Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կտրուկ մերժել է Գարո Փայլանին

Նոյեմբեր 01,2022 20:45 Share

Համահայկական գագաթաժողովին մասնակցության նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Գարո Փայլանն, ինչպես հայտնի է, տարբեր հանդիպումներ էր ունեցել Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարների հետ:

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Գարո Փայլանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից: Մասնավորաբար, Գարո Փայլանը փորձել է առաջ մղել ազգային միասնության թեզը՝ շեշտը դնելով՝ «Նիկոլ Փաշինյանին օգնենք» տարբերակի վրա: Սերժ Սարգսյանը կտրուկ հակադարձել է Գարո Փայլանին՝ ասելով՝ «ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ»:

Սերժ Սարգսյանը նաեւ հավելել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը՝ Հայաստանի եւ Արցախի «գործերը վատանալու են», հայկական երկու պետությունների առջեւ որեւէ հեռանկար չի բացվելու, ուստի, համախմբվել մի մարդու շուրջ՝ ում պատճառով ստեղծվել է այս իրավիճակը, որից ելքերը դառնում են օրհասական, պարզապես բացառված է:

Թուրքական խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյան-Գարո Փայլան զրույցի մի մեծ մասն էլ նվիրված է եղել «խաղաղության համաձայնագրին»:

Սերժ Սարգսյանը հստակեցրել է իր մոտեցումները նաեւ այս հարցում՝ ասելով, որ համաշխարհային պատմության մեջ հայտնի չէ դեպք, երբ խաղաղություն են կնքում խաղաղություն խնդրողի հետ. այդ դեպքում կնքվում է կապիտուլյացիա. «Խաղաղություն կնքում են ուժեղի հետ, հետեւաբար, խաղաղության այս թեզերը կեղծ են եւ որեւէ իրական քաղաքական ու աշխարհաքաղաքական հիմքեր չունեն»:

Aravot.am-ն այս ամենի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ Սերժ Սարգսյանի գրասենյակից եւ ՀՀԿ-ից: Թե առաջին, թե երկրորդ կառույցներում ոչ հաստատեցին, ոչ հերքեցին այս տեղեկությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mika says:

    Սերժը չէ՞ր որ հանձնեց իշխանությունը Նիկոլին։ Ինչի մասին է նա հիմա խոսում….

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Ոնց? հասկանանք, որ Սերժը ուժ էր կիրառում և հեշտությամբ ճնշում ոչ քաղաքական բնույթի “Էլեկտրիկ Երևան” և “Վճարում ենք 100 դրամ” շարժումները, իսկ երբ հերթը հասավ իրեն գահընկեց անելու “թավշյա հեղափոխությանը” կոչվածին, թողեց ընդվզումները զարգանան, չճնշեց դրանք և ՀՀԿ-ի պատգամավորների մի մասին էլ հանձնարարելով քվեարկել Նիկոլի օգտին, հեշտ ու հանգիստ իշխանությունը նրան զիջեց։ Ամբողջ բեմադրությունը Սերժը սարքեց, նա գիտեր, որ Արցախը չի կարողանալու պահի ու գլուխն ազատեց, գնաց։

Պատասխանել