելու համար սկսեցին կիրառել բրեկետներ։ Առաջին բրեկետներն իրենց տեսքով եւ արդյունավետությամբ շատ են տարբերվում մեր օրերում կիրառվող բրեկետներից։ Ժամանակի ընթացքում բրեկետները կատարելագործվեցին, իսկ ներկայումս դրանք նույնիսկ դարձել են նորաձեւ։ Բրեկետներ կրելիս անհրաժեշտ է պահել մի շարք կանոններ. հաց ուտելուց հետո անպայման լվանալ ատամները, չոր բաներ չուտել, ուտելիքը մանրացնել, նոր ուտել եւ այլն։ Գեղեցիկ ժպիտ եւ ուղիղ ատամներ ունենալու համար շատերն են դիմում բրեկետների օգնությանը։

Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31