Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սուրբ Էջմիածինն ու մարտական ընկերներդ հավաստեցին իրենց հարգանքն ու խոնարհումը

Ապրիլ 27,2023 12:30

Հիշատակի խոսք Վարդան Դեւրիկյանի մասին

Հավատավոր, օրինապահ մարդ էիր, բայց խախտեցիր սահմանված կարգը. տարիքով մեծս գրում եմ քո մասին։ Գրում եմ սրտի ցավով, կատարվածին մի տեսակ չհավատալով ու դժվարանում եմ տարբերակել կարեւորն անկարեւորից։

Ինչեւէ։

Շաբաթներ շարունակ ապրեցինք ցավդ՝ վայրկյան անգամ չկասկածելով, որ ոտքի կկանգնես, կանցնես հետդարձի ճամփան։ Օրեր անց աղջիկները դժգոհեցին՝ բժիշկներն արգելում են ինքնաթիռ նստել։ Նայեցի նրանց խամրած աչքերին ու հանկարծ գտա ելքը՝ գնացքո՜վ կգաս։ Քեզ կրկին հանդիպելու Հույսը թեւածեց սենյակով մեկ, դարձավ շոշափելի …

Քո աշխատասենյակում գիտաժողով է …

Ներս մտա դատարկության զգացողությամբ. նախորդ եւ այդ օրը տանը խնկարկելիս ածուխը շատ դժվար էր վառվել, տրամադրությունս աշխատանքային չէր։ Հետո սթափվեցի, նայեցի շուրջ բոլորս, բարեւեցի ու փորձեցի հանգստանալ։ Միշտ զայրացել եմ մտավորական կոչվող մարդկանց շատախոսությունից, որն առաջին հերթին ինքնահարգանքի, հետո դիմացինի նկատմամբ հարգանքի բացակայության նշան է։ Բայց այս անգամ չեմ զայրանում. հասկացա՝ խուսափում եմ ամբիոնին մոտենալու հարկադրանքից։

Ինչպես միշտ, այս նիստում էլ վերջին խոսողն եմ։ Ամբիոնը քո աշխատասեղանի կողքին է։ Մտքով գիտեմ՝ հիմա քո աթոռին մեկ ուրիշն է նստած, այդ կողմ չեմ նայում, տարօրինակ է, չեմ էլ լսում։ Սրանով ապահովում եմ ինքնախաբկանքի ապրելու իրավունքը. դու նստած ես քո տեղում, լսում ես ու ժպտում, իսկ երբ վաղը, մյուս օրը հանդիպենք, ինչ-որ կարեւոր բան կասես, հարցեր կտաս։ Դու իմ աշխատանքային միակ ընկերն ես, որի հետ ժամանակ առ ժամանակ շատ կարճ քննարկում եմ տարիներ շարունակ ինձ իսկապես անհանգստացնող, կյանքս դժոխքի փոխակերպող իրավիճակը։ Նորից կզարմանաս, որ այդ ամենի մասին խոսում եմ հումորով, հույսով ու մի տեսակ անտարբեր՝ առանց ատելության։ Նորից կառաջարկես օգնությունդ ու կխոսենք մասնագիտական հարցերից…

Սովորաբար կարճ ենք զրուցում. շաբաթը 2-3 անգամ հանդիպելու հնարավորություն ունենք … ավելի ճիշտ՝ ունեինք։

Հետո եղավ ողբերգությունը։

Հետո եղավ ամենաողբերգականը՝ մարդիկ սկսեցին դրսեւորել իրենց իսկական դեմքը՝ միմյանց, նվիրաբերելով թափուր մնացած աթոռը…

***

Մեր ծանոթության ու ընկերության տասնամյակների ընթացքում հայտնվել ենք ամենատարբեր իրավիճակներում, անգամ՝ հակառակ ճակատներում, բայց չենք կորցրել փոխադարձ հարգանքը, միմյանց լսելու եւ օգնելու պատրաստակամությունը։

Երբեք չեմ մոռանա, թե ինչպե՛ս էիր խանդավառվում իմ հրատարակած հատորներով, ի՛նչ սիրուն խոսեցիր Արամ Հայկազի երկու հատորների ու Գեւորգ Պետիկյանի գրքի շնորհանդեսների ժամանակ։ Այս գիրքը կարդացել էիր մի գիշերում, որովհետեւ ոգեւորվեցիր նրա մասին իմ խոսքով, չուզեցիր մերժել հեղինակի ու իմ հրավերը։ Ազգային գրադարանում աղջիկներն այսօր էլ խոսեցին այդ հանդիպման մասին. ես նույն սրահում գիրք պիտի կարդայի… Պիտի կարդայի, եթե ոգեշունչ զրույցի ժամանակ հանկարծ չհիշեին, թե ի՛նչ գնով ես փրկել գրադարանի մատենագիտական բաժինը վայ-տնօրենի ամենաքանդ ձեռքից …

Ահա այսպես հերթով անցնում ենք՝ թողնելով լավ ու վատ գործեր, բարի ու չար հիշատակներ … Մեր մասնագիտական դաշտում լավի չափանիշը գիրքն է, հոդվածը, ելույթը։ Առաջ մտածում էի՝ շատ լավ մասնագիտություն եմ ընտրել։ Հիմա կասկածում եմ. չափուչափանիշ կորցրած մեր իրականության մեջ գիրքը վաղուց լավի չափանիշ չէ …

Մեր վերջին զրույցը Զարեհ Սրբազան Ազնավորյանի «Սերտողություն Հայտնության» գրքի մասին էր։ Ուրախությամբ արձանագրեցիր, որ հոգեւոր ու գիտական հետաքրքրություններս կարողանում եմ համադրել «ու իմ» «Դու ինձնից երիտասարդ ես, դեռ կհասցնես լրացնել բաց թողածդ» նախադասությանն արձագանքեցիր կիսաձայն մրմունջով՝ կհասցնե՞մ … Ականջիս մեջ որոտաց ձայնդ, բայց տեղ էիր շտապում (ինչպես միշտ …)։

Հասցրի՜ր։ Զարմանալի զուգադիպությամբ՝ հասցրիր եւ կռվի դաշտում, եւ հոգեւոր ոլորտում, եւ գիտության մեջ։ Սուրբ Էջմիածինն ու մարտական ընկերներդ հավաստեցին իրենց հարգանքն ու խոնարհումը։ Մնացինք մենք …

Մի կարճ կյանքի համար զարմանալի կենսագրություն ունես։ Այո՜ «ունես», որովհետեւ Երկրի տեր ես ու ծառա, զինվոր ու գիտնական։

Հիմա ապրողներիս անհասանելի ոլորտներում ես, բայց ես՝ հասուն տարիքում կլինիկական մահ ապրածս, մի կարճ պահ վայելել եմ այդ հոգեւոր արքայության կախարդանքը, գիտեմ՝ Աստծո ծով բարության դաշտում ես՝ աներեւակայելի ջերմության, աննման լույսի ու երկրի վրա նմանը չունեցող գույների աշխարհում …

Թող հողը թեթեւ լինի շիրիմիդ վրա, իսկ դու քո մի քանի տասնյակ գրքերն ու անհաշիվ հոդվածները կարդացող ամեն նոր ընթերցողի հետ կվայելես մոռացված չլինելու բացառիկ երջանկությունը։

Մահկանացուի համար սահմանված անսահմանի եզրն այդ է:

Մարգարիտա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930